Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սարգսյանի մրցաշարը նախադեպը չունեցող մակարդակի է հասել

Հուլիս 15,2015 23:40

Հուլիսի 17-ից 19-ը Երեւանի «Միկա» մարզապալատում անցկացվելու է ազատ ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ստեփան Սարգսյանի մրցանակների հոբելյանական 20-րդ խաղարկությունը:

Մրցաշարն այս անգամ առավել շատ մասնակից երկրներ ու աշխարհահռչակ ըմբիշներ է բերելու Երեւան: Պատշաճ մասնակցելու նպատակով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Այսօր ՀԱՕԿ-ն ու ՀԸՖ-ն լրագրողներին հրավիրել էին Ծաղկաձոր՝ տեղում ծանոթանալու մարզումների ընթացքին, զրուցելու հավաքականի մարզիչների եւ ըմբիշների հետ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը նշեց, որ այս տարի մրցաշարն անչափ ուժեղ կազմ է հավաքել: «Մենք այս տարի հանդես ենք եկել բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերում, բայց հիմա, երբ համեմատում եմ, Ստեփան Սարգսյանի մրցաշարն իր մարզական մակարդակով, եթե զիջի, ապա միայն Բելառուսում անցկացված Ալեքսանդր Մեդվեդի մրցաշարին: Գալիս են 15 երկրների հավաքականներ իրենց ուժեղագույն կազմերով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի, Ասիայի չեմպիոններ ու մեդալակիրներ:

Հայաստանն էլ ներկայացնելու են անխտիր բոլոր ուժեղագույնները եւ երկրորդ-երրորդ համարները, քանի որ այս մրցաշարը նաեւ աշխարհի առաջնության նախապատրաստության կարեւորագույն փուլ է եւ մենք քաշային կարգեր ունենք, որտեղ դեռ վերջնականապես չենք կողմնորոշվել, թե ում է ավելի նպատակահարմար վստահել աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու պատիվը», – ասաց գլխավոր մարզիչը՝ չմոռանալով երախտագիտություն հայտնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն իր անձնական միջոցներով, սահմանել աննախադեպ մրցանակային գումարներ: Պարոն Ծառուկյանը Ստեփան Սարգսյանի քաշային կարգում հաղթողին կնվիրի նաեւ ավտոմեքենա: Արայիկ Բաղդադյանի խոսքերով, ՀԸՖ նախագահ Սամվել Կարապետյանն էլ իր վրա է վերցրել կազմակերպական բոլոր ծախսերը, որոնք իրականացվում են ամենաբարձր մակարդակով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031