Այսoր «Ականաթ» սրճարանում տեղի ունեցավ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության պատրաստած «Թեղուտ՝ օրենքից դուրս» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը:
Մինչ ցուցադրությունը նախաձեռնությունը հայտարարել էր, որ լինելու են անհերքելի ապացույցներ այն մասին, թե ինչ կոպտագույն խախտումներով է շահագործվում հանքը «Վալեքս գրուպի» մաս կազմող Թեղուտ ՓԲԸ֊-ի կողմից և ինչ հանցավոր անգործության են մատնված պետական պատասխանատու մարմինները:
Aravot.am-ի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը ներկայացրեց, որ այս պահին էլ վարչական դատարանում քննվում է գործ ընդդեմ բնապահպանության նախարարության:
Կարդացեք նաև
«Վարույթը հարուցվել է մի քանի կողմերի դիմումով՝ կողմերն են բնապահպանական հ/կ-ները, Շնող համայնքը իր բնակիչներով: Ընդունվել է վարույթ հիմք ընդունելով ֆիլմում ներկայացված ապացույցները»,- ասաց նա՝ նշելով, որ ֆիլմաշարի համար օգտագործվել են իրավական փաստաթղթեր, «Վալեքս գրուպի» կողմից դրամաշնորհի համար միջազգային կազմակերպությանը պատվիրված զեկույցը, արբանյակային լուսանկարներ եւ բացահայտել են, որ ընկերության նախատեսած աշխատանքային ծրագիրը չի համապատասխանում իրականությանը:
«Հիմնական պահանջն է պարտադրել բնապահպանության նախարարությանը՝ իրականացնել տեսչական աշխատանք: Տեսչությունը պարտավոր է բացահայտել բոլոր այն խախտումները, որոնք մենք հիմա ներկայացնում ենք, որոնք մենք փաստարկված ունենք: Ֆիլմում դրանք տարբեր են՝ սկսած նոր իրավական փաստաթղթային փաստերից, մինչեւ արբանյակային լուսանկարները: Բացահայտվում է ծրագրի էությունը, ծրագրի չափերը, որ ընթացքն ամբողջողին փոխվել է. անտառահատման ծավալներն են բացահայտվում, իրենց աշխատանքային նախագծի անհամապատասխանությունն այսօրվա հետ»,- ասաց Աննա Շահնազարյանը:
Նա նշում է, որ այսօր ցուցադրվողը «Թեղուտ՝ օրենքից դուրս» ֆիլմաշարի առաջին մասն է, լինելու են երկու այլ հատվածներ եւս: Ֆիլմի ցուցադրությունը, ըստ Աննա Շահնազարյանի, Թեղուտի պաշտպանությանն ուղղված հերթական ակցիան է, որը նպատակ ունի հանրությանը մոբիլիզացնել Թեղուտի խնդրի շուրջ. «Սա քաղաքական խնդիր է, որը մենք պահում ենք վառ ու կենդանի, եւ մեր խնդիրն այն է, որ հասարակությունը եւս մասնակցի հասարակական այս ճնշմանը, որպեսզի ե՛ւ դատարանները աշխատեն, ե՛ւ պետական մարմինները տեսչություն անեն, եւ վերջնական արդյունքում, երբ որ պարզվի ամեն ինչը, մենք պնդելու ենք դադարեցում եւ քրեական պատասխանատվություն ընկերության նկատմամբ, որը իրականացնում է գործունեություն, որն իրեն թույլատրված չէ»,- ասում է նա:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ըստ իմ դիտարկման, միակ հայաստանյան խուբը, որ ռեալ աշխատում է Հայաստանի համար- դա “Թեղուտի” խումբն է: