Ամբաստանյալ Վահան Գրիգորյանը եւ Գեւորգ Մկրտչյանը վերջերս դատապարտվեցին 5 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման։ Նրանք անցյալ տարվանից կալանավորված են եւ գտնվում են արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ոստիկանության տեսուչ, ամբաստանյալ Վիրաբ Առաքելյանն էլ մեղավոր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ այդ հոդվածի սանկցիայով դատապարտվեց ազատազրկման 3 տարի ժամկետով, որոշակի` պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով մեկ տարի ժամկետով։ Վիրաբ Առաքելյանի պատժի կրման սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի վերցնելու՝ կալանավորելու պահից։ Նրա նկատմամբ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը գործում է ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցը: Վահան Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, կվերացվի:
Անչափ ուշագրավ պատմությունը սկսվեց այն պահից, երբ Վահան Գրիգորյանն իր ազգական Գեւորգ Մկրտչյանի հետ «նախնական համաձայնության գալով», «շորթում կատարելու նպատակով» կաշառք են տվել պաշտոնատար անձ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն ծառայության» ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչ Վիրաբ Առաքելյանին։
Ըստ քրեական գործի նյութերի, 2014թ. հունվարի 25-ին ոստիկանության տեսուչը 9.000 դրամ կաշառք է ստացել Վահան Գրիգորյանից։
Ինչու, ինչպես է դա տեղի ունեցել:
Կարդացեք նաև
2014թ. հունվարի 25-ին Վահան Գրիգորյանը՝ իր «ԲՄՎ 528 I» մակնիշի 91 AA 901 համարանիշի ավտոմեքենայով, Գեւորգի հետ ընթացել է Երեւան-Արմավիր ավտոճանապարհով:
Այդ ժամանակ «Տոյոտա կոռոլա» մակնիշի 682 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենայով էլ իրենց շրջիկ ծառայությունն են իրականացրել տեսուչները՝ Վիրաբ Առաքելյանն ու Նաիրի Սահակյանը։ Նրանք դիտավորյալ խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները, ըստ մեղադրանքի՝ Վահան Գրիգորյանը հատել է տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող հոծ գծերը եւ չթույլատրված վայրում հետադարձ է կատարել: ՃՈ տեսուչները տեսնելով ակնհայտ խախտումը՝ բարձրախոսի միջոցով կանգնեցրել են Գրիգորյանի ավտոմեքենան։ Վահան Գրիգորյանն ու Գեւորգ Մկրտչյանը որոշել էին, որ հետագայում շորթում կատարելու համար «Քենոն FS 300A» մոդելի տեսախցիկով տեսագրեն Վահան Գրիգորյանի եւ ՃՈ տեսուչի «հանդիպումը»։
Տեսուչ Վիրաբ Առաքելյանը մոտեցել է վարորդ Վ. Գրիգորյանին եւ երկու ավտոմեքենաների միջեւ ընկած հատվածում նրան հայտնել ՃԵԿ կանոնների խախտման մասին։ Նաիրի Սահակյանը ծառայողական ավտոմեքենայի ղեկին էր: Պայմանավորվել են, որ Վիրաբ Առաքելյանը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմի, հետեւաբար՝ չի տուգանի, դրա դիմաց Վահանը նրան անձամբ տվել է 9.000 դրամ կաշառք:
Ճանապարհային ոստիկանը, ստանալով կաշառքը, թույլ է տվել, որպեսզի մեքենան հեռանա:
Վիրաբը, դատարանում առկա գործի նյութերի համաձայն, կաշառքի մասին հայտնել է այս գործով տուժող ընկերոջը՝ Նաիրի Սահակյանին:
Ն. Սահակյանի հետ որոշել են կանգնեցնել ավտոմեքենան, գումարը վերադարձնեն: Կանգնեցրել են:
«Երբ Վիրաբ Առաքելյանը գումարը վերադարձնելու նպատակով մոտեցել է Վահան Գրիգորյանին, վերջինս հայտնել է, որ նրա կաշառք ստանալու փաստը տեսանկարահանել են։ Ճանապարհային ոստիկանության տեսուչներին արատավորող տեսագրությունը չհրապարակելու սպառնալիքով, Վահան Գրիգորյանն ու Գեւորգ Մկրտչյանը, նախնական համաձայնությամբ, միավորելով իրենց ջանքերը, գործողությունները, լրացնելով միմյանց՝ Վիրաբ Առաքելյանից եւ Նաիրի Սահակյանից պահանջել են 500.000 դրամ։ Նույն օրը, Վիրաբ Առաքելյանի եւ Նաիրի Սահակյանի հետ տեղի ունեցած մյուս հանդիպումների ժամանակ եւս, Վահան Գրիգորյանն ու Գեւորգ Մկրտչյանը` գումար շորթելու դիտավորությամբ, շարունակել են նրանցից պահանջել 500.000 դրամ, եւ, ի վերջո, Վահան Գրիգորյանը, սակարկելով ՃՈ տեսուչների հետ, համաձայնել է տեսագրությունը չհրապարակելու, այն ՀՀ ոստիկանության ղեկավարությանը կամ 1-02 լրատվական ծառայությանը չտրամադրելու համար, նրանցից ստանալ 400.000 դրամ»,- ասված էր մեղադրանքում։
Հունվարի 28-ին Վահանն ու Գեւորգը 400.000 դրամը Վիրաբ Առաքելյանից եւ Նաիրի Սահակյանից ստանալու պահին, Էջմիածնի Արարատյան փողոցում, ավտոմեքենայի մեջ բռնվել են ոստիկանության օպերատիվ խմբի կողմից եւ բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։
Վահան Գրիգորյանը մինչ օրս չի ընդունել իրեն մեղսագրվածը, նա ընդունել է միայն ճանապարհային երթեւեկության խախտում կատարելը: Պաշտպանական կողմի հարցադրումներից է. ինչո՞ւ փորձաքննություն չի նշանակվել, որտե՞ղ է նկարահանվածը, ինչո՞ւ է առաջադրվել ենթադրություններով մեղադրանք, ապացույցներն ո՞ւր են, ինչո՞ւ չկան:
«Հունվարի 28-ին մեզ բռնել են, անցել է ժամանակ եւ մեղսագրել են կաշառք տալու հոդվածը։ Վ. Առաքելյանն ինչո՞ւ է դրսում, ինչո՞ւ են իրենք գտնվում անազատության մեջ»,- հարցնում են ամբաստանյալները։
Ի դեպ, դատարանում պարզվեց, որ Վահան Գրիգորյանը նախկինում աշխատել է ոստիկանության Էջմիածնի բաժնում, հետո ազատվել է աշխատանքից։ Մի անգամ արագ վարելու համար կանգնեցրել են մեքենան, մոտեցել է Ն. Սահակյանը, «իբրեւ իրեն չի ճանաչել, արձանագրություն է կազմել, ինքն էլ ստորագրել է։ Գրել է՝ ոչ թե արագ վարելու, այլ՝ շարքերի վերադասավորման խախտում։ Մտքում ինքը խոստացել է հատուցել»։
Ցուցմունքներից մեկի համաձայն, տեսուչները նույն օրվա երկրորդ կեսին եկել են, Ն. Սահակյանն ասել է, որ Վահանի հետ խոսելու բան ունի. «Նրանք ագրեսիվ են տրամադրված եղել եւ ասել են, որ իրենց ոչինչ չունեն տալու։ Իջել գնացել է, մեկ ժամ հետո եկել է Վ. Առաքելյանի հորեղբայրը` Լյովան։ Ինքն ասել է, որ նրանց հետ խոսելու ոչինչ չունի։ Կրկին եկել են, ազդանշան տվել, սկսել փափուկ խոսել։ Ն. Սահակյանն առաջարկել է 400.000 դրամ տալ, Վիրաբը չի խոսել։ Հաջորդ օրը Վիրաբը եկել է, ցանկացել է ձայնագրությունը դիտել, նոր գումարը տալ։ Նայել է երկու անգամ, տվել գումարը, ինքը վերցրել է ձեռքը, սիրտը վկայել է, որ անխելքներն ինչ-որ բան են արել։ Գցել է մեքենայի մեջ՝ նստատեղի վրա եւ դուրս եկել։ Սա է եղել ամբողջը։ Ամսի 6-ին քննիչը ցուցմունք է վերցրել, որ ինքը կաշառք է տվել»։
Վահանն, ի դեպ, Վ. Առաքելյանին նախկինում չի ճանաչել։ Պարզապես՝ «ցանկացել է կաշառակերից վրեժ լուծել», իսկ Վ. Առաքելյանն էլ «աճպարարի նման վերցրել է գումարը եւ անհետացել»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2015