Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն իր վրայից «քցեց» «Ա1+»–ի լրագրողի գործի քննությունը

Հուլիս 16,2015 14:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ա1+»–ի լրագրող Մարինե Խաչատրյանի բողոքի դատական քննությունը Երեւան քաղաքի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն ուղարկեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը սա բնորոշեց, որ դատարանն իր վրայից «քցում է» գործի քննությունը ու նշեց, որ ավելի համակողմանի գնահատական կտա, երբ ծանոթանա որոշման մանրամասներին:

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տիկին Սաֆարյանն ասաց. «Ընդդատության հարցը բողոք ստանալու և վարույթ ընդունելու ժամանակ պիտի լուծեր դատարանը ու եթե գտնում էր, որ ընդդատության հարցը խախտվել է, պիտի այդ ժամանակ ուղարկեր ըստ ընդդատության այլ դատարան: Օրենքը հստակ ասում է, որ դատաքննության ժամանակ, եթե նման հարց է բարձրանում, դատարանը պիտի կողմերին հարցնի, եթե համաձայն են, որ նույն վարույթում մնա, շարունակի գործի քննությունը, մինչդեռ տեսաք, որ նման բան չեղավ, ես ուղղակի դիրքորոշում հայտնեցի: Ուստի դատարանը խախտել է օրենքը և բողոքն ուղարկել այլ դատարան: Դատարանն ուզում է ուղղակի իրենից «քցել» գործի քննությունը»:

Հարցին` արդյոք կատարվածը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված գործողություննե՞ր չեն, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Ակնհայտ է այն, որ ամբողջ այս դատական վեճն ու միջադեպը այն մասին է, որ մի կողմից պետական պաշտոնյայի փողոցային վարքը և լրագրողի գործունեության խոչընդոտումը և մյուս կողմից լրագրողի շահերի պաշտպանությունն է դրված և հարց է այն, թե որն է մեր երկրում գերակա: Առ այսօր պետությունն ասում է, որ կարելի է լրագրողին հարվածել և նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտել և մնալ անպատիժ: Ամբողջ գործընթացը վկայում է այդ մասին: Այն, ինչ անում է ՀՔԾ-ն, որ առհասարակ չէր ուզում քրեական գործ հարուցել, որ տուժող չէր ուզում ճանաչել Մարինե Խաչատրյանին, խոսում է ոչ օբյեկտիվության մասին, իսկ երբ կարճեցին գործը և դատախազությունը չուզեց ևս մեկ անգամ վերանայել որոշումը , սա արդեն խոսում է համակարգի մասին: Այսքանից հետո դժվար է պատկերացնել, որ միջազգային արձագանքը քննադատական չի լինի, և ՀՀ-ն կարող է հույս ունենալ, որ ավելի բարձր վարկանիշ կունենա»:

Դառնալով դատարանի որոշմանը` պարոն Մելիքյանն ասաց. «Առայժմ զուտ տեխնիկական մոտեցումներ են, թե որտեղ պիտի քննվի հայցը, կարծում եմ, որ դատարանը ինքն էլ խուսափում է այս գործից, քանի որ հասկանում է, որ աղմկահարույց է, հանրության ուշադրությունը սևեռվելու է այս գործի վրա և հիմա ուղղակի խուսափեց, քանի որ իսկապես բարդ է և ակնհայտ, որ ԱԺ անվտանգության ծառայության պետը իրավախախտում է թույլ տվել և պատասխանատվության պիտի ենթարկվի, բայց մյուս կողմից մեզանում ընդունված չէ ուժային կառույցների ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031