Ռուսաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը, որի կազմում են մեր հայրենակիցներ Արմեն Զաքարյանը, Դավիթ Հայրապետյանը եւ Միշա Ալոյանը, այսօր ավարտեց երեքշաբաթյա ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում, որտեղ նախապատրաստվում էր ընթացիկ մրցաշրջանի կարեւորագույն մեկնարկներին:
Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակը Aravot.am-ի հետ զրույցում գոհունակություն արտահայտեց Ծաղկաձորի օլիմպիական ավանի ընձեռած հնարավորություններից: «Այստեղ ամեն բան հիանալի է եւ լիարժեք մարզվելու բոլոր պայմանները կան: Ես առաջին անգամ Ծաղկաձորում եղել եմ 1988 թվականին ու այն ժամանակվանից ինձ այստեղ դուր է եկել: Մենք այս հավաքը նվիրել էինք բռնցքամարտիկների ընդհանուր եւ հատուկ ֆիզպատրաստությանը: Նախապատրաստվում ենք օգոստոսին Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի եւ դրան հաջորդող աշխարհի (Քաթարում) առաջնություններին», – ասաց օլիմպիական չեմպիոնը:

Ալեքսանդր Լեբզյակ
Հարցին, թե քանի՞ մեդալների ակնկալիք ունեն, Լեբզյակը պատասխանեց. «Մենք մեր առջեւ մեդալների պլան չենք դրել: Կարեւորը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական վարկանիշերն են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ