Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից երեկ մեկնաբանություններ էին հնչում, որ նախորդ Սահմանադրության հետ համեմատած՝ նոր Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված իրավունքներն աննախադեպ են։ Ըստ այդմ՝ պառլամենտական փոքրամասնությունը հնարավորություն է ստանում հասարակությանը հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ ստեղծել քննիչ հանձնաժողով, եթե առկա է պատգամավորների թվի մեկ քառորդի համաձայնությունը։ Հանձնաժողովը ստանում է լայն լիազորություն՝ հետաքրքրող հարցերի վերաբերյալ փաստերը պարզելու համար։
Ըստ նոր Սահմանադրությամբ ամրագրված նորմերի՝ Վերահսկիչ պալատի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահներն անցնելու են երեք հինգերորդի մեծամասնությամբ, սա նույնպես ներկայացվում է ընդդիմությանը տված շանսերի ցանկից, համարելով, որ ավելի ռեալ է դառնում նաեւ ընդդիմադիր թեկնածուների ընտրությունը։
Նախագծում արդեն կա այն դրույթը, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկն առնվազն պետք է լինի պառլամենտական փոքրամասնությունից։
Մինչդեռ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը ընդդիմությանը վերապահված «իրավունքների» առիթով հակադարձում է, որ այդ ամենը տեսություն է. «Իսկ գործնականում Հայաստանում բոլորովին այլ բան է ցույց տալիս։ Հայաստանում չի կարող գործել մի համակարգ, որը գործում է բազմաթիվ այլ երկրներում, որտեղ 200 տարի է՝ դեմոկրատական սկզբունքներ են գործում, կայացած կուսակցությունների եւ բազում խնդիրներ կան։ Նման կուսակցական համակարգի եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների պարագայում պառլամենտական համակարգին անցնելն ինքնին վտանգավոր է եւ հարված է հասցնելու Հայաստանի ինքնիշխանությանը»։
Կարդացեք նաև
Իսկ Սահմանադրության մասին ասում է, որ այդպիսի «ախմախ» տեքստ դեռ չէր տեսել. «Այսպիսի խուճուճ բան միայն Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը կարող էին հորինել»։ Նա վկայակոչում է երկփուլ ընտրական համակարգի հոդվածը եւ հարց հնչեցնում. «Ինչու՞ երկընտրանի համակարգ, այսինքն՝ գնում են պայմանավորվեն, թե քեզ նշանակում ենք ընդդիմություն, դու գալիս ես մեզ հետ, երկրորդը կդառնաս, հետո կոալիցիա կկազմենք, մի հատ մեկին էլ կբերենք, էն, որ խիարը թարս է բուսնում, կդնենք այնտեղ, յոթը տարի կասենք դու ես, ինչ դեմ կտանք՝ կստորագրի ու հետո կգնա կքնի։ Այսինքն՝ այդ պարագայում իշխանությունն ամեն անգամ մի կուսակցություն է առնելու»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում