Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերի ջահը վառվել է Վանա լճի Աղթամար կղզում՝ Սուրբ Խաչ եկեղեցում

Հուլիս 16,2015 17:52

Հուլիսի 8-13-ն Արևմտյան Հայաստանում է եղել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: «Բարով եք եկել Ձեր տուն», «Բարով եք եկել Ձեր հողերը» խոսքերով նրանց է դիմավորել հայոց հնագույն մայրաքաղաք Վանի քաղաքապետ Բեքիր Կայանը: Քաղաքապետարանում պաշտոնական ընդունելության ժամանակ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը մանրամասն ներկայացրել է մարզական խաղերի պատմությունը, անցած ուղին՝ նշելով, որ այս խաղերի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ աննախադեպ մեծ՝ մոտ 730 հոգանոց պատվիրակության ժամանումն է Հայաստան՝ Սասուն, Մուշ, Տիգրանակերտ, Վագֆ, Բիթլիս, Դերսիմ, Մալաթիա, Վան, Սամաթիա և Ստամբուլ քաղաքներից:

Իշխան Զաքարյանը տեղեկացրել է նաև, որ, ի նշան աշխարհով մեկ սփռված հայերի միասնության, վառվելու է երեք ջահ՝ Արցախ, Սփյուռք և Հայրենիք եռամիասնությամբ: Առաջին երկու ջահերն արդեն վառվել են, իսկ երրորդ ջահը ծրագրված է վառել 10-րդ դ. Գագիկ Արծրունու պատվերով Վանա լճի Աղթամար կղզում կառուցված Սուրբ խաչ եկեղեցում: Վանի քաղաքապետը մեծ պատիվ է համարել իրենց մասնակցությունն այդ նախաձեռնությանը և իր պատվիրակությամբ, քաղաքի մշակութային համույթներով ուղեկցել ՀԽՀԿ պատվիրակներին Աղթամար:

Սուրբ Խաչ եկեղեցում «Ակունք» ազգագրական համույթը կատարել է «Հայր Մերը», իսկ րոպեներ անց Իշխան Զաքարյանի, Վանի քաղաքապետի և փոխքաղաքապետի պարզած ջահը բոցավառվել է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի անդամներ Ալֆրեդ Հավանի, Վրեժ և Ռոլանդ Շառոյանների, ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի, Արագած Ախոյանի, Արմավիրի քաղաքապետ Ռուբիկ Խլղաթյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի և ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի՝ եկեղեցում վառված մոմերից:

Միջոցառման ավարտին Վանի քաղաքապետը նվերներ է հանձնել պատվիրակության անդամներին և սիրով ընդունել Իշխան Զաքարյանի հրավերը՝ ներկա գտնվելու Համահայկական խաղերի բացման արարողությանը: Այնուհետև ջահը դեպի Բիթլիս ու Տիգրանակերտ է տարվել Օհանես Օհանյանի կողմից:

Տիգրանակերտ տանող ճանապարհին Հայաստանի պատվիրակությանն ընդունել է Բիթլիսի քաղաքապետ Հուսեին Օլանը: Քաղաքապետը սիրով տեղեկացրել է, որ ամառային խաղերի բացմանն իր գլխավորած պատվիրակությունը կլինի Երևանում: Հուսեին Օլանը ցավով անդրադարձել է նաև 100 տարի առաջ տեղի ունեցածին՝ ասելով, որ իրենք բոլորն էլ մեղավոր են, և ժամանակն է պատմությանը նայել ուղիղ աչքերով:

Իշխան Զաքարյանը և Հուսեին Օլանը քննարկել են Բիթլիսում դեռևս կանգուն հայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի տան վերականգնման և այդ փողոցը նրա անունով անվանակոչելու հարցը: Իշխան Զաքարյանը կարևորել է նաև հայկական կիսավեր եկեղեցու վերականգնման խնդիրը և մշակութային կապերի ամրապնդումը Հայաստանի տարբեր քաղաքների հետ: Կողմերը պայմանավորվել են այդ հարցերը քննարկել երևանյան հանդիպման ժամանակ:

Այնուհետև պատվիրակության անդամներն ուղևորվել են հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ, որտեղ նրանց դիմավորել են Տիգրանակերտի քաղաքապետ Ֆըրաթ Անլը և Սուրիի քաղաքապետ տիկին Ֆաթմա Շըք Բարաթը՝ «Բարի եկաք Ձեր տուն» կարգախոսի ներքո: Դիմելով հյուրերին՝ Տիգրանակերտի քաղաքապետը կարևորել է երկու ժողովուրդների մշակութային և սպորտային կապերը, խոսել Երևանում կայանալիք ամառային խաղերին իրենց մասնակցության կարևորության մասին: Երեկոյան Սուրբ Կիրակոս եկեղեցու բակում կայացել է հայկական պատվիրակության հանդիպումը համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ:

Վանից Տիգրանակերտ տարված ջահն ուղևորվել է Մուշ: Մուշ-Էրզրում ճանապարհին հայկական պատվիրակության անդամները խոնարհվել են հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզմանին: Հայաստանյան պատվիրակության անդամները Մշո վերին թաղի հայկական գերեզմանոցում գտնվող Գ. Չաուշի գերեզմանը ծածկել են հայոց եռագույնով, այնուհետև վարդեր նետել Սոլուխի կամրջից Արածանի գետը՝ ի նշան խոնարհումի բոլոր հերոսների առջև:

Gevorg Chaushi gerezman

Մշո դաշտից դեպի Էրզրում-Անիի ուղղությամբ ջահը ճանապարհել է Համահայկական խաղերի գործկոմի անդամ Ռոլանդ Շառոյանը:

Անին՝ հայոց հինավուրց մայրաքաղաքը, «գրկաբաց» է ընդունել Համահայակական խաղերի ջահը: Մայր տաճարում հնչել են Անիին նվիրված երգեր:

Կարսից և Անիից պատվիրակությունն ուղևորվել է Ջավախք: Համահայկական խաղերի ջահը Ջավախքի Սուրբ Խաչ եկեղեցի է բերել մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: ՀԽՀԿ պատվիրակությանը դիմավորել են հարյուրավոր ջավախքցիներ: Ջավախքի վարչական շրջանի ղեկավար Համլետ Մովսիսյանը և ծնունդով ջավախեցի Աշոտ Մելքոնյանը հանդես են եկել ելույթներով և կարևորել միջոցառման էությունը՝ հպարտությամբ նշելով, որ Ջավախքի քաղաքները մեծաքանակ պատվիրակությամբ կմասնակցեն ամառային վեցերորդ խաղերին:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահը Ջավախքից կանցնի Գյումրի, ապա Սարդարապատ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանալով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ օգոստոսի 2-ին մուտք կգործի Հանրապետական մարզադաշտ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031