Երեւանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրում գիշերային հրավառությունը հրդեհի բռնկման պատճառ է դարձել:
Քիչ առաջ Մյասնիկյան պողոտայի բնակիչները «Aravot.am»-ի հետ զրույցում պատմեցին, որ հրավառության հետեւանքով առաջացած հրդեհը բռնկվել է եւ մոտեցել է ռեստորանային համալիրի մոտակայքի տներին, իսկ բնակիչները` երեխաները գրկներին խուճապահար դուրս են եկել իրենց առանձնատներից:
Մեր զրուցակիցների պնդմամբ` ռեստորանային համալիրի գիշերային հրավառությունները արդեն սովորական երեւույթ են դարձել, դրանք ոչ միայն խանգարում են բնակչության անդորրը, այլեւ հրդեհի պատճառ են փաստորեն դառնում:
«Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրում, Մյասնիկյան պողոտայի բնակիչների խոսքով` խնջույքը դեռեւս շարունակվում է, որն ուղեկցվում է բարձր երաժշտությամբ, եւ հրավառության արդյունքում բռնկված հրդեհը ու փողոցում հայտնված մարդկանց բարձրացրած աղմուկը պատճառ չի հանդիսացել, որպեսզի դադարեցնեն քեֆ-ուրախությունը:
Կարդացեք նաև
Այս պահին ռեստորանային համալիրից հնչող բարձր երաժշտության ներքո հրդեհը փորձում են մարել հրշեջ ծառայության աշխատակիցները: