Երեւան քաղաքի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) տեղի ունեցավ «Ա1+»–ի լրագրող Մարինե Խաչատրյանի բողոքի դատական քննությունը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի սեպտեմբերի 9-ին «Բարև Ռոբ» ակցիայի լուսաբանման ժամանակ ԱԺ-ի անվտանգության աշխատակից Կարեն Հայրապետյանը խոչընդոտել էր լրագրող Մարինե Խաչատրյանի աշխատանքը, ձեռքով հրել ու գետնին գցել նրա պլանշետը: 2014-ից սկսած Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացնում կարճել քրեական գործով վարույթը նույն՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՀՀ դատախազությունը հայտարարում է, որ վերացրել է այդ որոշումը: Արդյունքում «Ա1+»-ի լրագրողը տուժող ճանաչվել է, բայց Կարեն Հայրապետյանի դեմ մեղադրանք չի առաջադրվել:
Դատարանում Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը նշեց. «Դատախազը, մերժելով մեր բողոքը, խախտել է Մարինե Խաչատրյանի նյութական և դատավարական իրավունքները»: Այնուհետև մտահոգություն հայտնեց, որ Կարեն Հայրապետյանի դեմ քրեական գործ չի հարուցվել միայն այն պատճառով, որ նա պետական պաշտպանություն իրականացնող է, իսկ Մարինե Խաչատրյանը՝ սկսնակ լրագրող: Ուստի Օլգա Սաֆարյանը դատարանից խնդրեց որոշում կայացնել ՀՔԾ ավագ քննիչի՝ քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու պահանջով:
Կարդացեք նաև
Մնացական Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը, երբ քննիչն աշխատում է այլ դատարանի տարածքում: Օլգա Սաֆարյանը պատասխանեց. «Դատախազ Ենոքյանի կողմից անհիմն մերժվել է ավագ քննիչ Օհանյանի որոշման դեմ բերված բողոքը: Իսկ դատախազի դիրքորոշումից հետո ուժի մեջ է մնացել ՀՔԾ որոշումը: Այս բողոքով գտնում ենք, որ դատախազի դիրքորոշումը անօրինական է և խնդրում ենք վերականգնել Մարինե Խաչատրյանի իրավունքները: Մենք վիճարկում ենք դատախազի որոշումը»:
Դատախազը միջնորդեց գործի քննությունը տեղափոխել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, քանի որ այդ վարչական շրջանում է գտնվում վարույթն իրականացնող մարմինը: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հրապարակեց որոշումը, ըստ որի՝ գործն ուղարկվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ