Լրահոս
Օրվա լրահոսը

Պապական տունը Թուրքիայում հյուրանոց են դարձրել

Հուլիս 16,2015 15:30

Բայց հյուրանոցի թրքուհի տիրուհին պատերից մեկի գրառումը չի մաքրել՝ մտածելով, որ սերունդները ոնց էլ լինի՝ կգան

«Ցավալին այն է, որ անընդհատ քանդվում են հայկական եկեղեցիները, եւ մինչեւ հիմա թուրքերը, քրդերն այդտեղ ոսկի են փնտրում: Երբ ես գնացի, ինձ հարցրին՝ քարտեզն ունե՞ս, ասացի՝ ես քարտեզ չունեմ, ոսկու հետեւից չեմ եկել, բայց պետք է ասեմ, որ ոսկին հողի տակ չէ, ոսկին այս քարերն են, այս մարդիկ են: Նրանք զարմացած ինձ էին նայում, թե ինչ եմ խոսում, քարն ինչպե՞ս կարող է ոսկի լինել, ասացի՝ այս քարերը փաստ են, սրանք իմ ոսկիներն են, եւ ես սրանց հետեւից եմ եկել: Տխուր է, որ եկեղեցու մեջ մտնում ես՝ մինչեւ 4-5 մետրանոց փոսեր կան»,- «Առավոտի» հետ զրույցում իր տպավորություններն է պատմում բրազիլահայ լուսանկարիչ Նորայր Շահինյանը: Լուսանկարիչը 2012 թվականին առաջին անգամ գնացել է Թուրքիա՝ նախնիների հայրենիք՝ լուսանկարիչ պապի՝ Ավետիս Շահինյանի պատգամը կատարելու: Պապը ասել է՝ գնա, նկարիր ու պատմությունը ցույց տուր աշխարհին:

4-1-2
Նորայրը ծնվել եւ մեծացել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, չհաճախելով հայկական դպրոց՝ հրաշալի տիրապետում է հայերենին՝ շնորհիվ հայալեզու ընտանիքի: Լուսանկարչական տաղանդը ժառանգել է պապից, որը 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ Արեւմտյան Հայաստանի Մարաշ քաղաքից գաղթել է Հալեպ եւ այնտեղ հիմնել իր լուսանկարչական ստուդիան:

Թուրքիայում Նորայրն այցելել է պապական տուն եւ տեսել, որ տունը հյուրանոց է դարձել, որն աշխատեցնում է մի թրքուհի կին: Սակայն վերանորոգված հյուրանոցի սենյակներից մեկի պատին կինը ձեռք չի տվել, քանի որ այնտեղ գրություն է եղել: Գործարար կինը, ինչպես Նորայրն է պատմում, մտածել է, որ օրերից մի օր այս տան տերերի ժառանգները կայցելեն, եւ չի սխալվել:

4-1
«Այս գիրը գրեցի 1922-ին Նշան Էֆենտիի մօտ տունը 25 օր կեցայ հիմա կ՛երթամ Հելա ¥Հալեպ¤, մնաք բարով ընկերներ ով որ կարդայ Պետրոս թող յիշէ զիս… Տեր …պ… Եան»,- այս գիրը կարդալուն պես, Նորայրի խոսքերով, արցունքները մի կերպ է զսպել: Նորայր Շահինյանը պատմեց, որ երբ առաջին անգամ ոտք է դրել Թուրքիա՝ ձեռքին ունեցել է միայն «Ակոս» թերթի հասցեն եւ այդ թերթի հիմնադիրներից մեկի՝ Սարգիս Սերոբյանի հեռախոսահամարը. «Նա ինձ շատ օգնեց Թուրքիայում, եւ միասին քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, քար-քար այցելել ենք: Խնդիր ունեցա. երբ առաջին անգամ գիրը գտա, մեծ աղմուկ եղավ Թուրքիայում, եւ հոդվածներ գրվեցին դրա առիթով, եւ մարդիկ կային, որ հետեւում էին ինձ»:

2012 թվականից սկսած՝ ամեն տարի մի քանի ամսով Նորայրը այցելել է Թուրքիա, որպեսզի ավարտին հասցնի ուսումնասիրությունը: Նրան իր գործում շատ է օգնել հայկական համայնքը:

Տարիների աշխատանքը հավաքել է մեկ գրքում եւ հրատարակել 1500 օրինակ՝ երեք լեզուներով՝ հայերեն, թուրքերեն եւ անգլերեն: Լուսանկարիչն այս գրքում «Դատարկության զորությունը» խորագրով լուսանկարներում ներկայացրել է հայերի քարուքանդ եղած տները, եկեղեցիներ, քանդված դպրոցներն ու այն կյանքը, որը փոխվել է շատերի համար:

«Հարցնում եմ՝ ինչո՞ւ, ինչ կատարվեցավ, ո՞ւր են այդ մարդիկ, որ հոս կաբրեին, կաղոթեին, դաս կառնեին»,- ասում է Նորայրը: Նա իր լուսանկարների մի շարք էլ անվանել է «Ծրագիրը ձախողված է», որտեղ լուսանկարները պատմում են այն մասին, որ թուրքերի գծած ծրագիրը, ըստ որի՝ մեկ հատ հայ չպիտի մնար, չհաջողվեց:
Նորայրը այցելելով Թուրքիայի Վագըֆլը հայկական վերջին գյուղ՝ այնտեղ գտել եւ լուսանկարել է 25 հայ պապիկների, որոնք Քեսաբի գրավման ժամանակ անցած տարի չցանկանալով լքել իրենց տները՝ հայտարարել են. «Մեզ կոտորեք, մենք մեր Քեսաբի մեջ կուզենք մեռնել»: Նորայրի պատմելով՝ այդ մարդկանց հավաքել եւ բերել են Թուրքիայի սահմանի մոտ՝ Վագըֆլը գյուղին շատ մոտ: Այս բնակավայրը մուսալեռցիների գյուղն է, որտեղ ապրում են 250 հայեր: Նրանք ունեն եկեղեցի, եւ գյուղացիները այդ ծերունիներին 50 օր պահել են իրենց մոտ:

«Այդ մարդկանցից մեկի հետ իմ հանդիպումը շատ հուզիչ էր, քանի որ նա եւս լուսանկարիչ էր, եւ երբ պատմեց, թե ինչպես է պապիկիս ստուդիան հաճախել, հուզվեցի»:
Նորայրը լուսանկարել է 95-ամյա մի կնոջ՝ Պաքրիճիողլուն, որի նախնիները նույնպես Ցեղասպանության ժամանակ զոհվել են, իսկ նա որբացել է: Այդ կինը, Նորայրի խոսքերով, մեծացել է քրդերի մեջ, սակայն նրա 5 սերունդը չի ձուլվել եւ հայ է մնացել: Նորայրը նկարել է նաեւ նրա գերդաստանին, որոնք ապրում են մի հարկի տակ՝ Քախթայում:
Թուրքիա գալուց առաջ Նորայրը վախ է ունեցել, քանի որ, նրա խոսքերով. «Բրազիլիայում վախով են մեզ մեծացրել, որ թուրքին պիտի ատես, դրոշը պիտի այրես, եթե քեզ տեսնեն, ապա կսպանեն, իսկ եթե դու տեսնես՝ դու պետք է սպանես: Եվ առաջին անգամ Թուրքիա գնալուց փոքր-ինչ վախ կար մեջս, բայց քանի որ ես շատ եմ ճանապարհորդել եւ սիրում եմ վախը ադրենալին դարձնել, գնացի: Ես էլ նման բաներ չեմ մտածել, մենք պետք է Հայաստանից դուրս էլ հայ լինենք, եւ կային նաեւ հայեր, որոնք խաչը վզներից կախած ման էին գալիս եւ ասում էին, որ հայ քրիստոնյա ենք»:

Նորայրի խոսքերով՝ իր նպատակն է, որ ամբողջ աշխարհը եւ հատկապես իր սերունդը տեսնի եւ ճանաչի եղածը. «Գնա Թուրքիա, այդ պետության հետ հարաբերություններ ստեղծի՝ լուսանկարիչը լուսանկարչի հետ, պատմաբանը՝ պատմաբանի: Կան շատ թուրքեր, որ ընդունում են Ցեղասպանությունը եւ ասում են՝ ամոթ մեր պետությանը, որ չի ընդունում Ցեղասպանությունը: 100-ամյակը չի մնա, 101-ը պիտի գա, 102-ը, թվերը բան չեն փոխի, պետք է այնտեղ գնանք եւ շատանանք. կարեւորը այս վերջի տարիների տեսածս է. այն, որ 1000 հոգի էին այն հայերը. որոնք հելնում էին Թուրքիայում Ցեղասպանության հիշատակի օրը, հիմա արդեն 10 հազար հայեր կան»:

Նորայր Շահինյանի լուսանկարները ցուցադրվել են Թուրքիայում՝ ապրիլի 23-ին: Սեպտեմբերին էլ Նորայրը պատրաստվում է Հայաստանում ցուցահանդես կազմակերպել:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031