Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի միազգային կինոփառատոնը «Միջազգային վավերագրական կինո» մրցութային ծրագրում 800 հայտ է ստացել, որոնցից ընտրվել է միայն 13-ը:
Ընտրված ֆիլմերից մեկն էլ Շոն Մքալիսթերի «Սիրիական սիրավեպ»-ն է:
Պատմություն սիրո և ընտանիքի մասին՝ սիրիական հակամարտության համապատկերում: Հինգ տարի նկարահանված այս ֆիլմն ուրվագծում է քաղաքական ազատության աննկարագրելի ոդիսականն Արևմուտքում: Ռաղդայի և Ամերի համար սա հուսո, երազանքի և վհատության ուղևորություն է՝ հանուն հեղափոխության, հայրենիքի և հանուն իրենց:
«Փորձել եմ հնարավորինս զերծ մնալ քաղաքականությունից ու կենտրոնանալ ընտանեկան զույգի սիրո պատմության վրա, որն ավելի համամարդկային է, քան քաղաքականությունը: Շատ ազդեցիկ բան է, երբ ցույց ես տալիս, թե ինչպես են մարդիկ սիրով լցված ապրում դժվարին ժամանակներում»,- ասում է ռեժիսորը:
16 տարեկանում թողնելով դպրոցը՝ Շոն Մքալիսթերը աշխատել է Հյուսիսային Անգլիայի տարբեր գործարաններում, մինչև ձեռքն է առել տեսախցիկը և ուղի հարթել դեպի Ազգային կինոդպրոց, որն ավարտել է 1996 թվականին:
Շոն Մքալիսթերի ֆիլմերն իրենց հատուկ մտերմիկությամբ ու անկեղծությամբ ներկայացնում են աշխարհի տարբեր ծայրերի մարդկանց, որոնք պայքարում են գոյատևման համար ու հաղթահարում դժվարությունները: Ներքաշված լինելով քաղաքական ու անձնական բախումների մեջ՝ նրանք, այնուամենայնիվ, փորձում են իմաստավորել այն աշխարհը, որտեղ ապրում են:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ