Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է գերատեսչություններին համեստ ծախսեր անել՝ մատնանշելով հատկապես պետական գործուղումները, հորդորելով շռայլություններ թույլ չտալ: Կառավարության կայքէջից տեղեկանում ենք որոշ ծախսերի մասին:
Օրինակ՝ վարչապետի հուլիսի 3-5-ը Փարիզ այցելության համար չարտերային հատուկ թռիչքի համար պետբյուջեից վճարվել է 31.4 միլիոն դրամ:
Իսկ հունիսի 1-ից հունիսի 3-ը Աբրահամյանի Պրահա մեկնել-վերադառնալն էլ հարկատուների վրա նստել է 20.6 միլիոն դրամ: Ընդ որում, Պրահա գործուղման համար կառավարության աշխատակազմը ձեռք է բերել թարգմանչական ծառայություններ, որոնց համար վճարել է 639 հազար դրամ:
Մեկ օրով Ղազախստանն էլ արժեցել է գնալ-գալը 16.5 միլիոն դրամ:
Մայիսի 28-ին վարչապետը մեկնել է Ղազախստան, մայիսի 29-ին վերադարձել, սա եւս հատուկ չվերթ էր, որի համար պետբյուջեից քիչ փող չի ծախսվել. 1 օրով Ղազախստան վարչապետի թռիչքը արժեցել է 16.5 միլիոն դրամ :
23.5 միլիոն դրամ էլ ծախսել են մարտի 11-ին Երեւան-էլ Քուվեյթ, մարտի 12-ին՝ էլ Քուվեյթ-Շարմ Ալ Շեյխ, մարտի 14-ին՝ Շարմ Ալ Շեյխ-Երեւան հատուկ չվերթների համար:
Բնականաբար, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դատարկ ձեռքերով չէր գնալու արտասահմանյան հանդիպումների: Ճիշտ է, հուշանվերները, խմիչքներն ու գորգերը նշված չեն, թե որ երկիր մեկնելու համար են գնել, բայց կատարված գնումների պայմանագրերի ժամանակահատվածը համընկնում է Հովիկ Աբրահամյանի գործուղումների ժամանակահատվածի հետ:
Այնուամենայնիվ, մենք զերծ կմնանք նշել, թե որ նվերը որ երկիր է տարել, որովհետեւ, գուցեեւ չի տարել, գուցե օտարերկրյա պատվիրակություններ է ընդունել ու Հայաստան ժամանած հյուրերին է այդ հուշանվերները տվել:
Հունիսի 1-ին կառավարության աշխատակազմը մեկ անձից գնումներով որպես հուշանվեր ձեռք է բերել 2 արծաթե գավաթ՝ ոսկեզօծ, յուրաքանչյուրը 350 հազար դրամ արժողության, ընդհանուր այս 2 գավաթին պետբյուջեից վճարվել է 700 հազար դրամ: Նույն օրը՝ հունիսի 1-ին կառավարության աշխատակազմը որպես հուշանվեր գնել է Շմավոն Շմավոնյանի «Արարատ» կտավը՝ 949 հազար դրամով:
Հունիսի 1-ին կատարած ամենաէժան ծախսը եղել են 1 հատ «Կիլիկիա» եւ 5 հատ «Ախթամար» կոնյակները, որոնց համար 257 հազար դրամ է «գնացել» պետբյուջեից: Հունիսի 1-ին կառավարությունը էլի խմիչքներ է գնել, ու բավականին թանկարժեք, սակայն դրանք պայմանագրում հուշանվեր չեն գրված, ինչպես նախորդի դեպքում, այլ ձեռք են բերվել որպես ներկայացուցչական ծախսեր: Այս ներկայացուցչական ծախսերը կազմել են 701 հազար դրամ, որոնցով գնել են 6 հատ «Զորահ» գինի, 6 հատ «Կարաս» գինի, 1 հատ «Կիլիկիա», 3 հատ «Դվին», 6 հատ «Նաիրի» կոնյակներ:
Կառավարությունը 2 հատ էլ ձեռագործ բամբակյա գորգեր է գնել մայիսի 27-ին. սրանց համար էլ պետբյուջեից վճարվել է 2.4 միլիոն դրամ:
Կրկին ներկայացուցչական ծախսեր է կատարվել մայիսի 27-ին, ու կրկին խմիչքներ են գնել 510 հազար դրամով: Մայիսի 27-ին մեկ այլ գնումներով էլ նորից հուշանվեր-խմիչքներ է ձեռք բերել կառավարությունը՝ 8 հատ կոնյակի համար վճարել են մոտ կես միլիոն դրամ:
Մայիսի 26-ին էլ կառավարության գնած 6 հատ կոնյակը պետբյուջեին արժեցել է 983 հազար դրամ:
Մայիսի 26-ին 2 հատ արծաթե կազմով, ոսկեզօծ, փորագրված ու կիսաթանկարժեք քարերով 2 հատ Աստվածաշնչի համար կառավարությունը պետբյուջեից վճարել է 455 հազար դրամ, նույն օրը 536 հազար դրամի էլ 12 հատ կոնյակ է գնվել:
Այս ծախսերի 99.9%-ը վերաբերում են միայն մայիսից-հուլիսի սկիզբն ընկած ժամանակահատվածին, այդ ընթացքում էլի ծախսեր կային արված, որոնք այս միլիոնների համեմատ, այնքան էլ մեծ թիվ չէին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ