Եվրասիական բանկի պատվիրակությունը, Եվրասիական ֆոնդի կայունացման եւ զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արտակ Ազիզյանի գլխավորությամբ, բանակցություններ է անցկացել Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացման համար ներդրումային ֆինանսավորում հատկացնելու առնչությամբ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է Ֆինանսների փոխնախարար Արմեն Գեւորգյանը:
Եվրասիական բանկի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը մշակել են վարկային համաձայնագրի պայմանները, որոնք մոտակա ժամանակահատվածում կներկայացվեն Կայունացման եւ զարգացման Եվրասիական ֆոնդի խորհրդի հաստատմանը: Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին:
Այդպիսով 2015թ.ի վերջին, 2016 թ.-ի սկզբին կսկսվի «Ոռոգման համակարգի արդիականացում» 5ամյա ծրագիրը, որն, ընդհանուր առմամբ, ունի 50 միլիոն դոլարի ֆինանսավորում (Եվրասիական բանկը կհատկացնի 40 միլիոն դոլարի վարկ, 10 միլիոն դոլար էլ՝ ՀՀ կառավարությունը):
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ոռոգման համակարգի եւ դրենաժային ցանցի բարելավման երկարաժամկետ ծրագրի շրջանակներում: Դրա ընթացքում Հայաստանի տարածում կկառուցվեն եւ կվերականգնվեն 8 ոռոգման համակարգեր` 70.4 կմ երկարությամբ, 8.1 կմ երկարությամբ մայր ջրանցքներ, 54.1 կմ երկարությամբ գյուղատնտեսական ջրանցքներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ