Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մի քիչ ճկուն լինենք, Հունաստանի ճգնաժամից կշահենք

Հուլիս 17,2015 13:30

Հունաստանի ճգնաժամից Հայաստանը մի բան էլ կարող է շահել: Այս համոզմանն է «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Մակարյանը կարծիք հայտնեց, որ Հունաստանում արդեն քանի տարի ձգվող տնտեսական ճգնաժամը իր բացասական հետեւանքը չի թողնում մեր երկրի վրա, քանի որ այդ երկրից եկող տրանսֆերտների չափն ու առեւտրաշրջանառությունը երկու երկրների միջեւ մեծ չէ, ինչը չես ասի Ռուսաստանի պարագայում: Գագիկ Մակարյանի խոսքերով՝ արդեն մի քանի տարի է, ինչ Հունաստանում վիճակը գնում է վատթարացման, սակայն էական ազդեցություն մեր երկրի վրա չի նկատվում. «Ռուսաստանում երբ վիճակը կտրուկ վատացավ, մենք շատ արագ մեր կաշվի վրա զգացինք, որովհետեւ Ռուսաստանի հետ մենք փոխկապակցված ենք որպես առեւտրային գործընկեր պետություն, բացի այդ, տրանսֆերտների զգալի մասը Ռուսաստանից է գալիս: Հունաստանի դեպքում արդեն քանի տարի է՝ այնտեղ վատթարացում է գնում, բայց մենք ոչ մի հարցում տարբերություն չենք զգում»:

Մեր այն դիտարկմանը, թե Հունաստանի ճգնաժամը ստիպել է, որպեսզի մեր հայրենակիցներից ոմանք վերադառնան Հայաստան, այսինքն՝ ներգաղթ ենք ունեցել, ինչն այսօրվա միգրացիայի պայմաններում մեր երկրի համար կարեւոր է, Գագիկ Մակարյանն ասաց, որ ճիշտ է, մեր հայրենակիցների վերադարձով ուրախացել ենք, սակայն այդ մարդկանցից ոմանք, վերադառնալով Հայաստան, ծանր հոգեբանական վիճակում են հայտնվել: Պարոն Մակարյանը եվրոպական մի ծրագրով աշխատում է վերադարձած միգրանտների հետ եւ Գյումրիում հանդիպելով նրանց, որոնք մեր երկրում վերապրոֆիլավորում են անցել, որպեսզի աշխատեն, պարզել է, որ նրանց մեջ կան մարդիկ, որոնք դրսում լուրջ գումարներ են աշխատել, սակայն գալով Հայաստան՝ կանգնել են փաստի առաջ:

Անդրադառնալով Հունաստանի ճգնաժամին եւ այն հարցին, թե հունական տնտեսական ծանր վիճակն ինչպես կանդրադառնա մեր երկրի տնտեսության վրա՝ Գագիկ Մակարյանը նախ ներկայացրեց իրավիճակը՝ ասելով, որ եթե ինքը Եվրամիության տեղը լիներ, «վաղուց Հունաստանին վռնդած կլիներ» այդ միությունից, քանի որ դեռեւս 1998 թվականից, երբ պարոն Մակարյանը որոշ հարցերում համագործակցել է Հունաստանի հետ, նկատել է, որ այս երկիրն իրեն շռայլ ծախսեր է թույլ տալիս. «Հաճախ Եվրամիությունը Հունաստանից չէր վերցնում միությանը վճարելիք անդամավճարը, համաձայնագրերի ներքո Եվրամիությունը հաճախ ասում էր, որ այդ գումարը մի վճարեք եւ այն պահեք ձեր զարգացման համար, եւ Եվրոպան էր նրանց օգնում:

Քիչ աշխատելով՝ Հունաստանը շատ շռայլ ծախսեր էր անում, եւ քանի գնաց այդ ծախսերը մեծացրեցին, դրան գումարած այնտեղ հսկայական կոռուպցիա կար, մեծ գումարներ «խժռեցին», եւ հիմա այդ ամբողջ գումարները մնացել են ժողովրդի եւ բիզնեսի վրա»:
Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Եվրամիությունը վերջապես Հունաստանի մասով ճիշտ ճանապարհ է ընտրել՝ որոշելով հանել այդ երկրին միությունից, եթե նա առողջացման գործընթաց չսկսի ու երկրի կուտակած պարտքը աստիճանաբար չմարի. «Հունաստանը փորձեց շանտաժի ենթարկել Եվրամիությանը, սակայն տեսավ, որ չի ստացվում: Եվրամիությունը երբ ասաց, որ ինքը ծրագիր ունի՝ Հունաստանի դուրս գալու դեպքում ինչպիսի կանխարգելիչ քայլեր կատարի, Հունաստանը սկսեց ռուսներին շողոքորթել, թե՝ մենք գալիս ենք Մաքսային միությանն անդամակցելու, սակայն երբ արձագանք չստացավ, խելոք նստեց տեղը, եւ համաձայնեցին որոշակի բաներ կատարել»:

Մեր զրուցակիցը գտնում է, որ Եվրոպայի գերզարգացած պետությունների համար, մասնավորապես՝ Գերմանիայի, Հունաստանի դուրս գալը ձեռնտու չէ այն պատճառով, որ եվրոյի կուրսը կփոխվի. «Որովհետեւ Գերմանիան այսօր հզոր արտահանող պետություն է, եւ նրա արտահանումները մեծապես կախված են եվրոյի կուրսից, Գերմանիան հսկայական արտահանում է կատարում Հունաստան, եւ որքան Հունաստանի տնտեսության վիճակը վատացավ, այնքան գերմանական ապրանքները նման երկրներում էականորեն կարողացան տեղ գրավել:

Եվրոպայի մեջ էլ կա որոշակի շահերի խնդիր, թե ինչքան կարող են Հունաստանին պահել: Հիմա նորից իրավիճակը կարգավորվեց, Հունաստանը պիտի գնա առողջացման, պետք է հարկերի բեռն ավելացնելով՝ փորձի որոշակի գումարներ կուտակել, որպեսզի պարտքերը վերադարձնի»:

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ հենց այս հանգամանքից էլ կարող է օգտվել Հայաստանը եւ փորձի Հունաստանից ներդրումներ բերել Հայաստան. «Հարկերի բարձրացումը կարող է բերել նրան, որ բիզնեսի մի մասը դուրս գա Հունաստանից: Հնարավոր է՝ Հունաստանի բիզնեսմենները չհամաձայնեն հարկային նոր բեռի տակ աշխատել, ու եթե իսկապես նրանց մոտ Մաքսային միության հետ աշխատելու ցանկություն կա, կարող են Հայաստանում ներդրումներ կատարել եւ բիզնես սկսել եւ Հայաստանից արդեն դուրս գալ Մաքսային միության շուկաներ»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ Հայաստանը կարող է շահել նաեւ տուրիզմի առումով. «Հունաստանի ծովափերին շատ շատերն են հանգստանում, այնտեղ այցելում են նաեւ պատմամշակութային վայրեր: Եթե Հունաստանում հարկային բեռն ավելացվի, գները կբարձրանան, իսկ տուրիզմը գների հանդեպ ամենազգայուն ոլորտներից մեկն է. հյուրանոցների, սպասարկման, ապրանքների գները նույնպես կբարձրանան, եւ նրանք, որոնք ծովափ են նախընտրում, կգնան Վրաստան, Թուրքիա, Իսրայել, իսկ նրանք, որոնք հին մշակույթների հետ են ուզում շփվել, կգան Հայաստան, որովհետեւ Հայաստանն էլ է հին պետություն»:

Գագիկ Մակարյանը կարծում է, որ Հայաստանը պետք է իր անալիտիկ մասն ուժեղացնի եւ ճկունություն դրսեւորի. «Պետք է, օրինակ, մեր երկրի մասին գովազդը շատացնենք կամ Հունաստանի տուրիստական գործակալությունների հետ համագործակցենք, պայմանավորվենք, որ շղթայով իրար հետ աշխատեն, կամ եվրոպական տուրիստական ընկերությունների հետ ուղիղ կապեր զարգացնենք Հայաստան տուրիստներ ուղղորդելու հարցում: Հունաստանին այլընտրանք առաջարկենք մեր երկիրը, եւ ով որ ծով է ուզում՝ թող գնա Թուրքիա, Վրաստան, Իսրայել, իսկ նրանք, որոնք մշակույթ՝ եկեղեցիներ, կրոն, լեզու, տառեր, հայկական բնություն, մրգեր են նախընտրում՝ գան Հայաստան»
Գագիկ Մակարյանն ափսոսանք է հայտնում, որ շատ հաճախ մեր պետական ինստիտուտները կամ մասնավոր կառույցները այնքան դանդաղ են իրենց ճկունությունը դրսեւորում, որ մինչ տեղից շարժվում են, հնարավորությունը ձեռքից բաց են թողնում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    բավականին զվարճացրեց “տնտեսագետը” 😀
    շարունակեք էս ոգով, լավ կլոունադա ա ստացվում 🙂

  2. dyadyur says:

    Նույնիսկ հասարակական կազմակերպության ղեկավարը իրավունք չունի նման անբարոյական հայտարարություն անել:Գուցե գրագիտության ,,ավելցուկն ,, է խանգարում:Գագիկ Մակարան,նախ խոսել սովորի,նոր կարծիքդ մեզ հրամցրու: Իրոք որ,ինչպես միշտ, սատկած էշ ենք ման գալիս,որ նալերը քաշենք, հետո հռհռանք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031