Հունիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ մեկնարկած «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագրի շրջանակներում այսօր Սուրբ Երրորդություն եկեղեցու հանդիսասրահում դրամական օգնություն տրամադրվեց Երեւանի Աջափնյակ, Մալաթիա Սեբաստիա եւ Դավիթաշեն համայնքների 1989 թվականից հաշվառված 1-ին խմբի զինվորական հաշմանդամներին:
Ծրագրի շրջանակներում արդեն օգնություն է տրամադրվել 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաեւ 2015 թվականի հունիսի 1-ի դրությամբ հակառակորդի շփման գծում զոհված 19 զինծառայողի ընտանիքներին: Աջակցություն են ստացել նաեւ Արարատի մարզի 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի 45, ինչպես նաեւ 3-րդ խմբի եւս 43 զինվորական հաշմանդամներ:
Փոքր համերգային ծրագրից, ինչպես նաեւ դրամաբաշխությունից հետո կատարվեց այցելություն 9 զինվորական հաշմանդամների, ովքեր առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում տանից դուրս գալ: Այցելեցինք 42–ամյա Վարդգես Փանանյանին, ով 1993 թվականին Մարտակերտում պայթյունի հետեւանքով ստացել է բեկորային վնասվածքներ եւ մինչ օրս չի կարողանում քայլել: Քահանան իր օրհնությունը տվեց զինհաշմանդամին, որից հետո նրան շնորհվեց դրամական պարգեւը:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի նպատակն է աջակցել հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինվորներին: Այս տարի ծրագրի շրջանակներում հանգանակվել է 50 միլիոն դրամ 362 զինվորական հաշմանդամների ընտանիքների համար: Ծրագրում ընդգրկվել են Արարատյան Հայրապետական թեմի` Երեւանի եւ Արարատի մարզի զինվորականների ընտանիքները:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Արարատյան հայրապետական թեմի:
Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ