Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. « Ես շարունակում եմ համոզված մնալ, որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, որովհետև գործող հիբրիդային Սահմանադրությունը ճիշտ կիրառության և արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար իդեալական տարբերակն է: Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, կնպաստի Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կերաշխավորի համարժեք արձագանքը արտաքին մարտահրավերներին:
Անկախ նրանից, թե ում և ինչի համար են արվում սահմանադրական փոփոխությունները, համենայն դեպս խորհրդարանական համակարգի անցնելու ջատագովները առնվազն պետք է ակնկալեին, որ այս փոփոխությունները կմեծացնեին Հայաստանում քաղաքական մենաշնորհը վերացնելու հավանականությունը:
Ցանկացած ժողովրդավարության և պառլամենտարիզմի գրավականը կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունն է: Նոր սահմանադրության նախագիծն իսպառ բացառում է այդ հնարավորությունը և սահմանադրորեն ամրագրում քաղաքական մենաշնորհը:
Սա ինքնին բավարար է, որ մենք ազգովի դեմ լինենք ներկայացված սահմանադրության նախագծին»: