Ադրբեջանի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչ, իրավապաշտպան Էլչին Բեհբուդովն, ինչպես խոստացել էր, Լեռնային Ղարաբաղում ազատազրկման մեջ գտնվող դիվերսանտներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի ազատ արձակման հարցով դիմել է միջազգային կազմակերպություններին:
«Azernews»-ի փոխանցմամբ՝ Բեհբուդովը նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին եւ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությանը:
Նա գրել է, թե Լեռնային Ղարաբաղի Շուշիի բանտում վերոնշյալ անձանց նկատմամբ խոշտանգումներ են իրականացվում: Էլչին Բեհբուդովը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միջամտել Գուլիեւի եւ Ասկերովի ազատ արձակման համար եւ գործին մանրակրկիտ իրավական գնահատական տալ:
Հիշեցնենք, որ դիվերսանտների պահման պայմանների վերաբերյալ Aravot.am-ի հարցին ի պատասխան ԼՂՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Սարգսյանն ասել էր. «Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի պահման պայմանները համապատասխանում են միջազգային ստանդարտներին»:
Կարդացեք նաև
Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ԼՂՀ զինված ուժերի նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանի եւ ժամկետային զինծառայող Անդրանիկ Գրիգորյան պահման պայմաններին եւ ասել, որ իր երկրի կառավարությունը միշտ մարդասիրական վերաբերմունք է դրսեւորել նրանց նկատմամբ:
Ադրբեջանի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչը կոչ է արել միջազգային կազմակերպություններին ջանքեր չխնայել ադրբեջանցի դիվերսանտների ազատ արձակման համար:
Նա նաեւ ավելացրել է, որ այս գործով Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության հետ բանակցությունները ներկայումս շարունակվում են:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ