Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼՈՐԴ ՀԱՏՎԱԾՆԵՐ

Հուլիս 17,2015 10:37

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ հիսունյոթերորդ

ԱՎԵԼՈՐԴ ՀԱՏՎԱԾՆԵՐ

Ես չեմ կարող լուրջ չվերաբերվել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ կարդում է էս անծայրածիր վեպս, ընդ որում՝ Րաֆֆին մի քանի անգամ է էդ մասին նշել, եւ չնայած դժվար է հավատալ, որ որեւէ մեկն ի վիճակի է կարդալ էս անծայրածիրը, եւ չնայած Րաֆֆիի պես բազմազբաղ անձնավորության դեպքում դա առավել անհավատալի է, այդուհանդերձ, ես հակված եմ հավատալ իր ասածին՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե՝ մասամբ. այսինքն, ես հավատում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էս վեպիցս մի քանի գլուխ կարդացած լինի՝ մանավանդ էն գլուխները, որոնց մեջ իրեն էլ եմ անդրադարձել, եւ հատկապես ու առանձնապես  էսօր եմ հակված դրան հավատալ, որովհետեւ էսօր Կոմիտասի պանթեոնում իր կնոջը՝ Արմինեին տեսա, եւ Արմինեն էլ ասաց, որ ինքն ու Րաֆֆին մշտապես կարդում են էս վեպս, եւ եթե նույնիսկ Արմինեն ու Րաֆֆին զուտ քաղաքավարությունից դրդված են ասում թե՝ կարդում են էս վեպս, ինձ համար էդ էլ է մեծ բան՝ մանավանդ Րաֆֆիի առումով, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքավարությունից դրդված՝  Հայաստանի այլ քաղաքացիներին ընդամենը ժպտում ու ձեռքով բարեւում է, մինչդեռ  նվաստիս ոչ միայն ժպտում ու ձեռքով բարեւում է, այլեւ ասում է թե՝ էս անվերջանալի վիպասանությունս էլ է կարդում, եւ ես մանավանդ էսօր եմ հակված իր էդ ասածին հավատալ՝ ոչ միայն էն պատճառով, որ էսօր Կոմիտասի պանթեոնում տիկին Արմինեն էլ Րաֆֆիի էդ ասածը հաստատեց, այլեւ էն պատճառով, որ, իրենցից բացի, էս անվերջանալի գրությունս այլ կարդացողներ էլ են եղել, եւ կարդացողներից ամենանշանավորներից մեկն, իհարկե, գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն էր, եւ իր մասին արդեն անցյալ ժամանակով եմ խոսում, որովհետեւ էսօր Կոմիտասի պանթեոնում վերջին հրաժեշտը տվինք վարպետ Հակոբին, եւ չնայած Րաֆֆին հացադուլի մեջ է, տիկին Արմինեն էլ էր էդ վերջին հրաժեշտին մասնակցում՝ եւս մեկ անգամ ապացուցելով իրենց ընտանիքի մարդասիրությունն ու արվեստասիրությունը, եւ երբ Վարպետ Հակոբի թաղման արարողության ժամանակ տիկին Արմինեին ասացի, որ Րաֆֆին շատ ճիշտ կանի՝ եթե հացադուլը դադարեցնի, տիկին Արմինեն մի քիչ մտածեց եւ իրենց ընտանիքին հատուկ բարի ժպիտով ասաց՝ «գրածներդ կարդում ենք», եւ ես չգիտեի ինչ ասեմ եւ իրենց հատուկ ժպիտով ժպտացի ու ոչինչ չասացի, եւ էդ պահին արդեն Վարպետ Հակոբի շիրմաթումբը բահերով տեսքի էին բերում, եւ ծաղիկներն ու պսակները դարսում էին  շիրմաթմբին, եւ հենց էդ պահին հիշեցի, որ Վարպետ Հակոբն էլ էր էս գրածներս անխտիր կարդում, եւ, իհարկե, էդ մասին տիկին Արմինեին չասացի, եւ եթե ասեի էլ, դժվար թե հավատար, եւ չնայած էդ մասին նախկինում էլ եմ գլուխս գովելով գրել, քչերն են հավատում, որ Վարպետ Հակոբ Հակոբյանն էս վեպս մշտապես կարդում էր, ավելի ճիշտ՝ սրանից տարիուկես առաջ էր կարդում, երբ էս անվերջանալին դեռեւս «Առավոտ» թերթի էջերում էր տպվում, եւ տարիուկես առաջ, երբ էս  վեպս թերթի էջերից տեղափոխվեց «Առավոտի» կայք, ոչ միայն վարպետ Հակոբ Հակոբյանը, այլեւ կինոգետ Հասմիկյանը, հորաքույրս ու էլի շատերը դադարեցին կարդալ էս, ուրեմն, անվերջանալին ու անիմանալին, եւ հավանաբար Սարինյանն ու հին սերնդի մյուսներն էլ էս վեպս այլեւս չեն կարդում, եւ, ըստ ամենայնի, հին սերնդից միայն մաթեմատիկոս եւ կրթության նախկին նախարար Ղազարյան Հայկն է էս անվերջանալին համակարգչի ու «Առավոտի» կայքի մեջ կարդում, եւ Ղազարյան Հայկը երեւի միակն է, որ թերթով տպվելու ժամանակ էլ էր էս անվերջանալին համակարգչով ու «Առավոտի» ինտերնետային կայքի մեջ կարդում, ընդ որում՝ Ղազարյան Հայկը ոչ միայն կարդում է, այլեւ պարբերաբար դիտողություններ է անում, ընդ որում՝ չափազանց ճիշտ եւ չափազանց օգտակար դիտողություններ է անում, եւ երբ իր էդ սրտացավ ու օգտակար դիտողություններն ականջի պոչով լսում ու չեմ հակաճառում, ինքը նեղսրտում է, որ իր էդ կարեւորագույն ու ճշգրիտ դիտողություններն ընդամենը ականջի պոչով եմ լսում, որովհետեւ Ղազարյան Հայկը շատ  է ուզում էս վեպս բացարձակ անթերի ու կատարյալ տեսնել, եւ իր էդ բարի ցանկությունն ինձ համար հասկանալի է, եւ չնայած Ղազարյան Հայկը տաղանդավոր մաթեմատիկոս ու գիտնական լինելով՝ գրականություն ու արվեստ էլ է շատ սիրում ու հասկանում, այդուհանդերձ, էս վեպիս  հետ կապված՝ ինքը մի շատ հասարակ բան չի հասկանում. չի հասկանում, որ տասնյակ հատորներից բաղկացած վեպը չի կարող անթերի ու կատարյալ լինել, եւ երբ իրեն էդ մասին ասում եմ, զարմացած հարցնում է՝ «բայց կարելի ա չէ՞ որոշ ավելորդ հատվածներ կրճատել», եւ երբ էդ ասաց, ես ժպտալով հարցրի՝ «բայց ո՞նց իմանամ՝ որոնք են էդ ավելորդները», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես կասեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «քո կարդալուց հետո որ կրճատեմ, արդեն ուշ կլինի», եւ Հայկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ պիտի ուշ լինի», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ դու որ վեպս «Առավոտի» սայթում կարդում ես, ուրիշներն արդեն էդ նույնը կարդացած են լինում»,

եւ Հայկը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «փաստորեն, մեր կյանքն ես գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մեր կյանքը չեմ կարա կրճատեմ», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեր կյանքի ավելորդ  հատվածները որ կրճատենք, տակը բան չի մնա», եւ ես ժպտալով Հայկին ասացի՝ «գոնե դու  չպիտի էդպես ասես», եւ Հայկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չեմ կարծում, որ քո կյանքում ավելորդ հատվածներն էդքան շատ են», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մոռանում ես, որ նախարար եմ աշխատել» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «երեւի իմ կյանքի ամենաավելորդ հատվածն էդ էր», եւ ես մի քիչ  մտածեցի ու ժպտալով ասացի՝ «կյանքիդ էդ ավելորդ հատվածը լավ կրճատեցիր», եւ Հայկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց կրճատեցի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հրաժարական տվիր»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Հարգելի պարոն Շեկոյան. Ձեր վեպը շատերն են կարդում, համենայնդեպս նախկին երևանցիները հաստատ կարդում են. այն 70,80,90-ականնների կյանքն է, մեր բոլորի կյանքը. Ձեր հերոսնրից շատերին ճանաչում եմ, շատերին չեմ ճանաչում, բայց միևնույնն է, շատ հետաքրքիր է,շնորհակալություն և երկար գրական կյանք Ձեր վեպին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031