Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում նաիրիտցիների անհանգստության, հավաքի նպատակը: Խնդրում եմ պարզաբանել». ՀՀ վարչապետը` Երվանդ Զախարյանին

Հուլիս 16,2015 15:26

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մինչ օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ես ուզում եմ մի քանի հանձնարարական տալ և առաջարկություն ներկայացնել: Առաջարկում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան, թե՛ գների, թե՛ ուղղությունների և թե՛ թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ: Նաև բանակցել այն ընկերությունների հետ, որոնք  գիշերային թռիչքներ են  կազմակերպում. . թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին: Գիշերային թռիչքները  անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան ժամը 5-ին, ապա մինչև 14:00-ն  պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար: Ուստի, պարոն Ճշմարիտյան, հարկավոր է մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություն»:

Այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսքը փոխանցել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ ներկայացնելու նաիրիտցիների պահանջը: «Այն խոստումը, որ տրվել էր՝ ամբողջությամբ վճարել նաիրիտցիների աշխատավարձը, կառավարությունն այդ գումարներն արդեն հատկացրել է: Ուղղակի չեմ հասկանում իրենց անհանգստության,  հավաքի նպատակը: Խնդրում եմ պարզաբանել», – ասել է վարչապետը:

Երվանդ Զախարյանը նշել է. «Կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մինչև հուլիսի 15-ը ամբողջությամբ վճարվի աշխատավարձի պարտքը, որը մոտավորապես 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում է: Այսօր արդեն մենք հնարավորություն ունենք վճարելու այդ գումարը: Հարցը հետևյալն է. մի շարք աշխատակիցների կողմից դժգոհություններ և բողոքի գրություններ են գրվել իմ և գործարանի բաժնետիրական ընկերության տնօրենի անունով՝ աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված: Այժմ ուսումնասիրություններ են կատարվում այդ աշխատավարձերի ճշտումների ուղղությամբ, իմ կարծիքով, 1-2 օրերի ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: Որոշակի վճարումների հետ կապված փաստաթղթային ձևակերպումներ կան, ձևն արդեն մշակվել է, այսօրվանից գործընթացը սկսվում է: Մեր առաջարկությունը հետևյալն է. քանի որ որոշակի ժամանակ է պահանջվում  բոլոր փաստաթղթային ձևակերպումները կատարելու համար, յուրաքանաչյուր խմբաքանակ պատրաստ լինելուն պես կարող ենք վճարել, այսինքն՝ շաբաթ օրը, պատրաստության աստիճանից ելնելով՝ հաջորդ օրերի ընթացքում:  Վճարումները կարող են ձգվել 10-15 օր: Աշխատակիցների պահանջը հետևյալն է, որ վճարումները կատարվեն միանգամից, ամբողջ պարտքի չափով՝ 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում, բոլորը վճարվի միանգամից: Միանգամից վճարելու համար իրենք ստիպված կլինեն մոտավորապես 10-15 օր  սպասել: Որպեսզի այդքան չսպասեն, մենք առաջարկում ենք յուրաքանչյուր պատրաստ դիմումից հետո  վճարումները կատարել, փոխանցելով իրենց հաշվին: Պահանջը դա է, ուրիշ պահանջներ այսօր աշխատակիցների կողմից չկան»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջել է հստակություն մտցնել վճարումների գործընթացում, անհրաժեշտ պարզաբանումներ տալ մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր աշխատավարձի ճշգրտումների խնդիր չունեն, իրենց գումարներն անմիջապես ստանան: «Մենք կարող ենք հայտարարել, որ եթե կոլեկտիվի անդամները, աշխատակիցները պատրաստ են սպասել մինչև ամսվա վերջ, ապա մենք հուլիսի վերջին միանգամից վճարումները կարող ենք կատարել: Եթե չեն կարող սպասել և կան աշխատակիցներ, որոնք ուզում են հիմա ստանալ, մենք պատրաստ ենք այս ընթացքում կատարել վճարումները: Երկու տարբերակին էլ մենք համաձայն ենք»,- նշել է Երվանդ Զաքարյանը:

Վարչապետը նախարարին հանձնարարել է քննարկել նաիրիտցիների առաջարկությունները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031