Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցազրույցում խոսել է կոմպրոմիսային տարբերակների մասին ու շատ էական շեշտադրում է արել:
«Նա խոսել է կոնկրետ մի դետալի մասին՝ շատ էական շեշտադրում անելով, որ այդ դետալը չպետք է դիտարկել մնացած բոլոր դետալների մեջ: Այդ դետալը փաթեթի մաս է ու չի ցանկացել տուրք տալ ադրբեջանական այն մեկնաբանությանը, թե հայերը դուրս գան այդ տարածքներից, վերադարձնեն: Ինքը գրեթե ակնարկել է, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ բոլոր մնացած համաձայնությունները համալիր ձեռք բերելու կոնտեքստում: Ընդհանուր առմամբ, Ուորլիքը շեշտել է կոմպրոմիսային լուծման կարեւորությունը եւ բանակցությունների շարունակությունն այդ ուղղությամբ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա դիտարկմամբ, Ուորլիքի այս հայտարարությունը ոչնչով չէր տարբերվում նախորդ մայիսին արված հայտարարությունից. «Նա ոչ թե պարտադրում է կողմերին ընդունել լուծումները, այլ հիշեցնում է, որ այն ինչ համաձայնեցված է, դրանից որեւէ մեկը դեռ չի հրաժարվել: Ակնհայտ է, որ Բաքուն բացարձակ շահագրգռված չէ այլեւս քննարկել սեղանի վրա դրված տարբերակները»:
Պարոն Սաֆարյանը Ուորլիքի ասածների մեջ հստակ կոչ է նկատում ուղղված կողմերին՝ չգնալ հակամարտության ապասառեցման եւ նստել բանակցային սեղանի շուրջ. «Այս հայտարարությունն առանձնանում էր նախորդներից այնքանով, որ նախորդ հարցազրույցը տրված էր մինչեւ ամառային լարվածությունը, չնայած, շատերը արդեն տեսնում էին վտանգավոր դինամիկան, այս մեկը խոսում է անցած տարվա շիկացման մասին եւ պարզապես ավելի մեծ ահազանգ հնչեցնում, որ դա կարող է կրկնվել, հատկապես, որ ներկայումս հրադադարի ռեժիմի խախտումները կատարվում են ոչ թե ավտոմատային կրակահերթերի այլ խոշոր տրամաչափի զինատեսակներով»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ