Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ցուցմունք տվեց «Կամազի» վարորդը. «Գազելի» մահացած վարորդի դուստրն էլ վատացավ. (Տեսանյութ)

Հուլիս 16,2015 20:55

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ, լսեց Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործող մեղադրվող «Կամազի» վարորդ Մանվել Վարդանյանին:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 10-ին միմյանց էին բախվել Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները:

«Գազելը» այրվել էր, 7 հոգի տեղում մահացել էին, իսկ մյուս 7 ուղեւորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Քրեական գործ էր հարուցվել «Կամազ» մակնիշի վարորդ 45-ամյա Մանվել Վարդանյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

IMG_9548

Այսօր Մանվել Վարդանյանն ասաց, որ դեպքի օրը «Իդեալ» համակարգի շինանյութերն էր տեղափոխում Արթիկի շինանյութերի խանութ՝ «Իմեքս գրուպ»-ի երկու բանվորների հետ: Արթիկում ժամը 18.00-ի սահմաններում ավարտելով աշխատանքը, շինանյութը դատարկելով՝ պատրաստվել է շարժվել Գյումրի: Նա նշեց, որ ինքն առաջին անգամը չէր, որ անցնում էր այս ճանապարհներով: Մանվել Վարդանյանը պատմեց, որ մինչեւ Հոռոմի խաչմերուկ հասնելը, ինքը չի կանգնել Stop նշանի տակ, բայց նախքան խաչմերուկ հասնելը պահպանել է ճանապարհային նշանները, դանդաղեցրել է արագությունը, ինչպես պահանջվում է նշված նշաններով:

Խաչմերուկ հասնելով՝ կանգնել է, նայել է աջ ու ձախ ու ոչ մի մեքենա չտեսնելով, շարժվել է: «Իմ ձախ կողմում երեւում էր գազալցակայանը, մի քիչ այն կողմ կանգնած էին մի 2-3-4 մեքենաներ, որոնք նույնպես չէին շահագործվում: Մտա խաչմերուկ, մի 2-3 մետր առաջացա, նոր նկատեցի, որ մի մեքենա մոտիկանում է ինձ մեծ արագությամբ»,- ասաց Մանվել Վարդանյանը:

Ըստ նրա, սկզբում չի տեսել «Գազել»-ը, այնուհետ ձախ կողմից մի 50 մետր հեռավորության վրա նկատել է միկրոավտոբուս, թեև չի էլ տարբերել «Գազե՞լ» է, թե՞ «Ֆորդ», ու աջ շրջադարձ կատարելու փոխարեն, մեծ արագությամբ փորձել է ազատել խաչմերուկը՝ շարժվելով դեպի Գուսանագյուղ: Նա մտածել է աջ շրջադարձ կատարելը ավելի երկարատև կլինի ու այս ձևով է փորձել ճանապարհը ազատել «Գազել»-ի համար: Այնուհետ զգացել է, որ հարված է ստացել: Ըստ նրա, որոշ ժամանակ խելքի չի եկել, վատ զգացել, երբ գիտակցության է եկել , մոտեցել է «Գազել»-ին, տեսել է երեք հոգի ընկած, շատ է վատացել: Այնուհետ իրեն տեղափոխել են Արթիկի քննչական բաժանմունք:

Դատախազ Արտյոմ Ավետիսյանի այն հարցին, թե խաչմերուկի ո՞ր մասում տեսաք «Գազել»-ը, «Կամազ»-ի վարորդն ասաց, որ խաչմերուկի միջնամասը հատել էր, երբ զգաց իրենց խփեց «Գազելը»: Դատախազն ասաց՝ եթե դուք դուրս եկած լինեիք երթևեկելի գոտուց, վթար տեղի չէր ունենա: Նա նաև հայտարարեց, որ ամբաստանյալի ցուցմունքը ու դեպքի հանգամանքները միմյանց չեն համընկնում, քանի որ դեպքի հանգամանքներով «Կամազ»-ը սկզբնարմատով է բախվել «Գազելին», ոչ թե հետնամասով: Դատախազը նաև հետաքրքրվեց, թե «Գազելն» ի՞նչ արագությամբ էր գնում, Մանվել Վարդանյանն ասաց, որ չի հիշում:

Դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, քանի որ որոշակի հակասություններ կային, մասնավորապես կապված ամբաստանյալի այն հայտարարության հետ, թե Մանվել Վարդանյանը բաժանարար գծի 50 մետր հեռավորության վրա նկատել «Գազելը»: Նախաքննական ցուցմունքում գրված էր 20 մետր:

Ըստ ամբաստանյալի, իր պատկերացմամբ «Գազել»-ի արագությունը մեծ է եղել, որ մի քանի մետր էլ իրեն շպրտել է, նա նաև ասաց, որ չի նկատել «Գազել»-ի լույսերը, այլ ներսի լույսերից է հասկացել, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենա է: Հարցին, թե ձեր պատկերացմամբ ինչպե՞ս կարող էր «Գազել»-ը Երևանից առանց լույսերի հասնել Գյումրի, ամբաստանյալն ասաց, որ համենայնդեպս ինքը լույսերը չի նկատել:

Հարցուպատասխանի ժամանակ «Գազել»-ի մահացած վարորդի՝ Ռազմիկ Մկրտչյանի դուստրը՝ Հասմիկ Մկրտչյանը, շատ վատացավ: Դատավորը ստիպված ընդմիջում հայտարարեց: Դատը վերսկսելուն պես «Կամազ»-ի վարորդը նրան ասաց. «Ես չեմ ասում՝ Ձեր հայրն է մեղավոր, ես էլ մեղավոր, նա էլ մեղավոր»: Դատավորի հարցին՝ քեզ մեղավոր ճանաչո՞ւմ ես, ամբաստանյալն ասաց. «Այո, մասնակիորեն ճանաչում եմ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031