Հուլիսի 16-ին ՊՆ վարչական համալիրում կայացավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում արծարծված թեմաները, բնականաբար, առնչվում էին ազգային բանակին ու զինված ուժերի ձեռքբերումներին:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով շեշտելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը` ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման և հզորացման գործին:
«Դեպի Հայք» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանն էլ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ ծրագրի շրջանակում Հայաստան այցելող սփյուռքահայ երիտասարդներն ունեն մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ ծանոթանալ հայրենիքին և սատար լինել նրան:
Ողջունելով ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին և կարևորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտեց, որ Հայաստան այցելող մեր հայրենակիցները միշտ էլ ցանկալի հյուր են ՀՀ պաշտպանության նախարարությունում, և ուրախալի է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայ երիտասարդներ, ապրելով տարբեր երկրներում, այնուամենայնիվ, իրենց գաղափարական ուղղվածությունը, դաստիարակությունը և հիմնական ճանապարհներն ուղղում են դեպի մայր հայրենիք ու մշտապես ձգտում են իրենց ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաև ԶՈՒ հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և այլ երկրների միջև առկա ռազմական համագործակցության առանցքային ուղղությունները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց այն իրողությունը, որ հայկական բանակն օրեցօր կատարելագործվում է և պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգության:
Հանդիպման շրջանակում պաշտպանության նախարարը պատասխանեց նաև սփյուռքահայ երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, միջպետական ռազմական համագործակցությանն ու ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականությանը:
Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները, անկեղծ և անկաշկանդ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին, նրա հետ փոխանակվեցին հուշանվերներով և հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:
ՊՆ վարչական համալիր