Ծաղկաձորում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին հետեւելու էր եկել նաեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, որը նույնպես մասնակցեց լրագրողների հետ կազմակերպված հանդիպմանը:
«Դուք գիտեք, որ վերջին տարիներին հատկապես օլիմպիական մարզաձեւերում չի լինում անգամ աննշան մրցում, որը չհայտնվի պարոն Գագիկ Ծառուկյանի ուշադրության ոլորտում: ՀԱՕԿ-ի նախագահը դեռ անցած տարի էր խոստացել, որ հրաշալի մարզիկ եւ լավ մարդ Ստեփան Սարգսյանի 20-րդ՝ հոբելյանական, մրցաշարը պետք է անցնի ամենաբարձր մակարդակով՝ թե մասնակիցների կազմով, թե մրցանակային հիմնադրամով: Եվ պարոն Ծառուկյանի խոսքն անմիջապես վերածվեց գործի: Այսօր մենք ունենք մրցաշարի ուժեղ կազմ ուժեղ կազմ եւ շուրջ $ 88-90 հազարին համարժեք դրամի մրցանակային ֆոնդ:
Այս մրցաշարը հնարավորություն է ստեղծում աշխարհին ցույց տալու, թե Հայաստանը որքան հզոր երկիր է ինչպես մարդկային ռեսուրսով, հյուրասիրությամբ եւ մյուս բոլոր հարցերով: ՀԱՕԿ-ի եւ ըմբշամարտի ֆեդերացիայի այս համագործակցությունը գնահատում եմ շատ բարձր: Մրցաշարի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, հընթացս առաջացող հարցերը նույնպես կարգավորվում են ըստ ժամանակի եւ անհրաժեշտության: Բոլորիդ հուլիսի 18-ին, առավոտյան 10:00-ից հրավիրում եմ «Միկա» մարզադահլիճ», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ