Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Մուրազի. Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում մտածողություն են փոխել

Հուլիս 15,2015 13:32

«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը`մեր երկրում, մեր հասարակության պայմաններում հնարավոր չի համարում ունենալ քաղաքացիական նախաձեռնություններ: Այդ մասին այսօր «Նոյան տապան» մամուլի ակումբում նա բարձրաձայնեց իր կարծիքը` «Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում՝ առանձնահատկությունները, նպատակները, արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ: «Բռնապետության պայմաններում նման բան հնարավոր չէ»,- ասաց նա:

Քաղաքացիական շարժումներ Հայաստանում, ըստ բանախոսի, առաջանում են, քանի որ քաղաքական վակում է, ակտիվ քաղաքացիներն էլ եղած հնարավորությունների սահմաններում, փորձում են ինչ-որ արդյունքների հասնել: «Մինչեւ Մաշտոցի պուրակ, երբ ավելի փոքր հարցեր էին, արդյունքներ եղան: Հետագայում, տեսանք, որ քաղաքացիական շարժումները գնում են դեպի մարում»,- ասաց նա: Ածանցյալ արդյունքները`երիտասարդության զարթոնքը, հանրության ըմբոստությունը եւ այլն, բանախոսը չի թերագնահատում, բայց, իր համոզմամբ, Հայաստանում բոլոր հարցերը քաղաքական հարթությունում են լուծվում, ուստի ամեն ինչ հանգում է քաղաքականի. «Իսկ քաղաքացիական շարժումները ռեժիմն օգտագործում է տվյալ խմբին «պատին դեմ» տալու: Որպես նախերգանք, քաղաքացիական շարժումները կարեւոր են, բայց պիտի դրանք կարողանան հարթակներ ձեւավորեն`քաղաքական հարցերի լուծման համար»:

«Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպության համակարգող Բորիս Մուրազին կարծում է, որ վերջին տարիներին քաղաքացիական շարժումները բավական հաջողություն են արձանագրել`քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացման առումով: Նա կարծում է, որ հասարակական նախաձեռնությունները մարդկանց մոտ մտածողություն են փոխել. «Մասնավորաբար, այն, որ վերջին շրջանում եզդիական համայնքի երիտասարդ ներկայացուցիչները տարբեր նախաձեռնությունների են մասնակցում, նշանակում է, որ նրանք Հայաստանը դիտարկում են իրենց երկիր»: Բանախոսը կարծում է, որ ի սկզբանե քաղաքական են քաղաքացիական նախաձեռնությունները, քանի որ դրանք քաղաքականության վրա ազդելու միջոց են:

aktivistner-2

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող Արմեն Եփրեմյանն էլ գտնում է, որ քաղաքացիական շարժումների արդյունքում է, որ մեր ժողովուրդը բնակիչներից քաղաքացիների են վերածվում: Նա կարեւորում է համագործակցությունը քաղաքացիական նախաձեռնությունների միջեւ ու գտնում է, որ եթե տարբեր նախաձեռնություններ համագործակցված աշխատեն, ավելի լուրջ արդյունքներ կլինեն: «Կարմիր գիծը», քաղաքացիական ու քաղաքական շարժումների միջեւ նա չի տեսնում:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող Արսեն Պետրոսյանը քաղաքացիական նախաձեռնությունների ձեւավորումը համարում է ժամանակի թելադրանք, քանզի «քաղաքական դեմքերը կորցրեցին իրենց դեմքը»: Երկրում առաջընթացը նա հնարավոր է տեսնում քաղաքացիական նախաձեռնությունների միավորմամբ`անձնական, անհատական ամբիցիաները մի կողմ թողնելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031