ՀՀ վարչական դատարանում (նախագահող դատավոր Անի Հարությունյան) շարունակվում է ՀՀ ոստիկանություն հայցի քննությունը՝ ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի:
Նրա դեմ դատական գործ է հարուցվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին բերման էր ենթարկվել ապրիլի 4-ին ՀՀ Գլխավոր դատախազության առաջ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Պետրոսյանի կազմակերպված ակցիայի ժամանակ: Խնդիրն այն է, որ Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել, քանի որ նա ցանկանում էր ակցիան իրականացնել հենց դատախազության շենքի դիմաց, իսկ ոստիկանները հորդորում էին անցնել դիմացի մայթ։
Դատարանում հետազոտվեցին ապացույցները, մասնավորապես դատախազության առաջ դեպքի օրը արված տեսանյութը:
Կարդացեք նաև
Այս առիթով Վարդգես Գասպարին դժգոհություն հայտնեց, թե դատարանում ներկայացված ու իրենց տրամադրված տեսանյութերը տարբեր են: Նա վրդովվեց ու մեղադրանքով դիմեց դատարանին. «պատասխանեք, թե ինչ ծագման տեսանյութ է տրամադրվել ինձ»: Դատավորը հայտարարեց, թե սովորաբար դատարանն է հարցեր տալիս և այդ հարցին պատասխանելը իր իրավասության ներքո չէ: Վարդգես Գասպարին հակադարձեց, թե ինչ տարբերություն ներկայացնողը հենց դատարանի ենթական է»:
Այնուհետև էլ ավելի վրդովվելով ասաց. «Դուք եք սպանել իմ հարազատներին, մարտի մեկի պատասխանատուն դուք եք: Ինչ սանկցիա ուզում եք կիրառեք իմ դեմ, մեկ է մինչև ինձ չգնդակահարեք, չեք պրծնի»:
Ապացույցների հետազոտման փուլից հետո երկու կողմերին եզրափակիչ ճառերով հանդես գալու հնարավորություն տրվեց: Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն հայտարարեց. «Խնդրում եմ բավարարել հայցը, քանի որ Գասպարին հրապարակայնորեն ոստիկանության ծառայողին վիրավորել է և նրա ներկայացրած պահանջը չի կատարել, ուստի խնդրում եմ մերժել հակընդդեմ հայցը»: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեց իրենց ժամանակ տրամադրել եզրափակիչ ճառի համար:Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 12.00-ին:
Նիստի ավարտից հետո Aravot.am-ը Տիգրան Եգորյանից հետաքրքրվեց տեսանյութերի չհամապատասխանությունը ոստիկանության ներկայացուցչի թափթփվածությա՞ն արդյունք է, թե՞ միտում, պարոն Եգորյանը պատասխանեց. «Ինչ բարդություն պիտի լիներ նույն տեսանյութը տեղափոխել երկու սկավառակի վրա ու փոխանցել մեզ: Ոստիկանության՝ այս գործերով գործողությունների մեջ տեսնում ենք միտում ցանկացած միջոցով՝ խտրականություն չդնելով այդ միջոցների մեջ, փորձում են հասել իրենց կեղծ դիրքորոշումները հիմնավորելուն: Ունենք տարբեր դատական ակտերով ֆիքսված փաստեր ոստիկանների ստախոսությունների վերաբերյալ: Տաբեր դատարաններ այդ դեպքերն առանձնացրել են ու ոստիկանների ցուցմունքներն անարժանահավատ ճանաչել: Սա խայտառակություն է, որ մեր ոստիկանությունում կան աշխատակիցներ, որոնք գալիս են դատարան ու ստում: Սա ոստիկանություն չունենալու փաստ է: Ավանտյուրիստների հավաքածու, ովքեր դատարանում պատրաստ են սուտ տեղեկություններ հայտնել: Նրանք պիտի դատապարտվեն ու աշխատանքից ազատվեն»:
Վարդգես Գասպարին մեզ հետ զրույցում նկատեց, թե ոստիկանությունը գործում է գողական աշխարհի կանոններով: Նա մանրամասնեց. «Ոստիկանն ինչո՞ւ պիտի հունիսի 23-ին լրագրողների տեսախցիկները ջարդեր: Եթե լավ բան էր անում, ինչո՞ւ պիտի այդ փաստերը վերացներ:Իմ դեպքում Նախկինում ոստիկանությունը մոնտաժված տեսանյութ էր ներկայացրել: Այն տեսանյութը, որ մեզ է ներկայացրել, բոլորվին տարբեր է»:
Մեր հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ոստիկանության ներկայացուցչի՝ դատարանում հնչեցրած այն կարծիքը, թե ոստիկանները զուսպ են գտնվել, մինչդեռ Գասպարին վիրավորել է նրանց, պարոն Գասպարին պատասխանեց. «Ոստիկանը մի արարած է, որը մեզ նման չէ, այլ ուրիշ տեսակ է: Մեր չափանիշներով չափազանց դժվար է հասկանալ ոստիկանին, նրանք տիպիկ դերասաններ են, ամեն ինչ կարող են ասել: Հետազոտված տեսանյութում ես ասում եմ այն, ինչ իրականությանը համապատասխանում է, դա չի կարող վիրավորանք համարվել, այն դեպքում, երբ ոստիկանները տասնյակ մետր հեռավորության վրա սահմանափակում են իմ տեղաշարժի իրավունքը: Ես մի քանի րոպե կանգնած եմ մայթին, բայց ոչ մի արձագանք, ուղղակի պահել եմ պաստառը, հետո ասում են, թե անցեք մյուս մայթ, քանի որ չեք անցնում, բերման ենք ենթարկում առանց որևէ պատճառաբանության, թե ինչու այս մայթին չի կարելի, մյուսին կարելի է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ