Իրանագետ Արամ Մանուկյանի գնահատմամբ, Իրանի եւ վեցնյակի միջեւ ձեռք բերված վերջին համաձայնությունը Իրանի հետ հարաբերությունների բարելավման սկիզբ կարելի է համարել:
Այսօր «Զարկերակ» ակումբում նա ասաց, որ այդ համաձայնագրի կետերի մի մասը թույլ է տալիս, որ Ամերիկան կարողանա մանեւրել եւ հետ կանգնել այդ կետերը իրագործելուց: Բայց, ըստ նրա, բանակցային գործընթացի բոլոր կողմերին շահավետ էր այդ համաձայնության գալը:
«ԱՄՆ-ի համար Իրանի հետ հարաբերությունների բարելավումը թույլ կտա էներգակիրների ներգրավումը միջազգային շուկա, Իրանը կարող է դառնալ վերահսկող երկիր ջրային տարածքով էներգակիրների արտահանման համար»,- ասաց իրանագետը:
Նա նաեւ նկատեց, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են եւ ԱՄՆ-ում շահագրգռված էին, որ այս հաջողությունը արձանագրվի Օբամայի վարչակազմի օրոք: Նրա խոսքով, Իրանը այս համաձայնագրի շնորհիվ կարող է շունչ քաշել տնտեսական պատժամիջոցներից, դրա դրական ազդեցությունը նկատելի կլինի արդեն մեկ տարի անց:
Կարդացեք նաև
Ի՞նչ կարող է տալ այդ համաձայնագիրը Հայաստանին: Իրանագետը նկատեց, որ Իրանը Հայաստանի այն սահմանակիցն է, որի հետ ՀՀ-ն որեւէ տարաձայնություն չի ունեցել, մեր երկրները գտնվում են բարեկամական հարաբերությունների մեջ եւ Իրանի տնտեսական կայունությունը կարեւոր է ՀՀ-ի համար. «Իրանն ու Թուրքիան հարավային կովկասում մրցակից են, Իրանի դիրքերի ամրապնդումը կնպաստի ավելի ակտիվանալ տարածաշրջանում քաղաքական զարգացումներում, արդյունքում կթուլանա Թուրքիայի դիրքերը»:
Ըստ նրա, Իրանն ունի սառեցված ակտիվներ մոտ 130 միլիարդի հասնող, ու Հայաստանը կարող է օգտվել դրանից՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով ներդրումների համար:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ շարունակեց, թե պետք է արտոնություններ տալ իրանցի գործարարներին. «Իրանը Հայաստանի համար հինգերորդ ներմուծման գործընկերն է: Այս տարվա դրությամբ Իրանից ներմուծել ենք 75 միլիոն դոլարի հասնող ապրանք, Իրան ենք արտահանել մոտ 30 միլիոն դոլարի հասնող ապրանք: Արտահանման գծով Իրանը թվով մեր 7-րդ գործընկերն է…
Ամենալավ տարիներին՝ 2012-ին, Իրանից ներմուծումը կազմել է 220 միլիոն դոլար, իսկ մենք արտահանել ենք 108 միլիոնի ապրանք: Սա համարվում է Իրան- Հայաստան հարաբերությունների պիկը, պետք է կարողանալ հասնել նրան, որ Իրանը մեզ համար լինի որպես գործընկեր ՌԴ-ից հետո երկրորդը: Այդ պոտենցիալը կա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ