Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի Եղեռնի մասին քաղցր-մեղցր կադրերով ֆիլմ նկարահանել». ռեժիսոր

Հուլիս 15,2015 20:20

Ռեժիսոր Վրեժ Պետրոսյանը հայ ժողովրդի մեծ բարեկամ, դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ է նկարահանել, որն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Մենք կանք» ծրագրում:

«Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը». այսպես է կոչվում Վրեժ Պետրոսյանի ֆիլմը:

Սա ռեժիսորի՝ Ցեղասպանությանը նվիրված առաջին ֆիլմը չէ. ինչպես ինքն է ասում՝ արդեն «եփվել» է այդ թեմայի մեջ, բայց այս ֆիլմը տարբերվում է նախորդներից առաջին հերթին մոտեցման առումով. «Երբ կարդացի Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գիրքը, հասկացա, որ չի կարելի Եղեռնի մասին քաղցր-մեղցր, ինչ-որ գեղեցիկ կադրերով ֆիլմ նկարահանել: Ոսկանյանի գիրքը կարդալիս և արխիվային նյութերին ծանոթանալիս ես Եղեռնը իմ մաշկի վրա զգացի ու հասկացա, որ ասելիքը պետք է ասվի ուղիղ հասցեատիրոջը և առանց ավելորդ, մեղմող ելևէջների ու երանգների: Պետք է ասել դաժան ճշմարտությունը. այն, ինչ եղել է: Հաճախ Ցեղասպանության մասին ֆիլմերում սիրո և այլ տարրեր են մտցնում, ինչը, կարծում եմ, սխալ է»,- ասում է նա:

Ինչպես գիտենք, Մարիա Յակոբսենի օրագիրը լի է հայերի դեմ թուրքերի գործած ոճրի վկայություններով: 1982­-ին նա Լիբանանում հիմնեց «Թռչնի բույնը» որբանոց-­քոլեջը, որտեղ ապաստանեցին Եղեռնը վերապրած բազմաթիվ երեխաներ: Ուշադրություն չդարձնելով անմիջական շփման վտանգին՝ Յակոբսենը խնամում էր տիֆով և այլ հիվանդություններով վարակված հայ երեխաներին: Որբերը նրան անվանում էին մայր Յակոբսեն:

Վրեժ Պետրոսյանը վստահեցնում է, որ իր առջև խնդիր չի դնում ֆիլմը տարբեր փառատոների ներկայացնելը: Ցեղասպանության մասին ֆիլմերը, ռեժիսորի հավաստմամբ, սովորաբար չեն էլ ընդգրկվում փառատոնային ծրագրերում. «Ասում են՝ շատ հուզվեցինք, լավն էր և այլն, բայց չենք կարող վերցնել: Ինձ բավարարում է, որ արխիվային ճշգրիտ տեղեկություններով հագեցած ֆիլմ եմ թողնում Ցեղասպանության թեմայով, փառատոնային մասնակցությունը կարևոր չէ»,- ասում է ռեժիսորը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031