Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուսացումից դուրս գալու հնարավորություն

Հուլիս 16,2015 16:00

Պատմական համաձայնություն
Իրանի շուրջ

Վիեննայում հուլիսի 14-ին Իրանի ու վեց գերտերությունների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ բանակցություններում համաձայնություն ձեռք բերվեց Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

Ըստ պայմանագրի նախագծի, որի վերջնական տարբերակում հնարավոր էին փոփոխություններ, ՄԱԿ-ի փորձագետներին թույլ կտրվի մուտք գործել Իրանի բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր է միջուկային զենք պահվի կամ մշակվի, Թեհրանը կսահմանափակի իր միջուկային ծրագիրը եւ կազատվի արեւմտյան պատժամիջոցներից: Նախատեսված է, որ պայմանագիրը կգործի 2016-ից:

Համաձայնագիրը ստորագրելով՝ կողմերը հույսի նոր էջ են բացում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների լիագումար ամփոփ նիստի մեկնարկին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը. «Ես կարծում եմ, որ սա պատմական պահ է։ Մենք ընդունում ենք համաձայնագիրը, որը կատարյալ չէ, սակայն դա այն է, ինչին մենք կարողացել ենք հասնել, եւ դա կարեւոր նվաճում է»։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ այս համաձայնագիրը կարող է նոր էջ բացել միջազգային հարաբերությունների համար. «Սա ողջ աշխարհի համար հույսի խորհրդանիշ է»: «Վեցյակն» ու Իրանը պայմանավորվել են քայլերի մասին, որոնք Իրանի համար հասանելի կդարձնեն առեւտրային, տեխնոլոգիական, ֆինանսական ու էներգետիկ ռեսուրսները: ԵՄ-ն քննարկում է ԵՄ երկրների եւ Իրանի միջեւ համագործակցության հետագա հնարավորությունները եւ այդ համատեքստում կքննարկի այնպիսի գործիքների օգտագործումը, ինչպիսիք են արտահանման ֆինանսավորումը, նախագծային ֆինանսավորումը եւ ներդրումներն Իրանում:

Այսպիսով՝ Իրանը սահմանափակում է միջուկային հետազոտությունները եւ ուրանի հարստացումը, ինչի դիմաց Արեւմուտքը սկսում է վերանայել Թեհրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները։ Ձեռք բերված համաձայնությունը տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական նշանակության լուրջ գործընթաց է, ինչը պետք է հաշվի առնի նաեւ հայկական դիվանագիտությունը։

ՀՀ-ն` եվրասիական ինտեգրացիայի եւ «Մետաքսի ճանապարհի» նախաձեռնության զուգակցման ջատագով

«Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան եւ Նեպալը միանում են Շանհայան համագործակցության կազմակերպության ընտանիքին՝ որպես երկխոսության գործընկերներ»,- օրեր առաջ Ուֆայում հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` բացելով Շանհայան համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստն ու հավելեց. «Նշեմ, որ մի ամբողջ շարք երկրներ նույնպես մեր կազմակերպությանը այս կամ այն ձեւով միանալու շահագրգռվածություն են արտահայտում: Մենք ուշադրությամբ, համապատասխան պահանջները հաշվի առնելով՝ պետք է ուսումնասիրենք նրանց հայտերը»: Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր հերթին նույն նիստում ողջունել է ՇՀԿ-ի աշխատանքներին Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Կամբոջայի ու Նեպալի մասնակցելը։

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Սերժ Սարգսյանն Ուֆայում մասնակցեց ԲՐԻԿՍ, ԵՏՄ եւ Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով: ԲՐԻԿՍ-ԵՏՄ-Շանհայան համագործակցության կազմակերպություն փոխգործակցության հիմքում ընկած է ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող եւ փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունը՝ նշեց Ս. Սարգսյանը` հավելելով. «Այս գաղափարի արդյունավետ իրականացման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է մեր ինտեգրացիոն միավորումների ներուժի համադրում եւ տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացում՝ մեր կազմակերպությունների շրջանակներում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ»: Որպես ասվածի գործնական օրինակ՝ Սերժ Սարգսյանը մատնանշել է եվրասիական ինտեգրացիայի եւ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը, որոնք նրա մատուցմամբ` ներդաշնակորեն փոխգործակցելով՝ հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային եւ տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը. «Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, եւ ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսեւորեն»:

Այդ օրը, երբ դեռ չէր կայացել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը, Ս. Սարգսյանը նշել էր. «Կցանկանայի հույս հայտնել, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար: Որպես բարեկամ Իրանի հարեւան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա»: Ս. Սարգսյանի համոզմամբ` անվտանգության անբաժանելիության հիման վրա տարբեր ինտեգրացիոն միավորումների միջեւ երկխոսությունն ու փոխգործակցությունը կարող են կարեւոր ներդրում ունենալ առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածության ձեւավորման գործում՝ ի նպաստ բոլոր պետությունների: «Մենք ընդհանուր հետաքրքրվածություն ունենք բազմապլան համագործակցության ընդլայնման, վստահության եւ փոխըմբռնման ամրապնդման հարցում: Կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծել արդյունավետ գործիքակազմ ոչ միայն միջպետական, այլեւ միջանձնային, հանրային դիվանագիտության եւ մեր երկրների գործարար շրջանակների շփումների մակարդակում փոխշահավետ համագործակցության համար»:
Պաշտոնական Երեւանն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով ողջունեց իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը. «Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարեւոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության եւ համագործակցության ամրապնդման։ Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի եւ բարեկամ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»:

Օրեր առաջ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը իրանական «Դոնյայե Էղթեսադ» պարբերականին հարցազրույց է տվել: Ըստ Panorama.am-ի` Արտաշես Թումանյանը շեշտել է, որ Հայաստանի նպատակն է Պարսից ծոցը կապել Վրաստանին եւ սեւծովյան տարածաշրջանին. «Մենք ցանկանում ենք Իրանում առկա երկաթուղային ենթակառուցվածքից օգտվել եւ Պարսից ծոցի տարածաշրջանը կապել Հայաստանին: Այդ նպատակով արդեն իսկ կառուցման փուլում է գտնվում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որն Իրան-Հայաստան սահմանը կապում է Հայաստան-Վրաստան սահմանին: Այդ կերպ մենք հետագայում հնարավորություն կունենանք դուրս գալ նաեւ սեւծովյան տարածաշրջան: Սակայն այդ նախագիծը լիարժեք դարձնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Իրանի տարածքում կառուցվի շուրջ 60 կմ երկարությամբ երկաթգիծ, որը կհասնի մինչեւ Հայաստանի սահման»: Հարցին՝ տնտեսական հարաբերությունների աշխուժացման համար ինչպիսի՞ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում, Թումանյանը նշել էր. «Ենթակառուցվածքների ստեղծման գործում Հայաստանն Իրանի հետ համատեղ ծրագրեր է իրականացնում: Արդեն իսկ էլեկտրահաղորդման երկու գիծ է կառուցված, իսկ երրորդը կառուցման փուլում է»:

Նոր հեռանկարներ
Հայաստանի համար

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն օրերս ուշագրավ միտք էր արտահայտել՝ շեշտելով, որ դա ԵՄ-ի գնահատականն է. «Մեր կարծիքով՝ տարածաշրջանում Հայաստանը ծառայում է որպես կայունացնող բեւեռ: Սա այն երկիրն է, որտեղ հերթափոխի սկզբունքով ու կանոնավոր տեղի են ունենում ընտրություններ: Այս տեսանկյունից իրավիճակը Հայաստանում մեզ բավարար է թվում: Մեր, Եվրամիության ընդհանուր գնահատականն է, որ Հայաստանի որդեգրած դիրքորոշումը ճիշտ ուղու վրա է, թեեւ եղել են որոշ խնդրահարույց ոլորտներ, որոնք մենք մատնանշել ենք»:
Տարածաշրջանային առումով Հայաստանը իրանյան համաձայնության ֆոնին նոր նշանակություն է ստանում: Սակայն ամեն ինչ կախված է Հայաստանի նախաձեռնողականությունից, սկզբունքայնությունից: Եթե Հայաստանի նպատակն է, որպեսզի Պարսից ծոց-Իրան-Հայաստան-Վրաստան–Սեւ ծով տրանսպորտային միջանցքը ժամանակին կառուցվի, ու առհասարակ Հայաստանը ակտիվորեն ներգրավված լինի երկու երկրների համար նպաստավոր տարածաշրջանային ծրագրերում, ապա Հայաստանն իր հարեւանների` Իրանի ու Վրաստանի հետ փոխհարաբերություններում որոշակի ինքնուրույնություն պետք է դրսեւորի:

Իրանը Եվրոպայի եւ Ռուսաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության մի շարք հնարավորություններ ունի: Իրանը Թուրքիայի միջոցով կարող է հաղորդակցվել Եվրոպայի հետ, Իրաքի եւ Սիրիայի տարածքով կարող է դուրս գալ Միջերկրական ծով, Ադրբեջանի եւ Վրաստանի միջոցով դուրս գալ Սեւ ծով եւ այլն: ՀՀ իշխանությունները նշում են, որ Հյուսիս-Հարավ առանցքում լիակատար ներգրավման համար ցանկանում են, որպեսզի Իրանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցը Պարսից ծոցը կապի Հայաստանի սահմանի հետ, իսկ Հայաստանում վերակառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին այն կապի Վրաստանի սահմանի հետ եւ ապահովի մեզ համար ելք դեպի Սեւ ծով:
Այս ցանկությունները կյանքի կոչելու համար դիվանագիտական ասպարեզում Հայաստանը լուրջ աշխատանք պետք է իրականացնի, եւ երրորդ որեւէ կողմ չպետք է խոչընդոտի նման հավակնոտ ծրագրերին: Հայաստանը մեկուսացումից դուրս գալու լուրջ հնարավորություն է ստացել իրանական համաձայնության շրջանակներում: Մնում է, որ այս ծրագրերը չմնան միայն որպես բարի ցանկություններ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031