Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ չինովնիկներից ոմանք «ուժ» են գործադրում

Հուլիս 16,2015 14:30
npast

85 տարեկան եմ (1930թ. ծնված)։ ԽՍՀՄ-ի տարիներին 50 տարուց ավելի աշխատել եմ Հայաստանի լեռներում, որից էլ մոտ 5 տարի՝ Հյուսիսային եւ Կենտրոնական Աֆրիկայում։ Բնականաբար, ունեցել եմ որոշակի խնայողություններ ինչպես ԽՍՀՄ ռուբլով, այնպես էլ Աֆրիկայում վաստակած տարադրամային գումարով (չեկ՝ արտահայտված հատուկ ռուբլային արժույթով)։ Անհամբեր սպասում էի, թե՝ երբ կհասնի իմ հերթը, որպեսզի ես էլ ստանամ իմ նախկին ավանդի դիմաց այժմ վճարվելիք չնչին գումարները։ Հունվարին (2015թ.) տեղեկացա, որ ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. վճարել մինչեւ 1931թ. ծնված ծերունիների ավանդի դիմաց հասանելիք փոխհատուցումը։ 2015թ. հունվարի երկրորդ կեսին գնացի «ՎՏԲ-Հայաստան» բանկի բաժանմունք, գրանցվեցի, վճարեցի 2900 դրամ պահանջվող գումարը եւ «հրահանգ» ստացա 90 օր հետո այցելել սոցապ բաժին (ավելի ստույգ՝ տարածքային «Փարոսի» բաժանմունք)։ 2015թ. ապրիլի 28-ին պահանջվող բոլոր փաստաթղթերով, մինչեւ անգամ էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսի համար վճարած գումարների կտրոնները, ներկայացա Երեւանի Աջափնյակ համայնքի «Փարոսի» բաժանմունք, օրիորդ (միգուցե տիկին) Թագուհուն։ Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ օրիորդ Թագուհին մեզ (ինձ եւ 80-ամյա կնոջս) ընդունեց շատ սիրալիր, ընդունեց մեր փաստաթղթերը, ինչ-որ դիմումի բլանկի ձեւերի 4-5 օրինակների վրա ստորագրություն վերցրեց եւ ասաց՝ «գնացեք եւ սպասեցեք իմ զանգին»։
Սպասեցինք մեկ ամսից ավելի, բայց ոչ մի զանգ՝ Թագուհու կողմից։ Զանգահարեցի ես եւ ցանկացա իմանալ գործերի վիճակի մասին։ Թագուհին ինձ ասաց, որ իրենից պահանջվող բոլոր գործողություններն ինքը կատարել է եւ «թղթերն» ուղարկել է ՀՀ սոցապնախարարություն եւ սպասում է նրանց որոշմանը։

Սպասեցի եւս մեկ-երկու շաբաթ եւ՝ ոչ մի զանգ։ Զանգահարեցի ինքս սոցապնախարարության «թեժ գիծ» (1-14 համարով)։ «Թեժ գծից» ինձ տվեցին ՀՀ սոցապնախարարության մի հեռախոսահամար, որտեղից հնարավոր էր ստանալ ինչ-որ տեղեկություն։ Զանգահարեցի տրված համարով, որտեղից էլ ինձ պատասխանեցին, որ ես ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարող եմ ստանալ մեր տարածքային սոցապ բաժնից («Փարոսից»)։ Հունիսի կեսերին նորից զանգահարեցի մեր օրիորդ Թագուհուն, որն էլ ինձ ասաց, որ գործերը ստացվել են սոցապնախարարությունից եւ այժմ պետք է սպասել, թե երբ կհասնի իմ հերթը (հենց այդ ժամանակ էլ, կարծես թե իմիջիայլոց ասաց՝ «հավանաբար ձեր հերթը կհասնի 6-7 ամիս հետո»)։ Սպասեցի եւս մեկ ամիս։ 2015թ. հուլիսի 7-ին նորից զանգահարեցի օրիորդ Թագուհուն՝ իմանալու, թե՝ ես երբ կարող եմ ստանալ ինձ հասանելիք փոխհատուցումը։ Թագուհին ինձ պատասխանեց, որ ինքը չի կարող ասել, թե ես երբ կարող եմ ստանալ իմ գումարը եւ էլի դարձյալ իմիջիայլոց ասաց՝ «հիմա վճարում ենք հոկտեմբեր (բնականաբար՝ 2014թ. հոկտեմբեր) ամսին ձեւակերպված ավանդները»։ Ես խնդրեցի ինձ ասել իմ հերթի (գրանցման) համարը, որպեսզի սոցապնախարարությունից ես ստանամ ինձ հետաքրքրող տեղեկությունը, օրիորդն ինձ մերժեց՝ «ես դա Ձեզ ասել չեմ կարող» խոսքերով։

Ի՞նչ է սա նշանակում, հարգելի ՀՀ կառավարություն. եթե դուք ձեր դրամապահոցում գումարներ չունեք, որպեսզի վճարեք մեկ ոտքով գերեզմանում կախված, շատերը նույնիսկ երկրորդ ոտքով էլ կիսով չափ կախված ծեր մարդկանց այդ չնչին փոխհատուցում կոչվող գումարները, էլ ինչո՞ւ էիք ուրախացնում որոշումներով՝ 2015թ. վճարել ոչ միայն մինչեւ 1930թ. ծնվածներին, այլեւ նույնիսկ մինչեւ 1931թ. ծնվածներին։ Բոլոր ձեւակերպումներից հետո նույնիսկ, եթե ես մեկ տարի եւ ավելի ժամանակահատված պետք է սպասեմ, ուրեմն մինչեւ 1931թ. ծնվածներն էլ պետք է սպասեն եւս այդքան ժամանակահատված, եթե, իհարկե, դրանցից ոչ մեկը ծանոթ կամ մտերիմ չունի ՀՀ կառավարությունում, սոցապնախարարությունում կամ, գոնե, սոցապ բաժնում («Փարոսում»)։
Այս բոլոր ձգձգումների մեջ ես միտում եմ տեսնում, որը, ըստ իս, ունի երկու տարբերակ, բայց այդ մասին այժմ չեմ ցանկանում բարձրաձայնել՝ «Չարի ականջները կարող են բաց լինել»։

Ի վերջո, ես ե՞րբ կարող եմ ստանալ ինձ հասանելիք փոխհատուցում կոչվող գումարները, հարգելի կառավարություն։

ՀՐԱՉՅԱ ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031