Չնայած գյուղատնտեսության նախարարության միջոցառումներին, գյուղացիների խաղողի այգիներում շարունակում է տարածվել ֆիլոքսերա վարակը: Այս վարակի առկայության դեպքում խաղողի այգին հիմքից արմատախիլ է արվում, եւ մի քանի տարի նույն ցանքատարածությունում չի կարելի ասենք` կարտոֆիլ, լոլիկ կամ սմբուկ տնկել: Մասնագետների խոսքերով, գյուղացին միայն կարող է սոխ, սխտոր տնկել:
Այսօր գյուղատնտեսության նախարարությունում հարցին, թե հնարավո՞ր է, որ վարակի պատճառով գյուղացիները կորցնեն խաղողի այգիները, փոխնախարար Սամվել Գալստյանն ասաց, որ վարակը կառավարելի է եւ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ֆիլոքսերայի տարածման աշխարհագրությունը կրճատելու համար. «Միայն տարածքները փակելով չի, վարակը տարածվում է օդով, ջրով տեխնիկայի միջոցով»:
Սամվել Գալստյանի խոսքի մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե արտահանման ծավալների նվազումը ինչպե՞ս կանդրադառնա մթերումների վրա, գյուղացիները նախորդ տարիների նման այս տարի՞ էլ կունենան մթերման խնդիրներ, պարոն Գալստյանն ասաց, որ գյուղատնտեսական ապրանքների ծավալները ոչ միայն չեն կրճատվել, մի բան էլ ավելացել են: Եվ ընդհանուր արտահանման մեջ գյուղատնտեսական ապրանքների ծավալները չեն կրճատվել:
Սամվել Գալստյանն ասաց, որ թեեւ այս տարի պտուղ-բանջարեղենի համար նպաստավոր տարի է, բայց կարկուտը չի շրջանցել 52 համայնք: Կարկուտի հետեւանքով տուժել է 5700 հեկտար տարածություն: Ըստ փոխնախարարի, տարեկան 180-220 համայնք բնակլիմայական տարբեր պատճառներից տուժում են:
Պարոն Գալստյանի տվյալներով, այս տարի 86 տոննան ծիրան է արտահանվել:
Փոխնախարարը նաեւ ասաց, որ գյուղատնտեսությունը կարիք ունի առաջավոր տեխնոլոգիաների ներդրման, արտադրվող մթերքների ինքնարժեքի իջեցման:
Հարցին, թե կառավարությունը ծրագիր ունի՞ ցորենի արտադրությունն ավելացնելու, որպեսզի մեծ քանակությամբ չներկրենք, Սամվել Գալստյանն ասաց, որ 2010 թվականին 73 հազար հեկտար ցորեն են ստացել, սակայն այս տարվա բերքը 100 հազար հեկտարից ավելի է: Փոխնախարարը նաեւ ասաց, որ ցորենի բերքով մեր երկիրը 50 տոկոսով ինքնաբավ է, մինչդեռ այդ թիվը պետք է հասցնել 65 տոկոսի:
Մեր երկրում ցորենի անհրաժեշտ օրական պահանջարկը 1000 տոննա է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ