Ամենահարուստ պատգամավորը՝ հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 2014 թվականի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 33.9 մլրդ դրամ, 30,37 մլն դոլար և 26,3 միլիոն եվրո։ Դոլարային արտահայտությամբ Ծառուկյանի դրամական միջոցների ծավալը կազմել է շուրջ 138,8 մլն դոլար, որը կազմում է բոլոր պատգամավորների դրամական միջոցների 60%-ը։ Նշենք նաև, որ Ծառուկյանի՝ ՀՀ դրամով պահվող գումարները 2014-ի ընթացքում ավելացել են 8.5 մլրդ դրամով, եվրոյով միջոցները՝ 2,4 միլիոն եվրոյով, իսկ դոլարային միջոցները նվազել են 11 միլիոն դոլարով։
Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է։ ՀՀԿ-ական այս պատգամավորը՝ կնոջ հետ միասին, հայտարարագրել է շուրջ 36 միլիոն դոլար։ Այդ թվում՝ շուրջ 9,2 մլրդ դրամ և 16,7 մլն դոլար։ Ի դեպ, Սամվել Ալեքսանյանի ընտանիքում դրամական միջոցների մեծ մասը գտնվում է պատգամավորի կնոջ հաշիվների վրա։
Ամենահարուստ պատգամավորների եռյակը եզրափակում է Երևանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը։ Իր տիկնոջ հետ միասին նա հայտարարագրել է դոլարային արտահայտությամբ շուրջ 9,6 մլն դոլար, այդ թվում՝ 3,5 մլրդ դրամ և 2,1 մլն դոլար։
Միլիոնատեր (նկատի ունենք՝ դոլարային միլիոնատեր) պատգամավորների թվում են նաև Գուրգեն Արսենյանը, Աշոտ Արսենյանը, Գրիգոր Մարգարյանը, Արայիկ Գրիգորյանը և այլք։
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հայտարարագրերի համաձայն՝ ԱԺ-ում կա 14 դոլարային միլիոնատեր, որոնց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 223 մլն դոլար։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում