Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ կուսակցական գործիչները «քցեցին» «Ոչ թալանին»-ին

Հուլիս 17,2015 14:00

Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ իրենք Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահանջի մասին հայտարարություն չեն արել:

– Երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման մասնակիցների մի մասը հեռացավ Ազատության հրապարակ, մյուսները շարունակեցին մնալ Բաղրամյան պողոտայում, առավել ինտենսիվ դարձան խոսակցությունները` շարժումը Բաղրամյան 26-ից ուղղորդվելու, իշխանական համակարգից ինչ-որ մարդկանց` ակտիվիստների շարքերը սողոսկելու եւ համանման բաների մասին: Մի քիչ մանրամասնեք, խնդրում եմ, ի՞նչ կապ ունեք Բաղրամյան 26-ի հետ, ովքե՞ր էին սողոսկում ձեր շարքերը եւ ինչո՞ւ:

– Երանի ես իմանայի` ովքեր են եւ ինչ նպատակ ունեն: Այս պահին ես կարող եմ միայն ենթադրել, իսկ ենթադրությունը սուբյեկտիվ մոտեցում է ու սխալ է, որ ես դա բարձրաձայնեմ: Այն, որ փաստացի կար սողոսկել, տակից ինչ-որ բաներ քանդել… ես չգիտեմ, միգուցե դա այն ամբիցիաներն էին, որ մարդիկ չէին կարող տեսնել, երբ սովորական մարդը, որը դպրոցում է աշխատում կամ ծրագրավորող է, ելել ինչ-որ հարց է բարձրացրել, ու շատ մարդիկ լսում են դա, հասկանում են այդ խնդիրը… իրենք վաստակով քաղաքական գործիչներ են, բայց մարդիկ չեն լսում իրենց: Միգուցե այս ամենն էր պատճառը: Սա իմ սուբյեկտիվ մոտեցումն է:

Պատճառը պիտի գտնենք` որտեղի՞ց եղավ ուղղորդումը: Մարդիկ ասում են` գիտենք՝ ովքե՞ր ու ինչպե՞ս սողոսկեցին. թող բարձրաձայն ասեն` մենք էլ իմանանք ու հասկանանք, թե ինչո՞ւ այսպես եղավ: Վերջապես գտնենք հարցի պատասխանը` իսկ որտե՞ղ էր իմ բացը: Ես դեռ չեմ գտնում իմ բացն այնքանով, որքանով որ ես վստահել եմ մարդկանց՝ սեփական պրիզմայով անցկացնելուց: Շատ քաղաքական կուսակցությունների կողմից աջակցություն ստացվել է. վստահել եմ այնպես, քանի որ այդ օրն իրենք էլ ինձ հետ ելել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելու, վստահել եմ՝ որպես ինձ հետ հավասար գետնին նստող մարդու: Բայց երկու օր հետո ես հասկացել եմ, որ այն, ինչը մենք միասին քննարկել ենք, այդ մարդն ուղղում է իմ դեմ:
– Ո՞ր կուսակցությունների ներկայացուցիչների հետ եք հանդիպել, ովքե՞ր էին այն մարդիկ, որոնց հետ պայմանավորվածություններ էիք ձեռք բերել, ու նրանք չկատարեցին դա կամ փորձում են ձեր դեմ ուղղել, կամ սեփական նպատակներին ծառայեցնել: Անուններ կհնչեցնե՞ք:

– Բոլոր կուսակցությունների, այդ թվում նաեւ՝ խորհրդարանական: Մեզ շատ մեծ աջակցություն են ցուցաբերել ՀԱԿ-ի երիտասարդները, ովքեր առանց ամբիցիաների, անգամ առանց մեր տեղյակ լինելու, դուրս են եկել ու իրազեկումներ են կատարել: Մենք գնացել տեսել ենք` մեր կողմից պատրաստված թռուցիկները բաժանված: Հետո իմանում ենք, որ ՀԱԿ-ի երիտասարդները կայքից տպել են, բաժանել են ու չեն էլ բարձրաձայնել: Այ սա է համագործակցությունը: Ոչ թե` ես անում եմ, որ… Ես անում եմ` հանուն էլեկտրաէներգիայի չթանկացման, իսկ թե դու ինչի՞ համար ես անում, քո խնդիրն է:

– «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամները «Ոչ թալանին»-ին մեղադրում են սեփական խոստումը չկատարելու եւ Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հրաժարականը չպահանջելու մեջ:

– Չի եղել նման բան: Ամսի 19-ին Ազատության հրապարակում մենք նման հայտարարություն չենք արել: Ամեն ինչ տեսագրված է, ձայնագրված է, հրապարակային է եղել: Եթե դու եկել ես դա լսելու, հարգելիս, մեկ օր առաջ հարցնեիր` ես կասեի, որ չի լինելու դա, մի արի: Այսինքն՝ ազնվության դաշտ պիտի մտնենք, պիտի մարդկանց հետ գրագետ բանակցել սովորենք: Ես կարծում եմ, որ մեր քաղաքական գործիչներին նաեւ սա է պակասում:

– Նախորդ օրվա ակցիայով «Ոչ թալանին»-ը կարծես նոր հայտ ներկայացրեց փողոցը կամ հարթակը վերագրավելու: Կա՞ն որոշակի ծրագրեր, օրակարգ, մանավանդ, որ դեռ կարծես հասկանալի էլ չէ, թե օգոստոսի 1-ից ինչ է լինելու:

– Նամակներ ենք ուղարկել կառավարություն, Երվանդ Զախարյանին եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` պարզելու փոքր ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի քանակը, ծախսերը, արտադրած էներգիայի չափը, ի՞նչ գնով են վաճառում եւ այլն: Չգիտես ինչու, 18 դրամից մեկ ամսվա ընթացքում 23 դրամով են սկսում էլեկտրաէներգիա վաճառել. ի՞նչ հիմքով, ինչպե՞ս, որտե՞ղ եղավ այդ քննարկումը: Այս հարցերի պատասխանները չկան, ու ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դատական գործ է հարուցում կամ տուգանք է դնում ինչ-որ մի կազմակերպության վրա այն դեպքում, երբ ապօրինությունը գալիս է իրենից: Այդ տեղեկությունները պարզելուց հետո նոր քայլեր կանենք: Նամակներն ուղարկված են, հետեւում ենք մեր նամակների ընթացքին` որ սենյակից որտեղ մտան, քննարկումներն ինչ արդյունք տվեցին: Ու բնականաբար, երբ գա օգոստոսի 1-ն ու պատասխանը չլինի, իրենք իրենց պատասխանը կստանան ժողովրդի կողմից:

Այս պահին չեմ կարող ասել` ինչ կանենք: Արտահայտություն կա` ջրին ինչքան խփես` կթռնի երեսիդ: Իրենք հիմա խփում են, մենք էլ շարունակելու ենք թռնել, մինչեւ հասկանան, որ ավելի լավ է ջրին հանգիստ թողնել: Ամեն ինչ կախված է իրենց անօրինականությունների չափից:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031