Սահմանադրության բարեփոխված գլուխների նախնական տարբերակը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, ավելի շատ անորոշություններ է առաջացնում:
«Անորոշ է, թե ինչ համակարգ է լինելու: Առավել եւս, որ տեսանելի չեն ու վստահություն չեն ներշնչում այդ փոփոխությունները: Ինչ բարեփոխումների մասին կարող է խոսք լինել, առավել եւս անցում խորհրդարանական կառավարման համակարգին, եթե մեզ մոտ բացակայում է ընտրական համակարգը, գոյություն չունի կուսակցական համակարգ: Եթե այդ բոլորը հաշվի առնենք ու չմոռանանք, որ պատերազմի նախաշեմին գտնվող երկիր ենք, կարծում եմ՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցումը ժամանակավրեպ է: Որովհետեւ նախագահական մոդելը ապահովում է երկրի անվտանգություն եւ այստեղ անհասկանալի է՝ ինչպես է երկիրը ղեկավարվելու էքստրեմալ իրավիճակներում»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նկատեց, որ նոր Սահմանադրությամբ ամրագրվում է՝ մի դեպքում պաշտպանության երաշխավորը դառնում է գլխավոր շտաբի պետը, բայց պատերազմական գործողությունների ժամանակ անվտանգության երաշխավորը երկրի վարչապետն է. «Անհասկանալի ու անտրամաբանական մոտեցում է, որովհետեւ երկիրը կարող է ունենալ մի գլխավոր գերագույն հրամանատար, այս դեպքում մեկը համարվում է գլխավոր գերագույն հրամանատար, բայց պատերազմական գործողությունների դեպքում, անտրամաբանական ձեւով անցնում է վարչապետին»:
Ըստ նրա նոր Սահմանադրությամբ առաջարկվող ընտրական գործընթացը՝ երկու փուլային ընտրությունները, նույնպես անտրամաբանական են. «Անհասկանալի է՝ հինգ տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժերը որտեղ են հայտնվելու, եթե երկրորդ փուլում մասնակցում են երկու ձայների մեծամասնություն ունեցող քաղաքական ուժերը: Այն մարդիկ, որոնք իրենց ընտրությունն արդեն կատարել են այդ հինգ տոկոսներին տալով իրենց վստահության քվեն, ինչպես պետք է նորից քվեարկեն: Կամ անհասկանալի է՝ ինչպես են որոշել, որ պատգամավորների նվազագույն քանակը պետք է լինի 101, իսկ առավելագույնն ինչքա՞ն պետք է լինի, ինչ կերպ է դա որոշվելու: Իշխանության համար անհրաժեշտ քանա՞կը պետք է ապահովվի, թե՞ այն անհրաժեշտ քանակը, որը կապահովի երկրի օրենսդիր մարմնի բնականոն գործունեությունը»:
Կարդացեք նաև
Պատգամավորը նկատեց, որ նոր Սահմանադրությամբ ամեն ինչ կենտրոնացված է լինելու վարչապետի ձեռքերում. «Ի՞նչ է նշանակում ընտրիչների համակարգը, որը փորձում են ներդնել, իսկ այդ ընտրիչներին ինչպես են ընտրելու , ըստ մարզպետների հուշումի՞, այսինքն` ժողովրդին զրկում են բնականոն ընտրական գործընթացից եւ իշխանություն ձեւավորելու իր սահմանադրական իրավունքից»:
Լյուդմիլա Սարգսյանը համոզված է՝ սահմանադրական փոփոխությունները իշխանության վերարտադրման խնդիր են լուծում. «Տվյալ դեպքում հստակ է՝ ինչի համար է փոխվում Սահմանադրությունը եւ ում է հարմարեցվում: Արդեն կասկածները մեծ են ու նույնիսկ առաջարկվող տարբերակում այն կետերը, որոնք կարող էին զարգացած երկրում առաջադիմական համարվել, մեզ մոտ չի աշխատելու, որովհետեւ ամեն ինչ կենտրոնանալու է վարչապետի ձեռքում: Իսկ մենք գիտենք՝ երբ իշխանությունը մի անձի ձեռքում է հայտնվում, ինչ կերպ է այն օգտագործվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ