Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պատասխան տալու ժամանակը

Հուլիս 17,2015 12:00

Ուորլիքը նորություն չի ասել. Սերժ Սարգսյանի դիրքորոշումը եւս նույնն է

Հաջորդ շաբաթ ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Հուլիսի 20-ին նախատեսվում է, որ նրանք կլինեն Հայաստանում, հուլիսի 21-ին՝ Ադրբեջանում։ Համանախագահների այցի հիմնական նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստումն է։ Օրերս Մոսկվայում ԼՂ հարցով քննարկումներ անցկացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական «Վեդոմոստի»-ին եւ «Դոժդ»-ին հարցազրույցներ է տվել եւ հայտնել, որ Մոսկվայում չի կարողացել հանդիպել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քանի որ վերջինս գտնվում է Վիեննայում, սակայն հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գեորգի Կարասինի հետ: «Մենք եւս մեկ անգամ հաստատել ենք, որ ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Ֆրանսիան պետք է շարունակեն մասնակցել կարգավորման ուղիների որոնման աշխատանքին, համատեղ մշակեն օրակարգը: Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանն այս տարեվերջին: Բայց որպեսզի հանդիպումը հաջող լինի, մենք պետք է նախապատրաստենք քննարկումը»,- ասել է Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահի հայտարարությունները դարձյալ քննարկումների առիթ են դարձել, քանի որ նա նշել է. «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարեւոր է չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաեւ այլ գործոններ»։ Հարցին, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել, Ուորլիքը պատասխանել է. «Ինչպես դուք գիտեք, ՌԴ-ն երկար տարիներ ակտիվ դեր է խաղում ԼՂ կարգավորման բանակցություններում: Մենք խոսում ենք կոնկրետ սկզբունքների ու կարգավորման տարրերի մասին: Դրանցից շատերը շարադրված են եղել դեռ բանակցությունների ժամանակ, որոնք անցկացրել է այդ ժամանակվա նախագահ Մեդվեդեւը: Խոսքն այն բանի շարունակության մասին է, թե ինչ է արվել այդ ժամանակ: Մենք չենք փորձում հայտնագործել նոր հարցեր ու նոր մոտեցումներ: Մենք փորձում ենք շարունակել քննարկումն այն բանի հիման վրա, թե ինչ է ձեռք բերվել այն ժամանակ: Դա վերաբերում է մի շարք կարեւոր հարցերի: Դրանց թվում են՝ ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձը, ԼՂ-ի կարգավիճակը, փախստականների վիճակը, անվտանգության երաշխիքները: Դրանք այն հարցերն են, որոնք երկար տարիներ դրված են օրակարգում, մենք դա դիտարկում ենք ամբողջության մեջ»,- շեշտել է Ուորլիքը:

Ուորլիքի ուղերձը հստակ է` չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա, եւ «եթե տարածքները վերադարձվեն, ապա անհրաժեշտ կլինի խաղաղապահ ուժեր մտցնել՝ Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար»: Թեեւ Ուորլիքը նշել է, որ այս փուլում խաղաղապահների մասին որեւէ խոսակցություն չկա, նա, այնուամենայնիվ, խոսելով անվտանգության երաշխիքների մասին՝ մատնանշել է ԵԱՀԿ-ի զինվորական փորձագետների հնարավոր դերակատարումը, որոնք կարող են մշակել միջազգային խաղաղապահների տեղակայման հարցերը:

Այստեղ ամերիկացի համանախագահը կարծես փորձել է առաջիկա բանակցություններից առաջ շոշափել Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը` խաղաղապահների տեղակայման հարցում՝ կարծես հասկացնելով, որ «եթե գրավյալ տարածքներ եք ցանկանում, ապա ասացեք, թե ո՞ւմ եք տեսնում խաղաղապահների դերում…»:
Ինչ վերաբերում է Ուորլիքին ուղղված քննադատությանը` «գրավյալ տարածքների վերադարձի» հայտարարության մասով, ապա նախ ուշադրություն պետք է դարձնել «կան նաեւ այլ գործոններ» եւ «համապարփակ կարգավորման» մասին նրա ձեւակերպումներին: Այստեղ խոսքը անվտանգության երաշխիքների մասին է, որոնք ներառում է միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը: Բացի այդ, ամեն առիթով համանախագահներին անարգանքի սյունին գամելուց առաջ քննադատները ի ցույց են դնում իրենց անտեղյակությունը ԼՂ կարգավորման սեղանին առկա Մադրիդյան սկզբունքների մասին: Ուորլիքն իրականում որեւէ նոր բան չի հայտարարել, նրա դիրքորոշումը կիսում են նաեւ մյուս համանախագահող երկրները` Ռուսաստանն ու Ֆրանսիան:

ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ ՌԴ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ են ներկայացրել 2007-ի նոյեմբերին՝ Մադրիդում: Հիմնարար սկզբունքները արտացոլում են փոխզիջում` հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Իսկ որպես Հիմնարար սկզբունքներ՝ միջնորդները սրանք են դիտարկում` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ պետք է տրամադրի, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք պետք է ունենա, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանվածները եւ փախստականները իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք պետք է ունենան եւ անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:

Ուորլիքի հայտարարությունից հանկարծակիի եկածներին հիշեցնենք, որ Մադրիդյան սկզբունքները որպես կարգավորման հիմք ընդունում է պաշտոնական Երեւանը եւ 2007-ից ի վեր բանակցում է Ադրբեջանի հետ հենց այս սկզբունքների շուրջ, իսկ պաշտոնական Բաքուն հետեւողականորեն առիթներ է փնտրում բանակցությունները փակուղում պահելու համար:

Բացի այդ, անցյալ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ալ-Վաթան» թերթին տված հարցազրույցում արել է նույն մեկնաբանությունները, ինչ Ուորլիքը` «Վեդոմոստի»-ի հարցազրույցում: «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական Ստեփանակերտին, ապա նկատենք, որ անցյալ տարի հուլիսին ԼՂՀ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: Սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը նշել էր, որ եթե անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա. «Իհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են: Այն, ինչ մենք լսում ենք՝ լսել ենք թերթերից, լրատվությունից, հայտարարություններից համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից, եւ չեմ գտնում, որ եթե Արցախը բանակցող կողմ լինի, այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի, եւ […] երբ որ վերջում արդեն նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի բնակչությանը, իշխանությանը, որեւէ դրական արձագանք կարող է ստանալ»:

Վաշինգտոնը բացառում է ռազմական գործողությունները

«Հրադադարը, որի մասին կողմերը պայմանավորվել էին, ամբողջությամբ չի պահպանվում: Դա մտավախություն է առաջացնում, սակայն խաղաղ կարգավորման հնարավոր է հասնել»,- նշել է Ուորլիքը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում: Նա բացահայտ ցույց է տվել, թե որքանով է Վաշինգտոնն անհանգստացած ռազմական գործողությունների հնարավոր բռնկման վտանգով: Ուորլիքի խոսքով՝ 2014-ը «շատ վտանգավոր» էր, քանի որ երկու կողմերի զինծառայողների ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են եղել, իսկ 2015-ի հունվարը զոհերի տեսակետից վերջին 20 տարվա առավել վտանգավոր շրջանն էր ԼՂ-ի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար: «Այնպես որ, կան բոլոր մտավախությունները, որ այդ կոնֆլիկտը կարող է ընդլայնվել»,- նկատել է Ուորլիքը՝ հավելելով, որ «ամենաբացասական» պահն այն է, որ կոնֆլիկտը կարող է ցանկացած պահի թեժանալ:

Հարցին, թե ինչպես է Վաշինգտոնը գնահատում Ադրբեջանի՝ Ռուսաստանից ու Իսրայելից զենքի խոշոր խմբաքանակների ձեռքբերումը, Ուորլիքն ասել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն իրավունք ունեն ապահովելու իրենց անվտանգությունը, սակայն, միեւնույն ժամանակ, ռազմականացումն «անհանգստություն է առաջացնում»՝ հատկապես շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքում: Նրա խոսքով՝ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ հիմա հրադադարի ռեժիմը խախտվում է ավելի խոշոր զինատեսակների օգտագործմամբ. «Մեզ դա անհանգստացնում է, անհանգստացնում է նաեւ ռազմական հավասարակշռության հարցը»:

Ալիեւի խրոնիկ գանգատները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դարձյալ դժգոհ է՝ բոլորից եւ ամեն առիթով: 2015-ի առաջին կեսին սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու առաջիկա անելիքներին նվիրված կառավարության նիստում, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին` նկատելով, որ այդ հարցում որեւէ առաջընթաց չկա, ինչի համար նա մեղադրել է Հայաստանին ու հերթական անգամ հավաստիացրել, որ Բաքուն շուտով «ազատագրելու է իր օկուպացված տարածքները». «Կգա այն օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Առայժմ մենք այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում»:

Ալիեւը, թերեւս, որոշել է փոխել Ադրբեջանի ԱԳՆ-ի գործելաոճը ու երկրի արտաքին քաղաքականությունը վարելիս այսուհետեւ ընտրել բարեկամներին ու Ադրբեջանին «բարին չցանկացողներին»:

«Հայերի փողերով ապրող որոշ երեսպաշտ կոնգրեսականներ, արեւմտյան քաղաքական գործիչներ եւ իսլամատյացներ պատերազմ են հայտարարել Ադրբեջանին»,- նշել է Ալիեւը: Այնուհետեւ նա անդրադարձել է Եվրոպայի խորհրդի գործունեությանը: «Եվրոպական խաղերի ժամանակ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մի բանաձեւ ընդունեց, որի նախագծում զեկուցողները առաջարկում էին գրել` Վեհաժողովը հաշվի է առնում այն փաստը, որ ադրբեջանական հողերը օկուպացված են: Այդ ձեւակերպումը, սակայն, փոխվեց, եւ բանաձեւում հետեւյալ ձեւակերպումը տեղ գտավ` Վեհաժողովը հաշվի է առնում ԼՂ հակամարտության գոյությունը: Սա հստակ հակաադրբեջանական մոտեցում էր: Այնպես որ՝ ես կարծում եմ, որ եթե մենք այսօր ստիպված լինեինք կատարել այդ ընտրությունը, գուցեեւ ընդհանրապես հրաժարվեինք Եվրոպայի խորհրդին անդամակցելու գաղափարից»,- նշել է Իլհամ Ալիեւը` հավելելով, որ, ի դեպ, 2001-ին այդ քայլին Բաքուն նույն հայերի պատճառով էր դիմել. «Մենք գիտեինք, որ Հայաստանը շատ էր ցանկանում դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ, ուստի մենք էլ որոշեցինք անդամակցել այդ կառույցին»: Ադրբեջանի նախագահը շեշտել է, թե ԵԽԽՎ-ի ընդունած այդ բանաձեւը Բաքվի համար որեւէ նշանակություն չունի. «Դա թղթի կտոր է»:

Ապա Ալիեւի զայրույթի ալիքը հասել է Գերմանիայի խորհրդարանի երկու պալատներից մեկի` Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւին, որով գերմանացի օրենսդիրները կոչ էին անում պաշտոնական Բեռլինին ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին. «Ի՞նչ գործ ունի Գերմանիայի Բունդեսթագը մեզ հետ: Ի՞նչ են իրենց երեւակայել գերմանական Բունդեսթագի անդամները: Որ իրենք աշխարհի տիրակալներն են ու բոլորը իրե՞նց պետք է ենթարկվեն: Մեր հարաբերություններում մենք հստակ տարածություն ենք պահպանում եւ նրանցից որեւէ բան չենք ուզում: Բայց փոխարենը նրա՛նք ունեն մեր գազի, նավթի, մեր պայմանագրերի կարիքը»:

Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031