Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ։
«Լրատվամիջոցների ներկայացուցիչները չպետք է պատասխանատվության կանչեն հանրության հետաքրքրող տեղեկատվությունը հրապարակելու ու տարածելու համար»,- այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում գրել է Միյատովիչը. – «Եթե այդ տեղեկատվությունը օրենքով չի համարվում գաղտնի՝ ազգային անվտանգության նկատառումներով կամ այլ գերակա շահերի պաշտպանության համար, պետությունը պետք է լիակատար պաշտպանություն ապահովի՝ ընդդեմ լրագրողի աղբյուրը բացահայտելուն ուղղված ցանկացած իրավական կամ վարչական սանկցիայի»։
«Այս սկզբունքը անկախ լրագրության և ազատ մամուլի հիմնական պահանջներից մեկն է»,- շեշտել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կփակեն Խանումյանի դեմ հարուցված գործը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում