Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ բանավեճ`«Ոչ թալանին» ու «100-ամյակն առանց ռեժիմի» անդամների միջեւ

Հուլիս 15,2015 14:35

«Դեպի Եվրասիական Միություն» ժողովրդական շարժման համակարգող Արմենուհի Ղազարյանն անձամբ լսել է ու գիտե, որ Բաղրամյան պողոտայի շարժման ժամանակ «սողոսկեցին իշխանությունների դրածոներ»: Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում կազմակերպված «Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում՝ առանձնահատկությունները, նպատակները, արդյունքները», թեմայով քննարկման ժամանակ ասաց նա: Թե ովքե՞ր էին այդ մարդիկ, նա հրաժարվեց ասել. «Ժամանակը կգա`կասեմ»: Արմենուհի Ղազարյանը «Ոչ թալանին» նախաձեռնության համակիրն է:

«Դեմ եմ» նախաձեռնության համակարգող Տիգրան Մարտիրոսյանը հայտարարեց, որ քաղաքացիական նախաձեռնությունների ուսերին չպետք է իշխանափոխության բեռը դնել: Նրանք չունեն այդ ուժն ու ներուժը: Կուսակցությունները պիտի կազմակերպվեն եւ այդ հարցերը բարձրացնեն:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը խոսելով շարժումների քաղաքական ու քաղաքացիականի մասին, ասաց. «Կոնկրետ մեր բարձրացրած հարցը մինչեւ ՌԴ վարչապետ արձագանք ստացավ. հիմա ամեն մարդ իր համար թող որոշի`սա քաղաքակա՞ն է, թե՞ քաղաքացիական»: Ապա քար նետեց կուսակցությունների բոստանը. «Տիգրան Սարգսյանի համար եռյակ-քառյակ ստեղծվեց: Ինչո՞ւ հոսանքի թանկացման հարցում էլ քառյակ չստեղծեցին: Մենք էլ փողոցը թեժ կպահեինք»: Նա վրդովվեց, որ իրենք աջակցություն են ստանում միայն կուսակցությունների երիտթեւերից:

Լրագրողների դիտարկմանը, որ քաղաքական ուժերին դուք էիք վանում, բանախոսն արձագանքեց. «Մենք չենք ասել, որ բարձրախոսը խլեն ու կանգնեն հարթակում խոսեն: Թող գային որպես հասարակ քաղաքացի: Թող կուսակցություններով հայտարարություն տարածեին ու գային մտնեին ժողովրդի միջեւ: Անհատների մասնակցության մասին չէ խոսքը, այլ բոլորով մի ճակատով հանդես գալը»:

aktivistner-4

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Սոֆյա Հովսեփյանը հավելեց, որ նախապես հանդիպել էին կուսակցությունների ներկայացուցիչների հետ, պայմանավորվել. «Մեր նպատակը չի փոխվել, ի՞նչը փոխվեց»:

Միջամտեց «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության  անդամ Վարդան Հակոբյանը`ասելով, որ ինքը Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի ակտիվ մասնակիցն ու աջակիցն է եղել ու հայտնեց, ամսի 19-ին, երիտասարդները հայտարարել էին, որ եթե եռօրյա ժամկետում հոսանքը չթանկացնելու իրենց պահանջները չիրականացվեն, ապա պահանջելու են Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հրաժարականը. «Հետո, պլանկան իջացնել, ինչ-որ ոստիկանի հրաժարական պահանջել…»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հստակեցրին, որ իրենք ասել են` պահանջելու են հրաժարականներ, եթե Սերժ Սարգսյանն ասի`«ես թքած ունեմ ձեր պահանջի վրա»: Հակառակ դեպքում, իրենք ասել են, որ գնալու են Բաղրամյանից պահանջեն իրենց հարցերի պատասխանները:

«Հոսանքը չի էժանացել»,- նկատեց լրագրողներից մեկը: «Պայքարն էլ չի վերջացել»,- հավելեց Սոֆյա Հովսեփյանը:

Նա դժգոհեց հանրության պասիվությունից ու դիմեց այն մարդկանց, ովքեր կոչ են անում քաղաքական պահանջներ դնել. «Կանգնեք այդ ամենի կողքին, մարդկանց միջից անտարբերությունը վերացնենք, ու որ ռեժիմ վերացնենք, մարդիկ անտարբեր չլինեն: Մի ռեժիմից ազատվենք, մյուսի՞ն բերենք: Մենք անընդհատ քննադատվում ենք: Այո, գուցե, սխալ ենք անում: Բայց անում ենք այն`ինչ կարողանում ենք: Մենք քաղաքական նպատակ ու շահ չունենք, մեր շահը երկիրը մաքրելն է»:

«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ մարդկանցից անընդմեջ ակտիվություն չպետք է ակնկալել եւ «Ոչ թալանինի» կողքին մարդիկ կանգնեցին, քանի որ իշխանության փոփոխության ակնկալիք ունեին. «Եթե չեք կարող, այդ ակնկալիքը իրացնել, փոխանցեք հաջորդ հարթակին, որը կարող է»:

Հետագա արձագանքներից պարզ դարձավ, որ միավորման եւ համատեղ գործելու մասին հնչած կարծիքները դեռ կարծիք էլ կմնան: Ամեն դեպքում, թե ի՞նչ է լինելու օգոստոսի 1-ից, երբ պարզվի, որ, այնուհանդերձ, թանկացած գնով պիտի ՀՀ քաղաքացիները վճարեն հոսանքի համար, դեռ հստակ չէ: Երիտասարդները մտածում են, որ «կազմակերպված պիտի փողոցը պահենք՝նոր փուլ ենք մտնում»: Մեկն էլ հավելեց, որ որոշում էլ չկա, որ թանկացած գնով պիտի վճարենք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031