Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը դրական է գնահատում Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները

Հուլիս 15,2015 22:25

Պարզաբանում. Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես  եկեղեցու վերաբերյալ

ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես (Սբ Աստվածածին) եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը բնութագրող բացառիկ հուշարձաններից է: Նկատի ունենալով հուշարձանի պահպանվածության վիճակը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2010 թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ձեռնարկել է հուշարձանի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը: Արդյունքում հաղթող ճանաչված «Սերվետ» ընկերության ճարտարապետ Մ. Հակոբյանի կողմից կազմվել է հուշարձանի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը /հարկ ենք համարում նշել, որ ճարտարապետ Մ. Հակոբյանը երկար տարիներ զբաղվել է Օձունի տաճարի ուսումնասիրման և չափագրման աշխատանքներով/, որոնք քննարկվել են ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել մասնագետների հավանությանը:

Իր հերթին հուշարձանի հետագա պահպանության խնդրով մտահոգված  մոսկվաբնակ հայազգի բարերար, արմատներով Օձուն համայնքից Մ. Ձավարյանը ցանկություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել հուշարձանի վերականգնման գործընթացին: Մ. Ձավարյանի կողմից ստեղծված «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ հուշագիր, համաձայն որի՝ մշակույթի նախարարությունը տրամադրել է եկեղեցու վերականգնման նախագիծը, իսկ հիմնադրամը` վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը:

Հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար շինվերականգնման կապալառու կազմակերպություն ընտրելու համար «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից ստեղծվել է մրցութային և գնահատող հանձնաժողովներ: Մրցույթին ներկայացվել է 8 հայտ: 2012 թ. մարտի 26-ին գնահատող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի լրակազմը, վերականգնման աշխատանքներին վերաբերող գնային առաջարկները, և արդյունքում «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից հաղթող է ճանաչվել «Լևգուկ» ընկերությունը: 2012 թ. մայիսի 23-ին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը շինվերականգնման աշխատանքների կապալի պայմանագիր է կնքել «Լևգուկ» ընկերության հետ, հաջորդիվ նաև՝ հեղինակային և տեխնիկական հսկողության պայմանագրեր համապատասխան կազմակերպությունների հետ: Այնուհետև, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել հուշարձանի վերականգնման աշխատանքների թույլտվություն ստանալու դիմում, և սահմանված ընթացակարգով` 2012 թ. հուլիսի 11-ին ստացել է վերականգնման աշխատանքները կատարելու թույլտվություն՝  1 տարի ժամկետով, իսկ 2013 թ. վերականգնման աշխատանքների թույլտվությունը  տրամադրվել է 2 տարի ժամկետով:

Մշակույթի նախարարության օժանդակությամբ ծրագիրը ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես բարեգործական և 2013 թ. օգոստոսի 9-ի Մ-717-Ա որոշմամբ ազատվել ավելացված արժեքի հարկից:

Հուշարձանի վրա վերականգնման աշխատանքները  կատարվել են երեք տարիների ընթացում: 2012-2013 թթ. հուշարձանի վերականգնման ծրագիրը ֆինանսավորվել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջոցով.  գումարը կազմել է 162.7 մլն ՀՀ դրամ, իսկ 2014 թ. շինարարական կազմակերպությունն ուղղակիորեն 114.8 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորվել է Մովսես Ձավարյանի կողմից /այդ պահին Մովսես Ձավարյանն արդեն իսկ դուրս էր եկել իր նախաձեռնությամբ ստեղծած բարեգործական հիմնադրամի կազմից/: Այսպիսով, հուշարձանի վերականգնման համար՝ ըստ նախագծային արժեքի, տրամադրվել է 277,5 մլն ՀՀ դրամ:

Հուշարձանի վերականգնման ընթացքում ծագած առանձին խնդիրներ հստակեցնելու նպատակով՝ բնագավառի փորձառու մասնագետների, ինչպես նաև հիմնադրամի ներկայացուցիչների (Ա. Դավթյան, Վ. Շերմազանյան) մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել և՛ հուշարձանի տարածքում, և՛ մշակույթի նախարարությունում: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցներն էլ աշխատանքային կարգով բազմիցս մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել

խնդիրների լուծմանը, որոնց ծագման հիմնական պատճառ էր հանդիսացել հեղինակային հսկողության պայմանագրի բացակայությունը՝ վերջին ժամանակահատվածում /մոտավորապես 1,5 տարի/:

Ի դեպ,  համագործակցության շրջանակում, Մովսես Ձավարյանն երկու անգամ հանդիպել է մշակույթի նախարարի և բազմիցս՝ նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի հետ, և առաջացած բոլոր հարցերը քննարկվել ու ստացել են անհրաժեշտ լուծումներ:

Արդյունքում, 2012-2014 թթ. ամբողջովին կատարվել են մրցույթային փաթեթով  նախատեսված ծավալները, մասնավորապես՝ ուժեղացվել են տաճարի գմբեթարդն ու թաղերը, կանխվել են գմբեթարդում և թմբուկի վրա առկա ճաքերի հնարավոր ընդլայնումները, ամբողջությամբ փոխվել են եկեղեցու ծածկասալերը, նորոգվել և ամրակայվել են հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան զանգաշտարակները, իրականացվել են արտաքին երեսապատերի խարխլված և կազմաքանդված հատվածների քանդման և վերաշարման, պատերի կարանախցման աշխատանքները և այլն: Այսպիսով, վերացվել են հուշարձանին վնաս պատճառող խնդիրները, մասնավորապես՝ մթնոլորտային ջրերի ներթափանցումը և պատի միջուկի խոնավացումը:

Կարևորելով պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում հուշարձանի հետագա պահպանությանը նպատակաուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, ՀՀ մշակույթի նախարարությունը գտնում է,  որ հայոց մշակութային ժառանգության մաս կազմող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները չպետք է լինեն միայն պետության և անհատների հոգածության առարկա: “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին” ՀՀ օրենքով որոշակի պարտավորություններ ունեն կատարելու նաև տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից շատերը (այդ թվում նաև Օձուն համայնքի ղեկավարը) հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով և անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններով ավելորդ լարվածություն ստեղծում հուշարձանի շուրջ:

Մեկ անգամ ևս հարկ ենք համարում նշել, որ նախարարությունը դրական է գնահատում Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները և փաստում, որ հուշագիրը ստորագրած կողմերը՝ կատարել են հուշագրով ստանձնած պարտավորությունները: Վերջինիս վկայությունն է՝ ս. թ. հունիս ամսվա ընթացքում, Մ. Ձավարյանի հետ ունեցած աշխատանքային հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է նաև իրականացված աշխատանքների ծավալներից դուրս՝ նոր ծավալի աշխատանքների ֆինանսավորման հարցը:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հովհաննես says:

    Կեսկատար և անավարտ շինարարության ինչն է դրական գնահատում?

  2. Հովհաննես says:

    Օձունի եկեղեցու հյուսիսային կամարակապ սրահի քարերը համարակալած և թափված են բակում: Արևմտյան քրվերի 60 տոկոսը տեղում չեն: Հյուսիսային և հարավային դռներն ու լուսամուտները դեռևս չեն փոխվել: Եռակողմ սրահները չեն սալահատակվել: Հարավային հիմքերը բացված են ու չվերականգնված: Սրահների կամարակապերի նախագծով նախատեսված մասնակի վերականգնման դեպքում նախատեսված ծածկասալերը գոյություն չունեն:Կոթող-մահարձանի ընդամենը վերին երեք շարքերն են կարանախցվել: Իսկ ոմանք գոհ են, հավանաբար կառավորության կողմից զիջված ավելացված արժեքի հարկի գումարն է իրենց գպանը մտել կամ էլ շինարարության ընթացքում թանկացած նախահաշվի թակացած մաս: Նախագծում եղած աշխատանքների շուրջ 40 տոկոսը դեռևս կատարված չէ: Այա խայտառակ հոդվածի հեղինակը նախագծից և նախահաշվից անտեղյակ մեկն է: Հավանաբար ուղեղը կախել է Արև Սամուելյանի Կենտրոն հեռուստատեսությամբ հեռարձակված սուտապատիր հրապարակումի ընթացքում:

  3. Արմեն says:

    Շինարարությունը ֆինանսավորող բարերարը Օրեր թերթին տված հարցազրույցում նշում էր նախարարության ստեղծած խոչընդոտների մասին,իսկ հիմա?Դրականա գնահատում որ ինչ անի?Օձունի եկեղեցին դեռևս ավարտուն տեսքի չի բերվել,իսկ նախարարությունը դրական է գնահատում,ծիծաղելի է:Դեռևս բացահայտված չէ նաև ավելացված արժեքի հարկի ազատումից տնտեսված գումարների ճակատագիրը:Այս նյութի հեղինակը փորձել է պաշտպանել որոշ մարդկանց,բայց ավելի սկանդալային բացահայտումների առիթ է ստեղծել:Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի ««անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններով ավելորդ լարվածություն ստեղծում հուշարձանի շուրջ»» մեջբերմանը,այդպես էլ պարզաբանում չստացա ինչ լարվածություն,ինչ դիտորդի կարգավիճակ?Համայնքի բյուջեն կազմում է 102 միլիոն,որը եկեղեցու շինարարությանը տրամադրված գումարի 1/2 -ն է կազմում,սա հատուկ նրանց համար ովքեր մտածում են որ համայնքի միջոցները անսպառ են:Համայնքը օրենքով սահմանված իրավասություն ունի,ոչ թե պարտավորություն,ձեր չիմացությունը մի հրապարակեք:

  4. Վալոդ says:

    Օձունի գյուղապետն օգնել և աջակցել է վերականգնման գործին,որը բոլորին է հայտնի,բացառությամբ նախագծից և նախահաշվից անտեղյակ այսպիսի ապատեղեկատվություն տարածողների:
    Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը գյուղի բյուջեյով արվեստի դպրոց է պահում,բազմաթիվ խմբակներով:Գյուղի մշակույթի պալատում 2 պարի խմբեր,կարատեի խումբ,թատերական խմբակ է պահում,որոնցում ընդգրկված են շուրջ 250 երեխաներ:
    Հարգարժան գյուղապետը Օձունում 2 միջազգային փառատոն է կազմակերպել`հոգևոր ֆիլմերի և նկարչական:
    Մշակույթի նախարարության անունից խոսելու առավել իրավունք ունի Օձունի գյուղապետը,քան այս հրապարակման հեղինակը:Հոդված գրելուց առաջ այցելե’ք Օձուն և ծանոթացե’ք վերականգնման արդյունքներին,որոնք ձեր գրածին չեն համապատասխանում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031