Ինչ սկսել է գործել Բերձորի պետական մանկապարտեզը, շատ եմ այցելել, ներկա եղել մանուկների հանդեսներին, որոնք եղել են անմիջական եւ ներկաներին 1-2 ժամով կտրել առօրյա հոգսերից, պատճառել ուրախություն ու ծիծաղ: Հուլիսի 9-ին «Ողջույն դպրոց» խորագիրը կրող ավարտական ցերեկույթով հանդես եկան մանկապարտեզի ավարտական «Հրաշամանուկներ» խմբի 27 փոքրիկները (դաստիարակներ՝ Լ. Գեղամյան եւ Ա. Գուլակյան): Ցերեկույթի սկզբում երեխաները, բաժանված կարմիր, կապույտ եւ նարնջագույն (ծիրանագույն) խմբերի՝ 9-ական մասնակիցներով, մրցեցին «Հայ ասպետ» խաղում, որի ընթացքում փոքրիկները ցույց տվեցին իրենց սովորածը մանկապարտեզում: Խաղը վարում էր մանկապարտեզի նախկին սան՝ երկրորդ դասարանցի Մանե Ալեքսանյանը, իսկ հանձնախումբը գնահատում էր յուրաքանչյուր պատասխան աստղիկով կամ Հայ ասպետով:
Բնական է՝ հաղթեցին միասնությունը, ժպիտը, բարությունը, մանուկների անկեղծ ելույթները, ստացած գիտելիքները: Բացի հարցերին պատասխանելուց, փոքրիկները հանդես եկան նաեւ «Քոչարի», «Յարխուշկա», «Շուրջպար» եւ «Հրաժեշտ» ազգագրական պարերով (պարուսույց՝ Էլինար Հայրապետյան), ինչպես նաեւ՝ հայրենասիրական երգերով՝ «Փոքրիկ զինվորիկը», «Մեր բանակը», «Եկեք հաշվենք» եւ այլն: Ցերեկույթին ներկա էին շրջվարչակազմի աշխատակիցներ, Բերձորի քաղաքապետը, ծնողներ, հյուրեր, մանկապարտեզի անձնակազմը: Փոքրիկներն իրենց երախտագիտությունը ծաղկեփնջերով արտահայտեցին՝ դրանք նվիրելով սիրելի դաստիարակներին, խոհարարներին, դայակներին: Պարի հրավիրեցին տարեցներին, կտրեցին հրաժեշտի տորթը: Տնօրեն Իննա Բաբայանը շնորհավորեց հերթական հրաշամանուկներին՝ մանկապարտեզն ավարտելու եւ շուտով դպրոց հաճախելու առթիվ՝ մաղթելով բարին ու կանաչ ճանապարհ: Իրենց սաներին բարին մաղթեցին նաեւ դաստիարակները, ովքեր մի քանի տարիների ընթացքում դաստիարակել եւ գիտելիք են տվել մեր երկրի վաղվա տերերին: Ավարտվում է հերթական ցերեկույթը մանկապարտեզում. հրաժեշտ ենք տալիս փոքրիկներին՝ հավատով, որ խաղաղությունը, բարին կուղեկցեն նրանց:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2015