Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիսատեսի ֆավորիտ՝ հայազգի բասին շնորհվեց երրորդ մրցանակ

Հուլիս 16,2015 14:00

Այդ առիթով տարակուսանք է հայտնում լատիշ երաժշտական քննադատը

Ցանկացած մրցույթին այդ թվում՝ միջազգային, հաջորդում են կուլիսային խոսակցությունները, հաճախ էլ դրանք վերաճում են ասեկոսեների, նույնիսկ բամբասանքի: ԶԼՄ-ները ողողվում են տարաբնույթ, շատ հաճախ՝ իրարամերժ կարծիքներով: Սակայն այն, ինչի հանդիպեցինք վերջերս Ռիգայում ավարտված Յազեպս Վիտոլսի անվան երիտասարդ վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթի ավարտից անմիջապես հետո, իսկապես նախադեպը չունի: Տեղի LSM.LV էլեկտրոնային թերթում լատիշ երաժշտական քննադատ Մաշա Նասարդինովան գրում է, թե մրցույթի առաջին փուլում հայ օպերային երգիչը Էդվարդ Աբրահամյանի «Իմ Արարատ» ստեղծագործության կատարումով «տաքացրեց» դահլիճը: Նա ստիպված էր հանդես գալ նաեւ հաղթական բիսով, ինչը տեղի չի ունենում սովորաբար մրցույթների ժամանակ: Շարունակելով խոսքը, քննադատը կարծիք է հայտնում, թե հայազգի բասը, իր խոսքերով՝ մի քանի աստիճան բարձր էր եզրափակիչ անցած բոլոր մասնակիցներից: Իսկ երրորդ փուլում նրա կատարմամբ Ֆերանդոյի արիան Վերդիի «Տրուբադուրից» աննկարագրելի տպավորիչ էր: Երաժշտական քննադատը նաեւ նշում է, որ հայ երգիչը մրցութային երեք փուլերում էլ ներկայացավ արժանապատվորեն թե ծրագրի եւ թե կատարման իմաստով, ավելին, նա դեռ առաջին փուլում ելույթից հետո կուլիսներ գնաց իբրեւ հանդիսատեսի ֆավորիտ: Մասնագետի խոսքը վերաբերում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանին (բաս), որը այդ մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի: Առաջինը շնորհվել է սոպրանո Մարցելինա Բեյշերին (Լեհաստան), երկրորդը՝ Նորվեգիան ներկայացնող մեցո սոպրանո Մարգարեթ Ֆրեդհեյմին: Ժյուրիի աշխատանքները գլխավորել է լատիշ Մայա Կովալեւսկայան՝ Նիկոլաս Պայնեի (Մեծ Բրիտանիա), Օուտի Կահկոնեի (Ֆինլանդիա), Վլադիմիր Պրոդնիկովի (Լիտվա), Անդրիս Վեյսմանի (Լատվիա) եւ Զիգրիդ Կրեգեյոյի (Լատվիա) մասնակցությամբ:

«Առավոտի» հետ զրույցում նախկինում Վլադիկավկազում, Հյուսիսային Կորեայում եւ մեծանուն Պավել Լիսիցյանի անվան մրցույթներում դափնիներ շահած Հայկ Տիգրանյանը նշեց, որ այս մրցույթին Հայաստանից մասնակցել է 9 վոկալիստ՝ Երեւանի կոնսերվատորիայից եւ Ազգային օպերային թատրոնից: Ասաց նաեւ, որ իրենց ուղեկցել է Ազգային օպերային թատրոնի մենեջեր Մաքսիմ Նովիկովը, որը հոգացել է մրցույթի հետ կապված, իր խոսքերով՝ հնարավոր եւ անհնար բոլոր պայմանները: «Հայերս միանշանակ հիանալի հանդես եկանք: Մեր կոնսերվատորիայից, օրինակ, Տիգրան Օհանյանը ճանաչվեց «Լավագույն երիտասարդ տենոր», Քրիստինե Սաֆարյանը մրցանակ ստացավ «Լավագույն լատվիական ռոմանսի» կատարման համար: Ընդ որում, երկուսն էլ կոնսերվատորիայում ուսանում են պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարանում: Մեր կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանն էլ ճանաչվեց լավագույնը…»,- ասաց երգիչը:

Hayk_Tigranyan-2

Հայկ Տիգրանյանը տիկնոջ՝ Արմինեի հետ:

Մեր հանդիսականը հավանաբար հիշում է Հայկ Տիգրանյանին նրա առաջին բեմելից՝ Քյոխվա՝ Տիգրանյանի «Անուշ» օպերայում, որին հաջորդեցին Մելիքը («Դավիթ-Բեկ»), Վասակը (Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ»), Բժիշկը (Վերդիի «Տրավիատա»), Ֆերանդոն («Տրուբադուր»), Ռամֆիսը («Աիդա»), Մազետոն (Մոցարտ՝ «Դոն Ժուան»), Ծեր գնչուն (Ռախմանինովի «Ալեկո»), Օրովեզոն (Բելինիի «Նորմա»): Երգիչն ասաց, որ նոր թատերաշրջանում առաջին անգամ հանդես կգա Ցյունիգայի (Բիզե՝ «Կարմեն») եւ Կալիստենի (Դոնիցետիի «Պողիկտոս») օպերաներում: Հարցին, թե Լատվիայում կայացած մրցույթից հետո ունի՞ հրավերներ, Հայկ Տիգրանյանը պատասխանեց. «Հրավերներ ունեի նաեւ մինչ մասնակցությունս մրցույթին եւ օպերային թատրոններից, եւ իբրեւ համերգային կատարողի: Այս պահին թատրոնում ընթանում են «Կարմենի» փորձերը, որտեղ զբաղված եմ ու կարծում եմ՝ Գեղամ Գրիգորյանի՝ իբրեւ գեղարվեստական ղեկավար թատրոն վերադառնալուն պես կավելանան խաղացանկային ներկայացումները եւ հետեւաբար մենք էլ հանդես կգանք ավելի հաճախ, քան նախկինում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում. Հայ բասը՝ «Տրուբադուրում» Ֆերանդոյի կերպարում:

«Առավոտ» օրաթերթ
15.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031