«Ֆրանսիայում այսօր վավերագրական ֆիլմերի զարգացման համար պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն. այս ժանրում շատ քիչ ֆիլմեր են նկարահանվում, քանի որ ֆինանսավորման խնդիր կա»,- ասում է ֆրանսիացի կինոռեժիսոր Դավիդ Կրեմերը:
Չնայած դրան՝ ռեժիսորին հաջողվել է այս ժանրում լիամետրաժ ֆիլմ նկարահանել և ներկայացնել «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական» մրցութային ծրագրում:
«Միայնակ, միասին». այսպես է կոչվում երիտասարդ ռեժիսորի ֆիլմը, որի նկարահանման աշխատանքները տևել են մոտ տասը տարի:
Ֆիլմը ծովի ափին ապրող ձկնորսների մասին է:
«Ինձ ոչ թե ձկնորսությունն էր հետաքրքրում, այլ ձկնորսների կյանքը: Ուզում էի հասկանալ՝ ինչպես են մարդիկ ընդունում և հաղթահարում դժվարությունները: Ինչո՞ւ են նրանք վերադառնում իրենց տքնաջան աշխատանքին և ինչպե՞ս են կարողանում առանց տրտնջալու անել իրենց գործը: Ուզում էի նկարահանել մարդկանց ամենաբարդ իրավիճակներում»,- ասում է Կրեմերը՝ նկատելով, որ ձկնորսներն այս առումով լավ օրինակ են:
«Նրանք սկզբում շատ կոպիտ էին: Անձնակազմի ղեկավարը շարունակ կրկնում էր, որ իրենք տեսախցիկներ չեն սիրում,- պատմում է ռեժիսորը,- բայց նրանց հետ որոշ ժամանակ շփվելուց հետո բոլորովին այլ բան ես բացահայտում: Հասկանում ես, որ ինչքան կոպիտ է նրանց արտաքինը, այնքան նուրբ է հոգին»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ