ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 46-ամյա Համլետ Ասատրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հ.Ասատրյանի դիահերձման ընթացքում դատաբժիշկների կողմից հայտնաբերվել է 2 գնդակ. գանգի խոռոչում՝ 5.45 մմ տրամաչափի մետաղական 1 գնդակ՝ առանց տեսանելի դեֆորմացիաների, իսկ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի մկաններում՝ 9 մմ տրամաչափի մասնակի դեֆորմացված գնդակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Դեպքի վայրի, դիակի զննությամբ վերցվել են փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ, առգրավվել դիակի հայտնաբերման ժամանակ նրա հագին եղած հագուստները, վերցվել բնակարանի մուտքի դռան փականը և փականի միջուկը։
Քրեական գործով մի շարք հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ։
Կազմվել է քննության պլան, մշակվել մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ դեպքի հանգամանքները պարզելու, հնարավոր վկաներին, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտե