Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ շահ կունենա Հայաստանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից

Հուլիս 15,2015 21:30

Aravot.am-ը արեւելագետ Արտակ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դրական անդրադարձ կարող է ունենալ Հայաստանի վրա Իրանի շուրջ ծավալված պատմական իրադարձությունը, այս երկրի նկատմամբ պատժամիջոցների վերացումը:

«Հասկանալու համար, թե ինչ իրադարձություն տեղի ունեցավ, պիտի կարողանալ վերլուծել այդ համաձայնության տեքստը ու տողատակը: Տեքստը մեզ հուշում է, որ ձեռք է բերվել պատմական համաձայնություն առ այն, որ Իրանը դադարեցնում է իր ուրանի հարստացման ծրագիրը: ԱՄՆ-ն ու դաշնակիցները, որոնք միացել էին Իրանի դեմ պատժամիջոցներին, վերացնում են պատժամիջոցները՝ փուլ առ փուլ: Այս առումով շատ գեղեցիկ է, շատ ստացված, պրոգրեսիվ քայլ է համաշխարհային պատմության մեջ:

Մյուս կողմից տողատակը հասկանալու համար 1-2 դիտարկում. ժամանակին, եթե հիշենք այդ խնդրով զբաղվող մարդիկ կամ ուղղակի մարդիկ, որոնք հետաքրքրված էին քաղաքականությամբ, Ամերիկայի պնդումներին, թե Իրանը հարստացնում է ուրան` միանշանակ բոլոր պաշտոնյաների մակարդակով մերժում էին այդ թեզը: Այս պահին համաձայնագրի մեջ հստակ գրված է՝ Իրանը այլեւս չի զբաղվելու ուրանի հարստացմամբ, որը նշանակում է Իրանը ընդունում է այն փաստը, որ իր կողմից հարստացվել է ուրան նախկինում: Փաստաթղթի մեջ որեւէ տեղ գրված չէ, եթե արդեն հարստացրել է ուրան, ի՞նչ չափով, ի՞նչ ծավալով, ի՞նչ է արվելու այդ ուրանի հետ, ո՞ւր է տեղափոխվելու, տալո՞ւ են ամերիկացիներին այդ հարստացված ուրանը, թե՞ ոչ:

Այդ չափով Իրանը կարո՞ղ է ձեռքը փոքրիկ հաղթաթուղթ ունենալ, որ անհրաժեշտ պահին կարողանա օգտագործել, եթե դադարեցնում է հարստացնող ուրանը, դադարեցվում է արդյո՞ք այդ բոլոր ինստիտուտների աշխատանքը, որոնք զբաղվում են Իրանի միջուկային ծրագրերով: Տասնյակ հազարավոր մարդկանց մասին է խոսքը, գիտնականներ,աշխատողներ, ինստիտուտներ, լաբորատորիաներ, որոնք զբաղվել են Իրանի միջուկային ծրագրով: Այդ մասին ոչինչի չի ասվում: Հասկանալու համար, թե Հայաստանին կօգնի՞, թե՝ ոչ, պետք է հասկանալ տողատակերը:

Այս համաձայնագրի տողատակերում կան ստվերային, բանավոր պայմանավորվածություններ, որոնք հաստատ առկա են ու թղթի վրա չեն ֆիքսվել: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի դեմ ի՞նչ գործողություններ կան պլանավորած, որովհետեւ այսօր ԱՄՆ-ն ինչ անում է, ցանկացած քայլ ուղղված է Ռուսաստանի դեմ տարածաշրջանում: Ես բացառում եմ, որ այս հանգամանքի մեջ Ռուսաստանը դերակատարություն չունի, չնայած որ ասենք պաշտոնական մակարդակով Ռուսաստանը ողջունեց Իրանի այս քայլը: Չնայած էթիկապես, դիվանագիտորեն ճիշտ չէր լինի ասել, թե մեր շահերից չէր բխում, ինչո՞ւ դադարեցրեցիք եւ այլն: Հայաստանը ինքը փոքր խաղացող է եւ ԵՏՄ մտնելուց հետո շատ ավելի կապվեց Ռուսաստանի հետ: Պիտի հասկանալ, թե գլոբալ առումով Իրան-Ամերիկա այս պայմանավորվածությունը ինչքանո՞վ է ռուսների դեմ, իսկ որ դեմ է, հաստատ է:

Չի կարող այսօր Ամերիկան գլոբալ քայլ կատարել տարածաշրջանում ու հանկարծ այդ քայլը լինի ի նպաստ Ռուսաստանի: Այսինքն` մի կողմից կիրառել պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, մի կողմից լարել, թեժացնել ուկրաինական խնդիրը, ցուցակներ հրապարակել Ամերիկա մտնող, Եվրոպա մտնող Ռուսաստանի բիզնեսմենների ու պաշտոնյաների, այսինքն` բոլոր տեսակի միջոցներ կիրառել Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու ու հանկարծ թողնել Ռուսաստանի համար այստեղ հետաքրքրիր լուծումնե՞ր:

Հայաստանը, եթե ինչ-որ շահեր ունենա, պիտի փորձի Ռուսաստանից անկախ, ինքնուրույն որեւէ նախաձեռնություն հանդես բերի: Բայց այդ ամեն ինչն այսպես է, չնայած քաղաքականության մեջ հավերժ բարեկամներ կամ թշնամիներ չկան, կարելի է միշտ էլ ինչ-որ տեղից հարաբերություններ ստեղծել, բայց միշտ, երբ Իրանը ուզել է Հայաստանը օգտագործել որպես հյուսիսային դարպաս՝ պատժամիջոց կոչվածը ճեղքելու կամ թեթեւացնելու համար իր բեռը, Հայաստանի իշխանությունների ցանկացած փորձ այդ առումով քայլ առաջ կատարելու հանդիպել է ռուսական պետության կայսերապաշտական նկրտումներին:

Այսինքն` մեր հզորացումը, ուժեղացումը, Իրանի ուժեղացումը տարածաշրջանում երբեք չի նպաստել ու չի բխել Ռուսաստանի շահերից: Մյուս կողմից՝ տարածաշրջանում այլ խոշոր խաղացող կա՝ Թուրքիան, որն այս պահին ուզենք, թե չուզենք ամենախոշոր պետությունն է ու մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում, որի շահերից բնականաբար նույնպես չի բխում Իրանի հզորացումը: Իսկ որ Թուրքիայի թուլացումը Ամերիկայի շահերից չի բխում, սա էլ է հասկանալի: Այնպես, որ պետք չէ միանշանակ մանկամտորեն, վառվռուն աչքերով, թռչկոտելով, ծափերով ընդունել, թե վայ էս ինչ լավ բան եղավ»:

Ըստ արեւելագետի, այն բազմաշերտ ու խորքային պրոբլեմ է, եւ Իրանը կարողացել էր մինչեւ այժմ իր տնտեսությունը այնպես դասավորել, որ հզոր ճնշումների, սանկցիայի պայմաններում ունենալ երկիր, որի կենսամակարդակը կիսավատ Հայաստանից լավ էր: «Իրանը ներքին ռեսուրսներ գտել էր ապրելու համար: Հիմա, եթե մարդիկ պարզամտորեն մտածում են, ուզում են ավելի լավ ապրել, ավելի բարեկեցիկ, սա էլ արդեն ուրիշ խնդիր է: Չեմ կարծում, որ Իրանի հոգեւոր ղեկավարությունն այսօր կուզի եվրոպական արժեքներ ներկրել Իրան: Սա այն սերունդն է, իշխանությունը այն մարդկանց ժառանգներ են, որոնք 79 թվականին Եվրոպային հավասար ծաղկում ապրող, նույն բարքերով գրեթե ապրող պետությունից դարձրեցին թեոկրատ պետություն: Չեմ կարծում, որ նորից Իրանի իշխանությունները խանդավառված են թեոկրատ իշխանությունը փոխարինելու ժողովրդավարական,եվրոպական արժեքներով: Իրենք ուզում էին, որպեսզի այս համաձայնագիրը կնքվի, սահմանները բացեին, ժողովուրդը վազի Եվրոպա:

Այսպես, թե այնպես Իրանից էլ արտագաղթը կար, բոլոր այն մարդիկ, որոնք չեն համակերպվում Իրանում կյանքի պայմաններին, Իրանում դիկտատուրայի, խոսքի ազատության ճնշումների, բռնությունների հետ որեւէ ճանապարհով լքում էին Իրանը, ինչպես մարդիկ այսօր որեւէ կերպ, որեւէ ճանապարհով լքում են Հայաստանը: Այսինքն` սոցիալական իմաստով այդ կարգի հաստատ խնդիր չկար Իրանում փոփոխությունների գնալ եւ հատուկ գնալ Ամերիկայի հետ զիջումների, որպեսզի երկիրն ավելի լավ ապրի, ավելի ծաղկուն դառնա:

Իշխանությունը գնաց այդ քայլին իր իսկ իշխանությունն ավելի ամրապնդելու համար, նույն թեոկրատ իշխանությանը գումարներ ավելի շատ են պետք, թերևս, երկրի ներսում ավելի շատ ուժեղացնելու կառավարման այս մոդելը, ավելի ծայրահեղացնելու: Եվ, եթե ինչ-որ տեղ էլ այդ գումարները չեն բավարարել, այս պահին, եթե հավելյալ գումարներ կան Իրանի Իսլամական հանրապետության բյուջեում, այդ ամեն ինչը կուղղորդի ոչ թե եվրոպական ծաղկուն արժեքների բարգավաճմանը նպաստելուն, այլ ընդհակառակը՝ իշխանության ամրապնդմանը»:

Հարցին, թե չարժե՞ ժամանակից շուտ ոգեւորվել Իրան-Հայաստան երկաթգծի նախագծով, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ արդեն չորս տարի է՝ փորձ է կատարվում կառուցել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին: Ըստ նրա, խոշոր դրամաշնորհների, վարկերի պարագայում 500 կիլոմետր ճանապարհի կառուցումը դժվարանում է, մի տեսակ չի ստացվում, ավարտի ժամկետները անընդհատ փոխվում են: Երկաթգիծ կառուցելը, ըստ նրա, գուցե քարտեզ վրա է հեշտ պատկերելը, գրչի մի հարվածով քաշել կամ օդի մեջ ենթադրել: Ըստ մեր զրուցակցի, պատրաստի երկաթգիծը, որն անցնում է Նախիջեւանով, այն օգտագործվել է ԽՍՀՄ տարիներին, հնարավոր է գործարկել տեխնիկական վերազինումից հետո, սակայն Հայաստան-Ադրբեջան խնդիր կա, ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը կա:

«Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկին պետք է այս տարածաշրջանային գորդյան հանգույցը թրի մի հարվածով կտրատել, Իրանի խնդիրը լուծել, Թուրքիայում խնդիրը լուծել, Սիրիայում խնդիրը լուծել, Իսլամական պետության Իրաքի ու Սիրիայի տարածքում ստեղծված խնդիրը լուծել, Ադրբեջանի ու Ղարաբաղի խնդիր լուծել…: Մեր տարածաշրջանում այնքան խնդիրներ կան, մակերեսային դիտարկումը ցույց է տալիս, որ այն ճաշը, ար այս տարածքի կաթասյում եփում են, միանշանակ չէ : Այս պահին այդ ճաշից մի ինչ-որ դժվարմարսելի բան հանվեց, բայց ձեր ասածը թղթի վրա մտադրությունների մասին հուշագիր է, էլ չասեմ, որ շատ մտադրություններ մնացել են թղթի վրա»,- ասում է Արտակ Ավետիսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    էս ինչ լեզու է, այսպես թափթփված անգամ մարդ ինքն իր համար չի մտածում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031