Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովարորդների գործերը, հնարավոր է, նաեւ հասնեն ՍԴ եւ ՄԻԵԴ

Հուլիս 15,2015 16:43

Իրավաբաններ Արտակ Զեյնալյանը և Արա Ղազարյանը, որոնք դեռ 2011 թվականին հիմնադրել են «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հ/կ-ն, պատրաստվում են զբաղվել ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ՝ ոլորտում նոր մեխանիզմներ կիրառելով, ընդհուպ գործերը ՍԴ և ՄԻԵԴ հասցնելով: Այսօր «Դիալոգ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեցին իրավաբանները: Նրանց խոսքով՝ արդեն բավականաչափ ռեսուրս եւ փորձ ունեն նման գործունեությամբ զբաղվելու համար:

«Ճանապարհատրանսպորտային ոլորտն ընդամենը մեր գործունեության մի փոքր ճյուղն է: Այս տարի մեկ ամիս առաջ մեկնարկել է ծրագիր՝ Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ, որն աջակցելու է վարորդներին՝ վարչական մարմինների հետ փոխհարաբերություններում, ինչպես ճանապարհային ոստիկանության, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի հետ փոխհարաբերություններում »,- ասաց Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ իրենց գործունեությունը սկսելու են օրենսդրական խնդիրներն ու բացերը վեր հանելով, այդպես փորձելով ցույց տալ, թե ինչպես կարելի է լուծել խնդիրները:

«Դրանց մի մասը փորձելու ենք ինքներս լուծել՝ նեգատիվ իրավաստեղծ գործունեության, Սահմանադրական դատարանի եւ Եվրոպական դատարանի միջոցով: Նաեւ կփորձենք խնդիրները լուծել դատական պրակտիկայի ձեւավորման միջոցով»,- ասաց նա:

Իրավաբանը նշեց, որ ոլորտում խախտումներն այնքան շատ են, որ եթե անգամ տասը զույգ կազմակերպություն լինի, չեն կարող հասցնել աշխատանքը. «Մենք միմյանց լրացնելու ենք, միմյանց գործընկերներ ենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք փորձելու են զբաղեցնել «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ի տեղը:

«Օրինականության սկզբունքն է խախտվում, բայց առավել շատ համաչափության եւ անհրաժեշտության հիմնարար սկզբունքն է խախտվում,- ասաց Արա Ղազարյանը՝ օրինակ բերելով, որ խախտումների մեղավորները միայն վարորդները չեն: Պատմում է, որ ինքն էլ է խախտման համար վարչական տույժ վճարել, սակայն երբ բացատրում ես, որ երթեեւեկության այդ նշանը օրենքով սահմանված կարգով պետք է միայն ճանապարհի աջ կողմում լինի, դատարանն ուշադրություն դրան չի դարձնում:

Արա Ղազարյանը ուշադրություն հրավիրեց նաեւ վերջերս բոլորի խոսակցության թեման դարձած շրջիկ արագաչափերի գործարկման վրա՝ նշելով, որ սարքերը գործի դնելով եւ մարդկանց առանց նախազգուշացման հետեւելով՝ խախտվում են մարդու իրավունքները: Նրա խոսքով՝ գաղտնի կարելի է հետեւել միայն քրեորեն ծանր հանցագործություններ բացահայտելու դեպքում:

Իրավաբանները նաեւ տեղեկացրեցին, որ իրենց կազմակերպություն դիմած ավտովարորդները իրավաբանական օգնություն կստանան անվճար, սակայն բոլոր գործերը վերցնել չեն կարող, կընտրեն միայն խնդրահարույցներն ու թիրախայինները, որոնք նաեւ կօգնեն նրանց՝ դաշտի խնդիրները վեր հանելուն եւ կարգավորելուն:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031