Շատ հետաքրքիր է ոչ միայն այն, որ առաջարկվող նախագծով Ազգային ժողովը պետք է ձեւավորվի 100 տոկոս համամասնական ընտրակարգով, 5 տարի ժամկետով (կուսակցական ցուցակներ), այլեւ այն, որ ԱԺ այդ ընտրակարգը «պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն մեծամասնության ձեւավորումը» (հոդված 89, կետ 3):
Այսինքն՝ առաջարկվում է սահմանադրորեն ամրագրել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պարտադիր կարգով պետք է մեծամասնություն ձեւավորվի: Ըստ որում՝ նույն հոդվածի հաջորդ կետով նշվում է, որ եթե ԱԺ ընտրությունների առաջին փուլով այդ կայուն մեծամասնությունը չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները (կամ դաշինքները):
Որքան կարելի է հասկանալ, առաջարկվում է մի տարբերակ, երբ «կոալիցիաները» ձեւավորվում են ոչ թե ընտրություններից հետո, ըստ արդյունքների, այլ նախքան ընտրությունները: Այլ կերպ ասած, ներկայացվող տարբերակով կուսակցությունները զրկվում են հետընտրական «առեւտրի» հնարավորությունից:
Ինչ վերաբերում է նշված ընտրության երկրորդ փուլին, ապա նախագծով տրվում է մոտեցման սկզբունքը, իսկ բուն կարգը, հասկանալի է, հետո պետք է սահմանվի օրենքով:
Էլ ավելի ուշագրավ է հոդված 89-ի կետ 1-ը. «Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից»: Սա, կարծում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, քանզի անհասկանալի է «առնվազն 101»-ի հակառակը: Այսինքն՝ առավելագույնը որքա՞ն պատգամավոր կարող է լինել եւ ինչո՞ւ չէր կարելի միանգամայն կոնկրետ թիվ սահմանել, ասենք՝ 111:
Կարդացեք նաև
Ի դեպ, միանգամայն ողջունելի է նույն հոդվածի հաջորդ կետը, որի համաձայն, Ընտրական օրենսգրքով ԱԺ-ում տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար: Սա մի բան է, որ շատ վաղուց էր անհրաժեշտ անել:
Խորհրդարանին վերաբերող դրույթներում, օրինակ, անհասկանալի է նաեւ ձեւակերպումը, որ «ԱԺ-ն, իր լիազորությունների ամբողջ ժամկետով իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ եւ նրա տեղակալներ» (հոդված 104, կետ 1): Անհասկանալին այստեղ այն է, որ չի նշվում՝ քանի՞ տեղակալ. 2, 3, թե՞ 4: Լավ է, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պարտադիր ընդդիմությունից պետք է լինի, բայց, կարծում ենք, տեղակալների թվի հարցում, այնուամենայնիվ, որոշակիությունը լավ բան է: Ինչպես, օրինակ, գործող սահմանադրության մեջ է նշված, որ կոնկրետ 2 տեղակալ է ունենում:
Ներկայացված նախագծի հաջորդ՝ հոդված 105-ը (կետ 1) սահմանում է. «Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձեւավորմանը»: Բայց ո՞րն է այդ միտքը սահմանադրորեն ամրագրելու անհրաժեշտությունը:
Փոխարենը, միանգամայն ողջունելի պետք է նկատել նույն հոդվածի 2-րդ կետով տրվող սահմանումը, որ ԱԺ-ում նոր խմբակցություններ չեն կարող ձեւավորվել: Այսինքն՝ կարելի է ասել, որ առաջարկվում է սահմանադրորեն մասամբ սահմանափակել «առնետավազք» կոչված երեւույթի հնարավորությունը: Առաջարկվում է նաեւ ունենալ ԱԺ խորհուրդ, որը, այսպես թե այնպես, կա, ուղղակի կլինի կոնկրետ սահմանված: Խոսքը, այսպես ասած, նախագահության կամ խորհրդարանի ղեկավարության մասին է: Առաջարկվող խորհուրդը կազմելու են ԱԺ նախագահը, տեղակալները, բոլոր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահները:
Մյուս կողմից՝ լիովին համամասնական ընտրակարգի անցնելը, փաստորեն, անկուսակցական եւ որեւէ կուսակցության ցուցակի մեջ մտնել չցանկացող ՀՀ քաղաքացուն զրկում է պատգամավոր ընտրվելու իրավունքից:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում