Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադառնում ենք բրեժնեւյան ժամանակաշրջանին»

Հուլիս 16,2015 22:45

Սահմանադրության բարեփոխված գլուխների նախնական տարբերակը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համարում է խայտառակ նախագիծ:

«Վերադառնում ենք խորհրդային ժամանակների բրեժնեւյան ժամանակաշրջանին, ունենալու ենք գենսեկ, որը միաժամանակ գերագույն խորհրդի նախագահության նախագահն է եւ, ըստ էության, իր ձեռքին է կենտրոնացնելու ամբողջ իշխանությունը: Մոտակա ժամանակահատվածում խորհրդային միության վեցերորդ հոդվածն էլ կներառեն Սահմանադրության մեջ եւ կգրեն, որ հանրապետական կուսակցությունը Հայաստանում առաջատար կուսակցություն է: Երկու փուլանի ընտրությունն այլեւս պետք չէ նշել, պետք է գրել, որ կայունությունը գերագույն գլխավոր նպատակ է եւ կայունությունը միայն պետք է լինի ՀՀԿ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Դրական չեմ կարող վերաբերել այս նախագծին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա, Սահմանադրության նոր տարբերակում սահմանափակված են մարդու իրավունքները, ազատ հավաքների, ազատ տեղաշարժվելու իրավունքները. «Գրված չէ, որ օրենքով կկանոնակարգեն դրա արգելման պայմանները: Տնտեսական դաշտն էլ կրկին մենաշնորհային է լինելու… պարզվում է, որ ըստ Սահմանադրության, Հայաստանում պետական սեփականություն պետք չէ, որովհետեւ  տնտեսական գործունեության գլխավոր նպատակը  տեսնում են մասնավոր սեփականության ազատության մեջ, իսկ պետական սեփականության մասին որեւէ խոսք չկա, ինչը եւս ընդունելի չէ»:

Պարոն Մարտիրոսյանի խոսքով, 100 տոկոս համամասնական համակարգը եւ ԱԺ-ի կողմից դատավորներ նշանակելու լիազորությունների մեջ լինելը եւ կառավարության նկատմամբ լավ վերահսկողությունը  բերում են միակուսակցական համակարգի՝ ՀՀԿ-ի ղեկավարությամբ. «Հնարավոր է ինչ-որ երկրորդ կուսակցություն լինի, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում Գերմանիայում, Բուլղարիայում  այդ սոցլագերում բացի ԽՍՀՄ-ից գոյություն ունեին մեկ- երկու  բանվորագյուղացիական անուններով փոքր կուսակցություններ, որոնք մի հինգ տոկոս խորհրդարանում ձայն էին ունենում, այս պարագայում  ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն կունենա, մի քսան տոկոսով մի այլ կուսակցություն կլինի, էլ չեմ խոսում, որ ընդդիմության մասին ընդհանրապես խոսք չկար այս տարբերակում: Սա անընդունելի նախագիծ էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031