ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ին հավանության արժանացրեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության հաստատումից հետո, սահմանված կարգով, օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով:
«Մեդիա կենտրոնում» «Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումն օրենքով կարգելվի. ի՞նչ ազդեցություն կունենա օրենքի կիրառումը» թեմայով քննարկմանն անդրադարձ եղավ, թե ինչ մեխանիզմներ ու ինչպես են գործելու օրենքի դրույթների կատարման համար:
ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը շեշտեց. «Դրույթներից առաջինն այն է, որ մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կինը կարող է իր ցանկությամբ ընդհատել իր հղիությունը: Այս օրենքի նախագծով արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, որը մինչ օրս բացակայում է ՀՀ օրենսդրության մեջ: Նախագծով պահանջվում է, որ կինը գրավոր դիմում ներկայացնի հղիության ընդհատման վերաբերյալ: Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումն անկախ ժամկետից չի կատարվի. օրենքը կարգելի դա: Մեր մանկաբարձ գինեկոլոգները բոլորը չեն, որ ունեն օրինազանց մարդու վարքագիծ, ուստի կհարգեն օրենքի պահանջները և կարծում եմ` կաշխատեն օրենքի սահմաններում»:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը մտահոգություն հայտնեց. «ՀՀ-ում 1993-ից հետո 50.000 ավելի տղա երեխա կա ծնված, քան աղջիկ: Այդ անհամամասնությունը ամուսնական շուկայում դեռ չենք տեսնում, բայց մի քանի տարի հետո այն տեսանելի կլինի»:
Կարդացեք նաև
Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը օրենքի դրույթների իրականացման մասին ասաց,. «Այստեղ կա մտածելակերպի խնդիր. ինչո՞ւ են բոլորն այդքան ջանք գործադրում տղա ունենալու համար և կարող են բազմաթիվ աղջիկներից ազատվել՝ մեկ տղա ունենալու համար: Ուղղակի պետք է մի փոքր ավելի բազմակողմանի ծրագրեր նախաձեռնել՝ կապված կրթության հետ: Լուրջ խնդիր է այն, որ ՀՀ-ում կա տղա երեխայի գերակայության հարց»:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը, մատնանշելով միջազգային փորձը՝ ասաց. «Այն ցույց է տալիս, որ խիստ սահմանափակումների դեպքում ընդհատումների թիվը չի պակասում` պակասում է միայն անվտանգ ընդհատումների թիվը»:
Գայանե Ավագյանը լավատես է այն առումով, որ վերջին տասը տարում ՀՀ-ում մայրական մահացություն չի գրանցվել հղիության արհեստական ընդհատումից, իսկ վիճակագրության համաձայն` 1990-ի համեմատ 3-4 անգամ նվազել է հղիության արհեստական ընդհատումների հաճախականությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի