Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյանը միջնորդել է Տիգրան Սարգսյանին ներգրավել գործում

Հուլիս 16,2015 16:13

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 16-ին շարունակվում էր «օֆշորի գործով» դատական նիստը:

Շալիկո Փիրուզյանը հայտարարեց, որ Փայլակ Հայրապետյանը ցանկանում է, որ որպես իր ներկայացուցիչ ներգրավի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին: Դատարանը բավարարեց կողմի միջնորդությունը:

Դատարանում շարունակվեց տուժող Փայլակ Հայրապետյանի հարցաքննությունը: Նա դատարանին ներկայացրեց իր գործունեության մասին փաստաթղթեր:

«12 միլիոնից ոչ մի կոպեկ չի ծախսվել բիզնես պլանին համապատասխան, մի բանկից մյուսն է փոխանցվել, հետո փոխանցվել է օֆշորային գոտի, հետո փոխանցվել է Երեւան, Երեւանում ոսկեղեն են առել: Ամեն ինչ արել են բացի բիզնես ծրագրից»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:

Վլադիմիր Գրիգորյանը հայտարարեց, որ տուժողից պարտադիր դատաքննության կանչելու մասին միջնորդություն է ստացվել եւ ըստ նրա անհրաժեշտ է քննել 12 անձանց: Այդ ցուցակում են նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, Սամվել Կճոյանը, Աշոտ Սուքիասյանի կինը, Ներսես Երիցյանը: Վլադիմիր Գրիգորյանը հավելեց, որ դա պետք է լինի համապատասխան փուլում եւ այդ ժամանակ դատարանը կարող է անդրադառնալ միջնորդությանը: Շալիկո Փիրուզյանը հայտարարեց, որ տեղյակ չի եղել, որ Փայլակ Հայրապետյանը դատարան միջնորդություն է ներկայացրել:

Մեղադրող Դավիթ Վելիքյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հարկավոր եղել հենց 12 միլիոն, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Մենք խմբով գնացել ենք «Արմսվիս» բանկ, եւ Աշոտ Սուքիասյանը ասաց, որ իրեն 12 միլիոն է պետք: Աշոտ Սուքիասյանը ստացել է 10 միլիոն 700 հազար դոլար, մնացածը չի ստացել: Ինչո՞ւ չի ստացել, հայտնի չէ»:

Մեղադրողի հարցին, թե Աշոտ Սուքիասյանը երբեւէ հայտարարե՞լ է, որ ունի սեփականության իրավունք որոշակի գույքի նկատմամբ, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց, որ ամբաստանյալին ընդհանրապես չի ճանաչել, եւ երբ եղել է պահը, որ նա պետք է ֆինանսավորի, այդ ժամանակ նոր շփումներ եղել են:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Ինգա Ավագյանը դատարանից ընդմիջում խնդրեց, որպեսզի կարողանան խորհրդակցել: Դատարանը բավարարեց միջնորդությունը, այդ ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանն ասաց. «Ուզում են բան հուշել, բայց հո դպրոց չի, որ հուշեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031