Այսօր վաղ առավոտից հայաստանյան բուհերի բակերում եռուզեռ է: Հրապարակվել են Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի 2015թ. ընդունելության ցուցակները: Անցողիկ միավորներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Նկատելի է, որ անցողիկի շեմը տարեցտարի իջնում է: Օրինակ` Բժշկական համալսարանում Ստոմատոլոգիա մասնագիտությամբ անցողիկ միավորը 19.25 է, բուժական գործ մասնագիտությամբ` 17.50-ը: Մանկավարժական համալսարանում անցողիկ է անգամ 15 միավորը` հայոց լեզու և գրականություն մասնագիտության համար, ԵՊՀ-ում երկրաբանություն մասնագիտության համար անցողիկ է նույնիսկ 15.75 միավորը:
Տարիներ շարունակ վարկանիշային համարվող և բարձր մրցույթով աչքի ընկնող մասնագիտությունների պարագայում ևս մրցութային միավորի անկում է գրանցվել: Օրինակ` քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտությունների համար անցողիկ է 43.25-ը և 47.75-ը, տնտեսագիտության ֆակուլտետում օրինակ` տնտեսագիտության տեսություն մասնագիտության համար անցողիկ է 28 միավորը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, օրինակ` Կիբեռնետիկայի ֆակուլտետում անցողիկ է 15.25 միավորը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարզախույզը տարբեր բուհերում ցույց տվեց, որ դիտորդների մեծամասնությունն ընդունվել է: Բուհերի բակերում հաճախ կարելի էր լսել «ուռա, արդեն ուսանող եմ» բացականչությունը: Սակայն բարձր միավորներով ընդունվող երեխաները մեծամասնություն չէին կազմում: Նրանցից մեկը`Արամուսից Զորիկ Սարգսյանն է: Նա քիմիա առարկայից ստացել է 20, իսկ ֆիզիկայից 19.75 միավոր և անվճար ընդունվել Բժշկական համալսարանի Բուժական գործ բաժինը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում ևս եռուզեռ էր: Այստեղ էլ հիմնականում դիմորդներն ընդունվել էին, քանի որ անցողիկ շեմերը բավականին ցածր են:
Ճամբարակից Մարինե Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր որդին ընդունվել է, բայց վճարովի համակարգով: Ըստ նրա` ուսանողների տեսանկյունից դրական է այն, որ բոլոր դրական միավոր ստացած դիմորդներն ընդունվում են, սակայն կրթության որակի տեսանկյունից մտահոգությունների տեղիք է տալիս: Նա մանրամասնեց. «Տղայիս դասարանում 9 աշակերտից 8-ը ընդունվել է բուհ` բոլորն էլ Երևանում: Սակայն անիմաստ եմ համարում 12-ամյա կրթությունը, քանի որ 18 տարեկան երիտասարդը սովորի դպրոցում նշանակում է ժամանակ վատնել, մանավանդ այս ձանձրալի ծրագրերով»:
Մեր այցելության պահին ԵՊՀ բակում դիմորդներից մեկը հուզմունքից ու շոգից ուշագնաց եղավ, երբ լարված ուսումնասիրում էր ցուցակները: Հավաքվածները շտապեցին նրան առաջին օգնություն ցույց տալ, որից հետո դիմորդը կարողացավ ուշքի գալ: ԵՊՀ-ում էլ հիմնականում բոլոր դիմորդները ընդունվել էին, միայն մի կին չէր կարողանում գտնել իր որդու անունը, ուստի մի տատիկ զարմանքով արձագանքեց. «Յա, էդպես էլ է՞ լինում, որ չընդունվեն»:
Մանկավարժական համալսարանի մուտքի մոտ ևա դիմորդների ու նրանց ծնողների կուտակումներ կային: Արմավիրի մարզից ծնող Տաթև Հովակիմյանը նշեց. «Դիմել էինք տարրական կրթության բաժին, բաց ընդունվել ենք նախադպրոցականը: Բայց էլի գոհ ենք: Այնպես չէ, որ բոլոր դրական միավոր ստացողներն ընդունվել են: Օրինակ` իմ աղջկա ընկերուհին ստացել է 7.75 միավոր, բայց դուրս է մնացել: Իմ կարծիքով` այս տարի ավելի բարձր են միավորները»:
Տաթև Հովակիմյանից հետաքրքրվեցինք` որքա՞ն է արժեցել իր դստեր` բուհ ընդունվելը, մասնավորապես որքան գումար է վճարել կրկնուսույցներին, նա պատասխանեց. «Ծախսել եմ մոտ 400 հազար դրամ, բայց աղջիկս պարապել է մեկուկես տարի: Արմավիրում էլ, ինչպես բոլոր մարզերում, երեխաները հիմնականում ձգտում են ընդունվել երևանյան բուհեր: Բնականաբար, ով հնարավորություն ունի, ձգտում է իր երեխային ուսման տալ մայրաքաղաքում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
39.25-երին ինչի չեք անվճար գցել բուժֆակում,բոլոր տեղերը առած են եղել դրա համար,չեք էլ ամաչում;