Հուլիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ պարգևաբաշխության հանդիսավոր արարողություն:
Հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև արվեստի և երաժշտության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին ՀՀ ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանին և պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին:
Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով և Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանի ողջույնի խոսքով:
Այնուհետև տիար Զախար Խաչատրյանի կյանքին ու արժանաշատ վաստակին անդրադարձավ դոկտոր Հրավարդ Հակոբյանը: Իր հերթին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆեսոր Շահեն Շահինյանը խոսեց տիկին Սվետլանա Նավասարդյանի ազգանվեր գործունեության մասին` այս առիթով ներկայացնելով նաև Կոնսերվատորիայի գիտական խորհրդի խոսքը:
Կարդացեք նաև
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Տիար Զախար Խաչատրյանին ուղղված Հայրապետական կոնդակում մասնավորապես նշված է. «…Ճանաչում ենք Ձեզ անձնապես և քաջածանոթ ենք հայ գեղանկարչության շնորհաշատ մշակիդ վաստակաշատ գործունեությանը: Ձեր երիտասարդությունն անցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտադաշտերում, ուր Ձեր սերնդակիցների պես Դուք մասնակցություն բերեցիք ֆաշիզմի դեմ մեծ հաղթանակի կայացմանը` հանուն մեր երկրի ու հավատավոր ժողովրդի ապահովության: Պատերազմի ավարտին վերադառնալով Հայրենիք` կրթություն ստացաք Երևանի Գեղարվեստի ինստիտուտում, ապա և Սանկտ Պետերբուրգի Գեղանկարչության, քանդակագործության և Ճարտարապետության ակադեմիայում` աշակերտելով ժամանակի մեծանուն գեղանկարիչներին և զորացնելով Ձեր գիտելիքներն ու աստվածապարգև կարողությունները: Ձեր անունն այսօր ճանաչված է ինչպես Հայաստանում, այնպես և մեր երկրի սահմաններից դուրս` որպես գեղարվեստի մեծ նվիրյալի և տաղանդավոր նկարչի: Հայաստանի, Ռուսաստանի և բազմաթիվ այլ երկրների թանգարաններում ու ցուցասրահներում ներկայացված Ձեր ստեղծագործությունների միջոցով Դուք տասնամյակներ շարունակ մարդկանց փոխանցում եք Ձեր հոգու անկեղծ զգացումներն ու ապրումները: Ձեր արվեստը, որ մեծ ճանաչում ու պատիվ է բերել Ձեզ, գնահատված է Հայաստանի և Ռուսաստանի ամենաբարձր պարգևներով ու կոչումներով: Ձեր հմտությունները Դուք ամենայն սիրով ու նվիրումով բաշխել եք նաև բազմահարյուր երիտասարդ նկարիչների` դասավանդելով ու վարչական պաշտոններ վարելով Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանում:
Մեզ համար առանձնակի գոհունակություն է գնահատել նաև Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառությունները: Դուք ամենայն սիրով ու բծախնդրութեամբ Ձեր կարողութիւններն ի սպաս եք բերել Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիների նորոգության գործին` հանձն առնելով հնամենի սրբապատկերների վերականգնման բարդ ու պատասխանատու գործը: Ուրախ ենք, որ հարստացնելով Ձեր եկեղեցանվեր վաստակը, Դուք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերեցիք Ձեր շնորհալի ձեռքով վրձնած` Սուրբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը: Այսօր Ձեր բազմաթիվ աշխատանքներ, օծված ու նվիրագործված սրբալույս մյուռոնով, զարդարում են մեր եկեղեցիների խորանները, որոնց առջև աղոթքի են կանգնում մեր ժողովրդի զավակները` փառաբանելով Տիրոջ Սուրբ Անունը»:
Տիկին Սվետլանա Նավասարդյանին ուղղված Հայրապետական կոնդակում ասվում է. «…Այսօր ուրախ առիթ ունենք Մեր գնահատանքը բերելու Ձեզ` մեր երկրի ու ժողովրդի կյանքում Ձեր գովարժան վաստակի համար: Տակավին մանուկ հասակից Դուք Ձեր կյանքն ընծայեցիք երաժշտարվեստին և գիտակից նվիրումով, հետևողական ու անդուլ ուսումնառությամբ զորացրեցիք աստվածատուր Ձեր շնորհներն ու կարողությունները Երևանի և Մոսկվայի պետական կոնսերվատորիաներում: Մեր ժողովուրդն ի սկզբանե սիրեց դաշնամուրային բարձրաճաշակ Ձեր մատուցումները: Համաշխարհային երաժշտության գանձերը` Բախի, Մոցարտի, Բրամսի, Շոպենի, Արամ Խաչատուրյանի և այլ մեծերի ստեղծագործությունները Դուք ներկայացրեցիք յուրօրինակ վարպետությամբ ու Ձեզ հատուկ զգացմունքայնությամբ` վաստակելով մասնագետների բարձր գնահատանքը: Աստվածատուր Ձեր շնորհներով փայլեցիք աշխարհի հանրահայտ բեմահարթակներում և միջազգային մրցույթներում` արժանանալով պետական ու հասարակական բազմաթիվ կոչումների, պարգևների ու մրցանակների` Ձեր անունն արժանիորեն արձանագրելով հայ երաժշտարվեստի պատմության մեջ: Մեծ է Ձեր ավանդը նաև երաժիշտների նոր սերունդ պատրաստելու շնորհակալ գործում: Երկար տարիներ դասավանդելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Դուք Ձեր սաներին փոխանցում եք Ձեր վարպետությունն ու տարիների ընթացքին ամբարած գիտելիքները, նաև նրանց մատուցում աշխատասիրության ու երաժշտարվեստին անսակարկ նվիրումի Ձեր վառ օրինակը»:
Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Հայրապետը, ի գնահատություն արվեստի անդաստանում բերած բազմարդյուն ծառայության, մեծանուն գործիչներին շնորհեց Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանները:
Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև շնորհընկալները: Տիկին Ս. Նավասարդյանը, հայրապետական պարգևը նկատելով իբրև իր համեստ վաստակի շռայլ գնահատական, նշեց, թե հպարտ է հայ արվեստագետ և նման վիթխարի հին մշակույթի ժառանգորդ լինելու համար և ուրախ պիտի լինի իր փոքրիկ լուման ներդնելու այդ մշակույթի զարգացման և պահպանման գործում: Իր հերթին տիար Զախար Խաչատրյանը, Հայ Եկեղեցու պարգևի համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը, անդրադարձավ իր կյանքում հավատի կարևոր դերակատարությանը:
Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը վերստին իր գնահատանքը հայտնեց մեծարյալներին` մաղթելով, որ նրանց բարի օրինակը շարունակ խանդավառի երիտասարդ արվեստագետներին: Նորին Սրբությունը նաև իր գոհունակությունը հայտնեց, որ առիթն ունի Վեհարանի հարկի ներքո վերստին շնորհակալություն հայտնելու այն անձանց, ովքեր իրենց վաստակով և նվիրումով հայ ժողովրդի փառքն ու պատիվն են հյուսում:
Վերջում Հայոց Հայրապետն իր աղոթքով հայցեց, որ Բարձրյալն Աստված Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի բարեխոսությամբ Իր ամենազոր և ամենախնամ Աջի հովանու ներքո պահի և պահպանի շնորհընկալներին` պարգևելով քաջառողջ արևշատություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:
Հանդիսությանը ներկա էին մեծարյալների գործընկերները, գիտության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ և Մայր Աթոռի միաբաններ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին