«Հանքավայրի շահագործումը չի նշանակում վերջ, այլեւս որեւէ բան հնարավոր չէ անել»,- հուլիսի 15-ին «Էկոլուր» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Էկոիրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքերով՝ եթե իրենք չունեն բավարար ռեսուրս Թեղուտի շահագործումը դադարեցնելու համար, ապա իրենք պետք է անեն մասնագիտական ներքին աշխատանքները, ապացուցեն, որ այն անօրինական է, աննպատակահարմար է սոցիալական, տնտեսական առումներով. «Եվ երբ որ քաղաքական իրավիճակ փոխվի, երկրում մենք ունենանք բավարար չափով բազա, մարդկանց առաջ դնելու այդ հարցը եւ լուծելու այդ խնդիրը: Այնպես որ, եթե հանքավայրը գործնականում շահագործվում է, փաստ չէ, որ պետք է որեւէ այլ գործողություններ չկատարվեն»:
Արթուր Գրիգորյանը ներկայացրեց «Environmental resources management» կազմակերպության Թեղուտի նախագծի վերագնահատումը, որը պատվիրել է Թեղուտը շահագործող ընկերությունը. «Մենք շատ հետաքրքիր ապրումներ ունեցանք, երբ տեսանք, որ այնտեղ նշված է՝ այս պահի դրությամբ հանքավայրը շահագործվում է նոր՝ 2010 թվականին մշակված նախագծով, որը չի անցել օրենքով սահմանված թույլտվությունների ստացման գործընթացը: Այս փաստաթուղթը հրապարակելու ենք»:
Ըստ նրա՝ Թեղուտի գործընթացի առանձնահատկությունը այն է, որ գործընթացը քաղաքական է. «Ցանկացած հարց, որը չի լուծվում մասնագիտական կամ իրավական ճանապարհով, քաղաքականացվում է: Եթե դու ասում ես՝ այստեղ կա անօրինականություն, բերում ես հիմքեր, նշանակում է՝ կա կոռուպցիայի տարր, կա հովանավորչություն: Բազմիցս է ասվել՝ անձամբ Սերժ Սարգսյանն է հովանավորում այս նախագիծը: Առաջիկայում Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման խնդիրը՝ որպես քաղաքական խնդիր, անընդհատ ներկայացվելու է ցանկացած գործընթացի ընթացքում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հ. Գ. Ավելի վաղ «Save Teghut» նախաձեռնությունը տարածել էր հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.
2008թ․ և 2013 թ․ նկարահանված արբանյակային պատկերների և Թեղուտ ՓԲԸ կայքում տեղադրված ու կառավարության կողմից հաստատված աշխատանքային նախագծի տոպոգրաֆիական քարտեզի համեմատության արդյունքում կատարվել են հետևյալ հիմնական բացահայտումները․
Լեռնահատկացման ակտով (N ԼՎԱ֊376ա) հանքի արդյունահանման տեղամասը կազմում է 103 հա, իսկ հաստատված աշխատանքային նախագծով՝ շուրջ 200 հա։ Թույլտվությունը տալիս՝ կառավարությունը չի ստուգել ընկերության ներկայացրած տվյալները կամ միտումնավոր կերպով փոքրացրել է արդյունահանման տեղամասի տարածքը։
Թեղուտ ՓԲԸ֊ին Բնապահպանության նախարարությունը տվել է դրական եզրակացություն միայն առաջին 8 տարվա համար։ Այդ 8 տարիները, որոնք աշխատանքային նախագծով համարվում են հանքի շահագործման նախնական և նախապատրաստական փուլ (1֊ին փուլ) լրացել են 2014 թ․։ Բացի այդ, 2013թ․ դրությամբ արդյունահանման տեղամասում կատարված լեռնահանքային աշխատանքները դուրս են գալիս աշխատանքային նախագծով նախնական փուլի համար նախատեսված տարածքի շրջանակներից և ներառում են երկրորդ փուլի համար նախատեսված տարածքները։ Սա նշանակում է, որ անտառահատումները կատարվել են ոչ թե փուլ առ փուլ՝ լեռնահանքային աշխատանքներին զուգահեռ, այլ միանգամից։ Բացի այդ, օրինակ՝ 1-ին փուլի համար նախատեսված լցակույտերից մեկի համար նախատեսված տարածքում կատարվել է հավելյալ 40հա անտառների հատում։ Անտառահատումները դուրս են եկել աշխատանքային նախագծով հաստատված տարածքի սահմաններից։
Թեղուտ ՓԲԸ֊-ին N ԼՎԱ֊376ա լեռնահատկացման ակտով տրված տարածքում (1544 հա) 2001֊ից մինչև 2013 թվականները անտառածածկը կրճատվել է 255 հա֊ով։ Աշխատանքային նախագծով նախատեսվում է կտրել ևս 275հա անտառ։ Կրճատված և կրճատվելիք անտառածածկույթի ընդհանուր մակերեսը կազմում է 530հա։ Բնապահպանության նախարարության դրական եզրակացությամբ թույլ է տրվել միայն 357հա անտառի հատում։ Փաստորեն, միայն 8 տարվա համար տրված դրական եզրակացությունը նշանակում է, որ հետագա յուրաքանչյուր փուլի համար ընկերությունը կարող է ներկայացնել նոր անտառահատումների պլան, ինչը նշանակում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կատարվել է ոչ ամբողջական և կեղծիքներով։
Աշխատանքային նախագծով նախատեսված ճանապարհային և հանքաքարի մշակման ենթակառուցվածքների տեղադիրքերը, չափսերը և այլ պարամետրեր չեն համապատասխանում 2013թ․ փաստացի իրադրությանը։